Գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի մահվան 20-րդ տարելիցը

89

ԱՆԱՏՈԼԻ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԶԻՆԵւԻՉ
Ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 20-ին, , Ուկրաինայի Խմելնիցկ քաղաքում։

1953 թվականին ընդունվել է Պրոսկուրովյան տանկային ուսումնարան, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։

Ավարտել է ԽՍՀՄ զինված ուժերի ղեկավար կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։

1975-1976 թթ. իբրև ռազմական խորհրդատու ծառայել է Սոմալիում և Եթովպիայում։
Հինգ տարի կռվել է Աֆղանստանում, 1983-1986 թթ. Աֆղանստանում տեղակայված խորհրդային 40-րդ բանակի օպերատիվ բաժնի պետն էր։

1992 թ.-ի հունիսից մինչև 1997 թ.-ի մայիս գեներալ Զինևիչը ծառայում էր Լեռնային Ղարաբաղում (այժմ՝ Արցախի հանրապետություն), նախ որպես պաշտպանության նախարարի խորհրդական, շտաբի պետի տեղակալ, իսկ 1994 թ.-իցՙ ԼՂՀ պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ։

Ղարաբաղում գեներալին բոլորը սիրով «Դեդ» էին ասում: Երբ հարցնում էին, թե ինչո՞ւ եկավ երեք օրով եւ մնաց տարիներ, նա կարճ պատասխանում էր. «Դուք չեք տեսել 1992-ի ամռանը այդ մարդկանց աչքերը, փախստականների դեմքերը: Ոչ մի խուճապ չկար, միայն հուսահատություն… Ինչ-որ բան կոտրվեց հոգուս մեջ, չկարողացա ղարաբաղցիներին մենակ թողնել, մնացի»: Մնաց Ղարաբաղում հինգ տարիՙ վայելելով հրամանատարների, հազարավոր զինվորների, հասարակ մարդկանց հարգանքն ու սերը: Որքան պրոֆեսիոնալ էր ռազմական գործում, նույնքան ձգտում էր նոր գիտելիքներ ձեռք բերել եւ ամենակարեւորըՙ իմացածը փոխանցել ուրիշներին: Եվ Վազգեն Սարգսյանը, եւ Սերժ Սարգսյանը գեներալ Զինեւիչին իրենց ուսուցիչն են համարել: Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել էր. «Գեներալ Զինեւիչը Հայաստանին ամենահավատարիմ հայն է: Դա իրոք, այդպես է: Նա իմ, Սերժի, Սամվելի ուսուցիչն է: Զինեւիչը ամենածանր ժամանակներում չլքեց Ղարաբաղը, այնպես որ մենքՙ հայերս, շատ բանում պարտական ենք այդ մարդուն: 1992-ի հունիսին ես խնդրեցի Անատոլի Վլադիմիրովիչին երեք օրով գալ Հայաստան, տեսնել, թե մեր տղաները ինչպես են կռվում: Նա ահա քանի տարի Ղարաբաղում է: Քանի՞ հայ սպայի եմ ուղարկել Ղարաբաղ: Նրանցից շատերը երեք օրից ավելի այնտեղ չմնացին…»:

1997 թ.-ին նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
1995 թ.-ին պարգևատրվել է առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Նաև՝ Կարմիր դրոշի շքանշան և «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան

Ծնունդով ուկրաինացի Զինևիչի համար Հայաստանը դարձավ երկրորդ հայրենիք, կյանքից հեռացավ 2000 թվականի օգոստոսի 1-ին Երևանում։

Հայ ազգի նվիրյալ Անատոլի Զինևիչի աճյունը հանգչում է Ռուսաստանում, Կովրով քաղաքում, թեև գեներալը սիրում էր ասել, որ Վազգենը Եռաբլուրում նրան մի լավ տեղ է հատկացրել։

Անատոլի Զինևիչի հիշատակին Ստեփանակերտի փողոցներից մեկը կրում է նրա անունը:

Աղբյուրը Ռազմական Արխիվ 1990-94թթ․