Իր դարաշրջանի ինտելեկտուալը. Էրազմ Մելիք-Քարամյան

90

ԿԻՆՈՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ

ԻՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼԸ…

Հայկական կինոյում կինոգործիչների երկու տեսակի «բախտակիցներ» կան՝ մեկը նրանք են , որոնց ֆիլմերը առավոտից երեկո կարող են կապույտ էկրաններում պտտացնել՝ ծրագրային սետկան լցնել , բայց իրենց մասին զրո խոսք, իսկ մյուսը՝ և իրենց են մոռացել և նկարահանած ֆիլմերը:
Վերջինիս թվին է պատկանում Էրազմ Մելիք-Քարամյանը :
Ի դեպ Մեծ հեղափոխությունից հետո պրոլետկուլտականները , իրենցից առաջ ստեղծված մշակույթից ոչինչ չէին ընդունում ՝ նույնիսկ Պուշկինին էին ժխտում : Կարծում եմ այս երեք տասնյակ է , ինչ ոմանք մեզանում , հետևողականորեն հենց ժխտողականության այդ գործով են զբաղված… Չհասկանալով, որ ժխտելով չէ , որ պիտի հաստատվես…Ինչևէ…
Կինոռեժիսոր Էրազմ Մելիք-Քարամյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ 1955-ին միութենական էկրան բարձրացավ նրա «Ուրվականները հեռանում են լեռներից» (համահեղինակ Ստ. Կևորկով) ֆիլմը , որը կինովարձույթի գրասենյակի տվյալներով, մեկ տարվա ընթացքում երկրի կինոթատրոններում դիտել է շուրջ հիսուն միլիոն հանդիսատես :
Այնուհետև մեկը մյուսին հաջորդեցին «Անձամբ ճանաչում եմ» (1957 թ.), «Ամպրոպի արահետով» (1958 թ.) , «Արտակարգ հանձնարարություն» ( 1965 թ.), «Պայթյուն կեսգիշերից հետո», (1969 թ.) ֆիլմերը, որոնք նույնպես Ստ. Կևորկովի հետ ստեղծագործական համագործակցության արդյունք էին : Համակրանքն ու հակակրանքը այս կինոնկարների հանդեպ պատմա-հեղափոխական ժանրի մեջ է… Դիցուք նրանցից երկուսը նվիրված է , այն ժամանակվա բնորոշումով ասած , լեգենդար Կամոյին , որը հրաշալի է կերպավորել ՀՀ և ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Գուրգեն Թոնունցը… Արտիստ ով մեկ անգամ չէ ,որ եղել Երևանում և մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք «Ֆիլմ» թերթում :
Կամոյին նվիրված կինոնկարները նկարահանված են բարձր պրոֆեսիալիզմով և որ ամենակարևորն է Հայկինոյի դետեկտիվ ժանրի լավագույն գործերն են..Ցանկալի է , որ այս ինքնամեկուսացման ընթացքում դիտեք և կհամոզվեք..

Կինոռեժիսոր Էրազմ Մելիք-Քարամյանը ծնվել է Փարիզում ՝ էմիգրանտ զինվորական բժշկի ընտանիքում : Իր գործունեությունը սկսել է ժուռնալիստիկայից , և որպես սպա մասնակցել է հայրենական Մեծ պատերազմին , թղթակցել զինվորական թերթերի :
Կինոռեժիսոր Գրիգորի Մելիք-Ավագյանը գործընկերոջը , մի առիթով բնութագրել է ,որպես դարաշրջանի ինտելեկտուլ անհատի : Փորձառու Մելիք- Քարամյանը միշտ իրեն համարում էր Հայկինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի կրտսեր ընկերն ու բարեկամը:Եվ պատահական չէր, որ նրանք երկուսով 1959 թվականին Դուշամբեում նկարահանեցին տաջիկական «Նասրեդինը Խոջենթում» առաջին խաղարկային ֆիլմը :
Հայկական կինոյում Էրազմ Մելիք-Քարամյանը եղել է երիտասարդ տաղանդավոր ռեժիսորների կնքահայրը : Նաև նրա անմիջական ջանքերի շնորհիվ է , որ «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղվեց «Բումերանգ» երգիծական հանդեսը , ուր հատկապես երիտասարդ ռեժիսորների համար ստեղծագործական լայն հեռանկարներ բացվեցին… …


Ամեն անգամ Էրազմ Մելիք Քարամյանին հանդիպելիս նա մի առանձին սիրով ու դառնությամբ էր հիշում իր կյանքի այն շրջանը , երբ զբաղվել էր ժուռնալիստիկայով Իսկ ինձ / թույլ տվեք անհամեստություն անել / անվանում էր երիտասարդ համարձակ խմբագիր: Այդ կոչմանը ես արժանացել էի նրա «Ով էր վերջակետ դնողը» հոդվածի տպագրության համար («ՖԻԼՄ», թիվ 24, 1978 թ. ), որում պատմվում էր այն մասին , թե ինչպես Համո Բեկնազարյանը և ինքը Միջին Ասիայում նկարահանումների ժամանակ, ուզբեկ հայտնի կինոռեժիսոր Քամիլ Յարմատովի նախաձեռնությամբ հյուրընկալվել էին այն հայի տանը, որի վերջին կրակոցից էլ եղերագործ Էնվեր փաշան հայտնվել էր դժոխքում :
Այդ նյութի տպագրումը ժամանակին բավականին մեծ արձագանք առաջացրեց :
Ավելին նա խնդրեց , որ բնագիրը հանձնեմ ռուսական, «Կոմունիստ» թերթին: Այդպես էլ վարվեցի: Չանցավ մի քանի օր, այնտեղից պատասխանեցին, որ հոդվածը խմբագիրը մերժել է: Այդ մասին ես նրան ոչինչ չասացի: Սակայն մի որոշ ժամանակ անց, նյութը կրկին տպագրեցի , այս անգամ արդեն «ՖԻԼՄ»-ի ռուսական էջում: Ժամանակի բոլոր քուրաներով անցած կինոռեժիսորն ուղղակի հիացել էր ու անակնկալի եկել : Սա շեշտում եմ հատկապես նրա համար , որովհետև տասնամյակների խմբագրական գործունեությանս տրված, ինձ համար` «Երիտասարդ համարձակ խմբագիրը» ամենաբարձր գնահատականն եմ համարում :

Նյութը` Ռոբերտ Մաթոսյանի

Առաջին պլանում ՝ Համո Բեկնազարյանն է ,իսկ կինոխցիկի մոտ՝ Էրազմ Մելիք Քարամյանը նկարահանումների ժամանակ( Սամարղանդ) :
«Անձամբ ճանաչում եմ» ( դերակատարներ ՝ Վաղարշ Վաղարշյան , Գուրգեն Թոնունց) :
«Արտակարգ հանձնարարություն» ( Կարեն Ջանիբեկյան , Գուրգեն Թոնունց) :
Արտակարգ հանձնարարություն» ( Գուրգեն Թոնունց և անարխիստների դերակատարները ):
Լուսանկարները՝ «Անկրկնելի կինոճանապարհ» գրքից, հեղ. Ռոբերտ Մաթոսյան: