Փարիզի Աստվածամոր տաճարից մինչեւ Նանտի Սուրբ Պողոս-Պետրոս տաճար

143

Ադրբեջանի հրահրած վերջին ռազմական գործողությունների պատճառով` հանրության լայն շրջանակների աչքից վրիպեց Ֆրանսիայի Նանտ քաղաքում գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս տաճարի հրդեհը: Եղան զուտ լրատվական մակարդակի մի քանի մեկնաբանություններ, ոչ ավելին, եւ չասվեց այն, ինչը պետք է ասվեր:

2019թ, Փարիզի աստվածամոր տաճարի հրդեհից հետո, §Ազգ¦ում մի հոդված գրեցի` §Հյուգոյի հոգին ծխում է Փարիզի վրա¦ վերտառությամբ, (Ազգ, 18,04, 2019), որտեղ պնդում էի, որ հրդեհի կազմակերպիչը Թուրքիան է:

Այդ տարվա ապրիլի 11-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ապրիլի 24-ը  երկրում հայտարարեց որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր` հավելելով, որ ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում հիշատակի պատարագ կմատուցվի: Դրանից հետո ֆրանս-թուրքական հարաբերությունները կտրուկ լարվեցին, նույնիսկ Թուրքիայից սպառնալիքներ հնչեցին` Ֆրանսիան կրակի մատնելու: Հայտարարությունից մի քանի օր անց` ապրիլի 16-ին, Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհվեց:

Նմանատիպ մի իրավիճակում օրերս հրդեհ բռնկվեց նաեւ Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում: Հուլիսի 17-ի երեկոյան Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունները միաձայն դատապարտեցին Ադրբեջանի` Հայաստանի դեմ ծավալած ագրեսիան, միջազգային հանրություններին կոչ անելով զսպել ագրեսորին եւ զենք չվաճառել կամ չտրամադրել նրան: Հաջորդ օրը` հուլիսի 18-ին, արեւի շողերի ներքո կրակը փորձում էր լափել 457 տարում (1434-1891) կառուցված տաճարը, որը երկրի` գոթական ոճի խոշոր եկեղեցիներից մեկն է, եւ բարձրությամբ միայն վեց մետր է զիջում Փարիզի Աստվածամոր տաճարին:

Տաճարի ներսում եղել է հրդեհի երեք օջախ, որը եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ այդտեղ արտաքին միջամտություն կա: Զուգադիպությունները, կարծես, շատանում են: Հայոց ցեղասպանության հիշատակի հավերժացումից հետո` Փարիզի Աստվածամոր տաճարը, Հայաստանի դեմ հրահրվող ագրեսիան դատապարտելուց հետո` Սուրբ Պողոս-Պետրոս տաճարը: Քաղաքական հարցերը վանդալությամբ լուծելը Թուրքիայի համար կարծես կրկին դառնում է հիմնական գործելակերպ:

Այս առումով աշխարհը լուրջ անելիք ունի, քանի որ, նաեւ այս դեպքից հետո, արդեն պարզ է դառնում, որ ադրբեջանական ագրեսիայի թիկունքին կանգնած են թուրքական իշխանությունները: Նրանք տարածաշրջանի քարտեզը վերախմբագրելու լուրջ նպատակ ունեն, որի առաջ, ինչպես տեսանք, մտադիր չեն կանգ առնել: