Կառավարության օժանդակության ծրագրերով տրամադրված վարկերի ծավալը կազմում է մոտ 90 մլրդ դրամ

86

Վարկային պորտֆելի աճը Հայաստանում այս տարի կազմել է մոտավորապես 200 մլրդ դրամ, որից կառավարության օժանդակության ծրագրերով տրամադրված վարկային  միջոցների ծավալը վերջին տվյալներով մոտ 90 մլրդ դրամի կարգի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադարձել է լրագրողի հարցին, թե տնտեսությունում առկա անորոշությունների պայմաններում բանկերը վարկային տոկոսադրույքների փոփոխություն արե՞լ են:

«Այս տարվա ընթացքում վարկային պորտֆելի աճը կազմել է մոտավորապես 200 մլրդ դրամ: Եվ դրա մի մասը ֆիզիկական անձանց տրվող վարկերն են, որտեղ տոկոսադրույքների էական փոփոխություն չենք նկատում: Երկրորդ մասում զգալի կշիռ ունեն կառավարության օժանդակության ծրագրերով տրամադրված վարկային միջոցները, որոնք ըստ էության դժվար է անվանել շուկայական տոկոսադրույքով տրված վարկեր, որովհետև կառավարությունն էապես օժանդակում է, որ բանկերը բիզնեսին օժանդակեն ստեղծված ծանր իրավիճակում»,-ասել է Գալստյանը:

ԿԲ նախագահն այդ տիպի վարկերի տոկոսադրույքների մասին դատողություններ չի արել, սակայն նշել է, որ դրանց ծավալը մոտ 90 մլրդ դրամի կարգի է այս պահի դրությամբ: 

Կառավարությունը համավարակի պայմաններում մշակել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ, դրանք օժանդակություն էին նախատեսում նաև բիզնեսին՝ այդ թվում վարկավորման ծրագրերով: