Գազի գների բարձրացումը հարվածում է բոլոր սպառողներին

188

Ինչպես հայտնի է` հուլիսից գազի գինը իրավաբանական անձանց համար բարձրացել է։ Այսինքն գազի մեծածախ սպառողները վաճարելու են ավելի թանկ, քան` մասնավորները, ու թվում է թե դա հարցի լավ լուծում է, սակայն արդյոք դա այդպես է։

Հիշեցնենք, որ գազի գնի բարձրացման հայտը «Գազպրոմ-Արմենիան» ներկայացրել էր դեռ այս տարվա ապրիլին` առաջարկելով վերացնել գազի սուբսիդավորումը սոցիալապես անապահով խավերի համար, բարձրացնել գազի գինը մասնավոր սպառողների համար և որոշ չափով այն նվազեցնել մեծածախ սպառողների՝ իրավաբանական անձանց համար։

Այսինքն` մասնավոր հատվածում գազի գնի բարձրացման հաշվին առաջարկվում էր այն որոշ չափով նվազեցնել գազի սպառման կայաններում (ԱԳԼՃԿ), ջերմոցներում, գազի սպառմամբ աշխատող այլ հիմնարկությւոններում, մասնավորապես` հացի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններում և այլն։

Սակայն, իշխանությունները գնացին հակառակ ճանապարհով, գազի գինը նույնը թողեցին մասնավոր հատվածի համար և բարձրացրին այն իրավաբանական անձանց համար։ Անելով այս քայլը` արդյո՞ք կառավարությունը հաշվարկել էր այդ ամենի տնտեսական հետևանքները բնակչության և նույն այդ սպառողների համար։

Նկատենք, որ այս ամենը առաջին հերթին ազդում է տրանսպորտային ծախսերի վրա`  հանգեցնելով դրա թանկացմանը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի տրանսպորտի 75 տոկոսը օգտագործում է գազ` հեղուկ վառելիքի փոխարեն, հետևաբար այդ ապրանքի գնի բարձրացումը բերելու է փոխադրումների ծախսերի թանկացմանը։

Այսինքն` գյուղից քաղաք և հակառակ ուղղությամբ գյուղմթերքի ու այլ տիպի ապրանքների փոխադրումները կթանկանա, ինչն իր հերթին կհանգեցնի նաև ապրանքների գների թանկացմանը։ Այսինքն` առաջիկայում սպասելի է հատկապես գյուղմթերքի և այն ամենի թանկացումը, ինչը կապված է փոխադրումների հետ։

Հասկանալի է, որ ծառայության թանկացումը շղթայական ռեակցիայով կազդի բոլոր տեսակի ապրանքների գների փոփոխմանը, որոնք այս կամ այն չափով կապված են տրանսպորտային փոխադրամիջոցների հետ։ Բացի այդ` գազով աշխատող բոլոր, փոքր, թե մեծ ձեռնարկությունների` սկսած Արարատ ցեմենտի գործարանից, մինչև սովորական հացի փռի արտադրանք, նույնպես կթանկանա, քանի որ դրանց գնագոյացման մեջ մեծ է գազի գինը։

Նման քաղաքականությունը իր հերթին կհանգեցնի ջերմոցներում արտադրվող գյուղմթերքի գների բարձրացմանը ձմեռային սեզոնին ու այսպես շարունակ։

Այստեղ հարց է առաջանում` արդյո՞ք գործող իշխանությունները հաշվարկել էին` նմանատիպ թանկացումը ինչպես կազդի սովորական սպառողի վրա և արդյո՞ք ՀՀ քաղաքացիներն այս անգամ ստիպված չեն լինի ավելի շատ վճարել, քան կվճարեր գազի գնի սովորական բարձրացման դեպքում մասնավորի, այսինքն` իրենց համար և նվազումը մեծածախ սպառողի համար, արդյոք չէր հանգեցներ վերը նշված բոլոր ապրանքների ու ծառայությունների գների նվազմանը։

Այսինքն, եթե մի դեպքում մենք բարձր կվճարեյինք միայն ձմռան ամիսներին, ապա այժմ ստիպված ենք լինելու թանկ վճարել բոլոր տեսակի ապրանքների համար ամբողջ տարին։ Հետևությունները թողնում եմ ձեզ։

Արմեն Մանվելյան պ․գ․թ․