Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ երկրների հարյուրավոր բնակիչներ փոստով կասկածելի սերմերով փաթեթներ են ստացել, որոնք ուղարկվել են Չինաստանից

81

ԱՄՆ-ի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ երկրների հարյուրավոր բնակիչներ փոստով կասկածելի սերմերով փաթեթներ են ստացել, որոնք ուղարկվել են Չինաստանից:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, մարդիկ ոչ մեծ թափանցիկ փաթեթներ են ստացել, որոնցում սպիտակ և սև սերմեր են եղել: Նոր Զելանդիա ուղարկված ծանրոցներից մեկի վրա նշված է եղել, որ պարունակությունը խաղալիք է, որն ուղարկվել է Զամբիայից: Աղբյուրը ենթադրում է, որ այդպիսով ուղարկողները փորձել են խուսափել մաքսատան հետ հնարավոր խնդիրներից: Փաթեթների վրա չինական փոստային ինդեքսներով թղթեր են փակցված եղել:

Հաղորդվում է, որ միայն Ֆլորիդայում նման ծանրոցներ են ստացել ավելի քան 600 բնակիչներ, ի դեպ ամերիկացիներից մեկը նման փաթեթ է ստացել մեկ շաբաթվա մեջ երեք անգամ:

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունից խորհուրդ են տվել չցանել այդ սերմերն ու ոչնչացնել դրանք: Թեև Տեխասի բնակչուհիներից մեկը հայտնել է, որ ցանել է իրեն ուղարկված սերմերը՝ մտածելով որ այն նվեր է, սակայն ոչինչ չի աճել:

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան համատեղ հետաքննություն են սկսել: Վարկած կա, որ սերմերը պատահական հասցեներով ուղարկում են չինական առցանց խանութների տերերը՝ իրենց վարկանիշը բարձրացնելու համար:

Չինաստանի իշխանություններն, իրենց հերթին, հայտարարել են, որ փոստային տվյալները կեղծված են և ԱՄՆ փոստային ծառայությանը խնդրել են իրենց փոխանցել ծանրոցները սեփական հետաքննություն վարելու համար:

Աղբյուրը` Թերթ էյ էմ