Տարեվերջին գնաճը կկազմի 1,9 տոկոս

81

ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջի գնաճը կկազմի մոտ 1.9 տոկոս, միևնույն ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ շարունակում են իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն՝ հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Մենք մինչև հիմա էլ շարունակում ենք իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն: Եվ կարծում ենք, որ այդ քաղաքականությունը արդարացված է, քանի որ բխում է ՀՀ քաղաքացու շահից: Այս ճգնաժամի հետ մեկտեղ եթե լիներ 10 տոկոսանոց գնաճ, կնշանակեր 25-30 տոկոս սպառողակական ապրանքների գների թանկացում: Մենք կարծում ենք, որ այն քաղաքականությունը, որը տարիներ շարունակ իրականացրել ենք, թույլ է տվել մեզ կուտակել կապիտալ և վստահություն մեր քաղաքացիների շրջանում: Դա մենք տեսնում ենք մեր՝ գնաճի սպասումների վերաբերյալ հարցումների ընթացքում»,-ասել Գալստյանը:

ԿԲ նախագահի կարծիքով՝ տասը տարի առաջ ոչ ոք ՀՀ-ում չէր կարող ենթադրել, որ քաղաքացիների զգալի մեծամասնությունը կկարծեն, որ գնաճը ցածր է: Գալստյանը դա համարում է ձեռքբերում:

«Կանխատեսումների համաձայն տարեվերջին մեր գնաճը կլինի 1.9 տոկոսի կարգի՝ 1.7-2 տոկոսի շրջանակներում, որը մեր թիրախի ներքին շեմին մոտ թիվ է»,-ասաց ԿԲ նախագահը:

Հայաստանում վերջին տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել 1.7 տոկոս: