Թուրք-ադրբեջանական զորավարժությունների «ենթատեքստերը»

67

Հուլիսի 29-ին մեկնարկած  թուրք-ադրբեջանական զորավարժությունները կդիտարկվեին որպես հերթական միջոցառում, եթե չհաջորդեին  Տավուշում տեղի ունեցած ռազմական գործողություններին:  Թեև Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժությունները միշտ էլ ուղեկցել են Հայաստանին ուղղված սպառնալիքներով ու հոխորտանքով, և հայկական ԶՈւ-ը բոլոր զորավարժանքներն էլ դիտակետի տակ են պահել, բայցևայնպես մեր կողմի մտահոգություններն այս անգամ առավել քան երբևէ  լուրջ հիմքեր ունեն: Այդ մտահոգությունների մասին բարձրաձայնել է նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով. «Զուտ ռազմական տեսանկյունից այդ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների»։

Azgonline.am-ը   թուրք-ադրբեջանական զորավարժությունների «ակնկալիքների» և նպատակների  վերաբերյալ ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի մեկնաբանությունն ու վերլուծությունը:

Թուրք-ադրբեջանական համամասնությունն իրական վտանգներ է պարունակում

– Հաշվի առնելով այն, որ Թուրքիան ու Ադրբեջանն անընդհատ խոսում են  ռազմական գործողությունների վերսկսման մասին, թուրք-ադրբեջանական զորավարժությունների վտանգավորության աստիճանը բարձրանում է: Եվ որքան էլ պաշտոնապես հայտարարվի, որ դրանք զուտ մարտունակության ստուգմանը կամ զորքերի ներդաշնակեցմանն ուղղված  խոշոր միջոցառում են, բնական է, որ Հայաստանն ու Արցախը չեն կարող չանհանգստանալ,  չձեռնարկել  գործողություններ, որոնք մեզ կապահոգարեն  հնարավոր սադրանքներից ու ագրեսիայից: Դա է պատճառը, որ իրավիճակին համահունչ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում՝ ոչ միայն հակառակորդի շարժերը դիտարկման տիրույթում պահելու և վերլուծելու համար, այլև հակառակորդի սադրանքները կանխելու, դրանց  կոշտ կերպով արձագանքելու համար:

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ ազդակ

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու օր առաջ մեկնարկած զորավարժությունները հաջորդում են Տավուշում տեղի ունեցած ագրեսիային,   բնական է, որ և՛ տեղի, և՛ միջազգային հանրության արձագանքն էականորեն տարբերվում է նախորդ զորավարժություններին հաջորդած արձագանքից:  Բոլոր ժամանակներում էլ Ադրբեջանի զորավարժություններն ուղեկցվել են սադրանքներով, ինչը չի կարող մեզ համար ազդակ չլինել՝  մեր զորքերին համապատասխան հրահանգներ տալու համար:

Տավուշի դեպքերից  հետո Ադրբեջանում հանրային կրքերը թեժացել են,  և բնական  է՝  այդ երկրի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ դա հաջորդ հարվածի նախապատրաստական փուլն է: Ի դեմս Թուրքիայի՝ Ադրբեջանն ունի  դաշնակից, որը ևս նույն քարոզչական տեղեկատվության տրամաբանությանն է հետևում:  Տավուշյան իրադարձություններից հետո այս զորավարժությունները և՛ ներկայացման, և՛  զինատեսակների ընդլայնման առումով այլ կարգավիճակ են ստանալու:

Տավուշյան դեպքերը  խփեցին ադրբեջանական   ԶՈւ-ի «հեղինակությանը»

-Զորավարժությունները երկու օր առաջ են մեկնարկել,  և առայժմ կարելի է խոսել  որոշակի զինատեսակների մասին, որոնք ներկայացվել են այդ ընթացքում:  Ենթադրելի է, որ ՀՀ համապատասխան կառույցները շատ ավելի լայն  տեղեկատվության են տիրապետում, սակայն  նախնական կերպով էլ  կարելի է արձանագրել, որ բացի մարդկային ուժից, ներկայացված են   նաև հրետանային, հրթիռային , ՀՕՊ համակարգեր:

Զորավարժությունների անցկացումը, բնականաբար, ունի նաև քարոզչական բաղադրիչ: Տավուշյան դեպքերից  հետո Ադրբեջանն այսօր առավել քան երբևէ անհրաժեշտություն ունի  ոչ միայն զորավարժությունների. նախորդ շաբաթ տեղի ունեցած հայ-ադրբեջանական ամենափոքր միջադեպերն անգամ այդ երկիրը փորձում է  ներկայացնել իր պայմանական «հաղթանակների»  համատեքստում: Ենթադրելի է, որ զորավարժություններից հետո էլ Ադրբեջանը տարբեր առիթներ է  օգտագործելու, որպեսզի  ռազմական ներուժի հնարավորությունների ցուցադրումը հնարավորինս լայն ներկայացնի  լրատվական հարթակներում: Այս պարագայում Ադրբեջանին կարելի է հասկանալ, որովհետև կուտակած տեխնիկայի, սպառազինության և բանակի բրենդավորման նշաձողը,  տավուշյան իրադարձություններով պայմանավորված,  կոտրվել է:   Ադրբեջանում հիմա այդ առումով ավելի մեծ անելիքներ են տեսնում: