Նվեր ՝ «Աստվածաշունչ» ԿԳՄՍ նախարարին՝ «կտրված» դիմորդների կողմից

88

«Պահանջատեր դիմորդ» քաղաքացիական շարժման ներկայացուցիչներն այսօր դարձյալ ԿԳՄՍ նախարարություն էին եկել, բայց ոչ թե բեղեքի ցույցը շարունակելու, այլ նվեր հանձնելու նախարար Արայիկ Հարությունյանին: Նվերն «Աստվածաշունչն» էր: Նրանց այդպես էլ չհաջողվեց անձամբ հանդիպել նախարարին: Նվերը փոխանցեցին նախարարության ներկայացուցչի միջոցով:

Մրցույթներից դուրս մնացած դիմորդ տղաներն այսօր էլ էին զինվորական համագեստով: Նրանք զորակոչիկներ են, մի մասը օգոստոսին է  բանակ գնալու, մյուսները՝ ձմռանը:  Եթե այս խնդիրը որևէ կերպ չլուծվի, տղաները կզորակոչվեն, իսկ երկու տարի հետո քիչ հավանական է, որ նորից կպարապեն՝ բուհ ընդունվելու համար: Դիմորդներն ու նրանց ծնողները շեշտում են՝ իրենց շարժումը քաղաքացիական է, ոչ թե քաղաքական, թեև որոշ հարթակներից արձագանքում են, թե սա էլ է քաղաքական պատվեր:

«Մենք մեր երեխաների իրավունքներն ենք պաշտպանում, ծնողի՝ մեր պարտքն ենք կատարում: Ո՛չ մի քաղաքական ուժ, ո՛չ մի քաղաքական անձ տեղ չունի մեր շարքերում: Արայիկ Հարությունյանը երեկվա հարցազրույցի ժամանակ ասաց, թե այն գլխարկով ծնողն ուզում է, որ իր երեխան առաջին հայտով բուհ ընդունվի:  Այդ գլխարկով ծնողը ես եմ, բնականաբար: Նախարարը սխալվում է, սխալվում են բոլոր նրանք, ովքեր այդպես են կարծում: Շարժման առաջին իսկ օրվանից մենք շեշտել ենք, որ մեր երեխաների միավորներն առաջին հայտի համար չեն հերիքել, լավ, չենք վիճում, ուրեմն նրանք ոչ թե պետք է  բուհերի թափուր տեղերը զբաղեցնեն, այլ իրենց նշած մասնագիտությունների հաջորդական հայտերում ներգրավվեն, որովհետև բարձր միավորներ են հավաքել, և այդ միավորները բավարարում են դրա համար, այլապես ինչո՞ւ են դիմորդներին բացի առաջին հայտից, ևս 8 հայտ նշելու իրավունք տվել»,- նշեց դիմորդի ծնող Մայիս Բաբալյանը:

Ոստիկաններն ամբողջ ընթացքում միջամտում էին՝ պահանջելով պահպանել ֆիզիկական հեռավորություն: Ցուցարարները տեղեկացրին՝ մենք բողոքի ակցիա չենք անում, մենք նվեր ունենք հանձնելու նախարարին, որպեսզի նա իր գործունեությունն այսուհետև մի քիչ հայանպաստ ու հայեցի դարձնի: