«Միշտ զգացել եմ, որ պարտք եմ կյանքի ու իմ ժողովրդի պատմության դրամատիզմին»

176

                                                         Իսկական գրողները, հիրավի ժողովրդականները,    
                                            նրանք են, ովքեր իրենց ժողովրդի գոյության ներքին կապերը                                           ամրապնդելու  մտասևեռում ունեն, ովքեր մտահոգված են           
                  իրենց ժողովրդի ազգային և բարոյական նկարագրի անաղարտությամբ:
                            
                                                                                                                        Վահագն Դավթյան

            «Եթե ի ծնե բանաստեղծ ես և քո դարի զավակը, վերջնական հաշվում չես կարող նոր չլինել, իսկ հակառակի դեպքում միևնույնն է առերևույթ նոր ես, թե ավանդական»-ասում էր Վահագն Դավթյանը՝ բանաստեղծ, ում «ծննդավայրը մնացել էր սահմանից այն կողմ, և  որը աշխարհում կարող է ամենայն տեղ գնալ , բայց չի կարող գնալ հայրենի տուն»:         
            Բանաստեղծ, ում պոեզիան վառվում է հայրենի տան, ծննդավայրի կարոտով, ում մեջ ապրում է սերը հայրենի հողի նկատմամբ, հող, որը նրա համար «ոգի» էր ու «լեզու». «Հաճախ եմ խորհել. ի՞նչ կանեի, եթե չլիներ նաև այս փրկված հողը:    
 Գառնո ձորում ես մի քարափ գիտեմ, որի տակ գարնանը կապույտ մանուշակների հեղեղ է լինում:          
Ի՞նչ կանեի կյանքում, եթե չունենայի այդ ձորն ու քարափը»:
            Մայրնի լեզվի պաշտամունք, հայրենասիրական ոգի, հոգու և խղճի նարեկյան մաքրություն. սա է Վահագն Դավթյանի հավատամքը. «Եվ մեր գոյության, մեր հարատևության խորհուրդը ինձ պատկերվում է  չորս ամրակուռ հենասյուների վրա հանգչող գմբեթի տեսքով:     
            Սյուներից առաջինը մեր մեծասքանչ լեզուն է, որ դարերի խորքից դեպի մեզ է գալիս Մեսրոպ Մաշտոցի  սրբացած կերպարանքով:          
            Մյուսը՝  մեր պատմության ու հայրենասիրության ոգին է, որ Խորենացու կարպարանքով է երևում ինձ, քանի որ նա էր այդ ոգու հայտնաբերողն ու հաստատողը: Նա էր սահմանողը հայրենասիրական այն որակի, որը մեզ ուղեկցում է մինրև օրս:
            Սյուներից հաջորդը տառապանքով ինքն իրեն զտելու, ինքն իրենից բարձրանալու, ոգու և խղճի ամենաբարձր ոլորտներին առնչվելու այն հատկությունն է, որն իր հանճարով նվաճեց ու մեզ պարգևեց Նարեկա մեծ ճգնավորը:           
Աղարտվող, աղճատվող, այլասերվող ժողովուրդները չեն կարող երկար կյանք ունենալ:   
            Մեր ժողովրդի  զորավոր սյուներից մյուսը, իմ խորին համողմամբ, առողջ, լավատես, կենսահաստատ փիլիսոփայությունն է, որի կրողներից մեծագույնը Հովհաննես Թումանյանն է, լուսեղեն բանաստեղծն ու քաղաքացին: Նա իմ բանաստեղծական ու քաղաքացիական իդեալն է: Ես նրա յուաքանչյուր տողի հավատավորն եմ:  Եվ սա չի վերաբերում նրա միայն պոեզիային, այլև հոդվածներին, նամակներին, հրապարակախոսությանը: Ընթերցում ու վերընթերցում եմ դրանք և զարմանքով տեսնում, որ չկա մի միտք, մի դատողություն, մի գաղափար, որ այսօրվա լույսի տակ խունացած կամ սխալ դուրս եկած լինի…          
Ես իմ գրական բավականին երկար ճանապարհին խորապես համոզվել եմ, որ իսկական գրողները, հիրավի ժողովրդականները, նրանք են, ովքեր իրենց ժողովրդի գոյության ներքին կապերը ամրապնդելու  մտասևեռում ունեն, ովքեր մտահոգված են իրենց ժողովրդի ազգային և բարոյական նկարագրի անաղարտությամբ:  
            Մեր ժողովրդի դարավոր հենասյուները՝ մայրենի լեզվի պաշտամունքն ու պահպանումը, մեր պատմության հայրենասիրական ոգին, հոգու և խղճի նարեկյան մաքրությունը, առողջ կենսափիլիսոփայությունը օդի և ջրի նման պետք են մեզ այսօր, եթե ուզում ենք ապրել իբրև հայ ժողովուրդ, իբրև հայոց երկիր:   
            Ես իմ ամբողջ կյանքում մեր գոյության այդ խորհուրդների նվաստ պարտապանն եմ եղել ու եթե կարողանամ կյանքիս մնացած ժամանակամիջոցում այդ պարտքի մի չնչին մասն իսկ հատուցել, ապա պիտի արդարացված համարեմ իմ գոյությունը և խաղաղ  հեռանամ աշխարհից»:

                                                                                                                                            Լիլիթ Լալայան