Գրիգորի Խաչատուրով՝ վերարժևորված գեներալ

143

Այսօր ՀՀ ԶՈՒ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է:

Գրիգորի Խաչատուրովը ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է: Նա  Երրորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել 2016-ի ամռանը, մինչ այդ զբաղեցրել է կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2019 թվականին ստացել է գեներալ-մայորի զինվորոկան  կոչում:

Անցյալ տարի Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել էին միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող  լեռան շրջակայքում, սակայն  հանդիպելով գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ գործող ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումների դիմադրությանը՝ ստիպված են եղել մնալ իրենց տարածքում:
 2019-ին նրա հրամանատարությամբ գործող կորպուսը դիրքային բարելավումներ է ունեցել։

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի հատվածում 140 հեկտար դիրքերի բարելավման գործողությունն իրականացվել է գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ։

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Տավուշում, թշնամու ռազմական գործողություններն ու առաջխաղացման փորձերը հաջողությամբ կանխվել են գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ: ՀՀ ԶՈւ հերթական հաղթանակը վերահաստատեց  սպայի  մարտավարական  հմտությունների նպատակային ու անվրեպ լինելը:

Տավուշ աշխարհում Գրիգորի Խաչատուրովը հարազատ ու սիրելի մարդ է, նրա տարեդարձը՝ քաջ հայորդուն երեխտագիտություն հայտնելու առիթ: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը ևս միացել է շնորհավորանքներին:

«Մեր հաղթանակած Երրորդ կորպուսի հաղթանակած հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է այսօր։

Տավուշի թեմի հոգևորականաց դասի և ողջ ժողովրդի անունից շնորհավորում ենք, սիրելի՛ հրամանատար։

Շնորհակալ ենք Ձեր ինքնանվեր ծառայության և մեզ ներշնչած այն վստահության համար, որ հակառակորդը միշտ ստիպված է լինելու ընդունել մեր պարտադրած խաղաղությունը։

Աղոթում ենք Ձեր և Ձեր ընտանիքի արևշատության, երջանկության և մխիթարության համար՝ մաղթելով Ձեզ խաղաղ, անփորձանք և անկորուստ ծառայություն՝ միշտ հայցելով Տիրոջ օրհնությունն ու զորակցությունը Ձեզ և Ձեր գլխավորությամբ մեր 3-րդ բանակային կորպուսին։

Աստված Ձեզ պահապան»,- շնորհավորել է Տավուշի թեմը։