ԵԱՀԿ-ն կառավարման ճգնաժամի մեջ է

94

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, որն անդամակցող երկրների թվով ամենամեծն է, հայտնվել է կառավարման ճգնաժամի մեջ: 8 անդամ պետություն, այդ թվում Հայաստանը, չի ապահովել կոնսենսուս կառույցի 4 կարեւոր մանդատները երկարաձգելու համար:

Առաջինը քար նետողներից մեկն Ադրբեջանն էր: Վերջինիս կառավարությունը բացասական գնահատական է տալիս Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի աշխատանքին: Ադրբեջանին վրդովեցրել են պաշտոնյայի §չափից դուրս քննադատությունները¦:

Իհարկե, զավեշտալի ու միեւնույն ժամանակ սպասելի էր, որ Ադրբեջանը դժգոհ է լինելու հենց Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչից մի երկիր, որը մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների մեջ 168-րդ հորիզոնականում էՙ ըստ Reporters Without Borders-ի 2020 թվականի վիճակագրության (Հայաստանը 61-րդում է):

Ադրբեջանի կարծիքը կիսում է Տաջիկստանը, որի համար Արլեմ Դեզիրի պաշտոնավարումն անցանկալի է: Թերեւս տրամաբնական է այն առումով, որ Տաջիկստանն Ադրբեջանի հարեւանն է: Ոչ աշխարհագրական դիրքով, այլ վերեւում նշված վիճակագրության մեջ 161-րդըՙ 180 երկրների ցանկում:

Կոնսենսուս չապահոված մյուս երկիրը Թուրքիան է: Նա դժգոհություններ ունի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակից, որը ղեկավարում է իսլանդացի Ինգիբյորգ Գիսլադոտիրը: Առաջարկում եմ հպանցիկ քննության առնել Թուրքիայում ազատության ինդեքսըՙ ըստ Freedom House-ի: Այս երկրում ազատության ընդհանուր միավորը 32 է, ու հետեւաբար Թուրքիան այս առումով համարվում է անազատ պետություն:

ԺՀՄԻԳ-ի տնօրենի պաշտոնավարումն ավտոմատ երկարաձգելուն նույնպես Տաիջիկստանը դեմ է: Այս երկիրը նույնպես անազատ է համարվումՙ ըստ Freedom House-ի ցուցանիշների:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ կոնսենսուս չապահոված այս երեք երկրներն են օրինակ դարձել, որպեսզի դրանց հետեւեն Ֆրանսիան, Կանադան, Իսլանդիան, Նորվեգիան ու Հայաստանը: Նրանք իրենց հերթին դեմ են արտահայտվել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի եւ Ազգային փոքրամասնությունների գծով ԵԱՀԿ գլխավոր հանձնակատար Լամբերտո Զանիերի պաշտոնավարումը երկարաձգելուն:

Ո՞րն է եղել այս վերջինների որոշման շարժառիթը: Ֆրանսիան, Կանադան, Իսլանդիան, Նորվեգիան ու Հայաստանը կողմ են, որ կա՛մ բոլոր 4 պաշտոնյաների պաշտոնավարումը երկարաձգվի, կա՛մ չորսն էլ ազատեն իրենց տեղերը:

Ահա թե ինչն է ԵԱՀԿ-ն մատնել կառավարման ճգնաժամի:

Առաջին հայացքից արտասովոր ոչինչ չկա մի իրավիճակում, երբ ղեկավար կազմի պաշտոնավարման ժամկետը լրացել է, եւ որոշ պետություններ ցանկանում են փոփոխել այդ կազմը: Այստեղ երկու կարեւոր հանգամանք նկատենք

1 ԵԱՀԿ գործունեության պատմության մեջ չգրված օրենք կամ ավանդույթ է, որ նշված 4 պաշտոնյաների պաշտոնավարումը մեկ անգամ երկարաձգվի: Քանի որ նրանց գործունեության ժամկետն ի սկզբանե սահմանվում է 3 տարի, որը բավականին կարճ ժամանակահատված է, անդամ պետությունները ավանդույթի ուժով կոնսենսուս են ապահովում վերընտրվելու համար:

Այս կոնսենսուսի առկայությունն էլ է կարեւոր, որովհետեւ ամեն նոր 4 պաշտոնյաներն ընտրվում են բավականին բարդ ընթացակարգով, որպեսզի ապահովեն համակողմանիություն ու հավասարակշռվածություն: Հետեւաբար, նրանց թույլ տալ եւս 3 տարի ղեկավարելՙ նշանակում է եւս 3 տարով հետաձգել նոր անդամների ընտրության բարդ աշխատանքները:

2 Նմանատիպ պարականոն քվեարկությունը կարող էր ինչ-որ կերպ ընդունելի լինել կառույցի համար, եթե ժամանակներն այսքան խառը չլինեին: ԵԱՀԿ-ի առաքելությունը նաեւ ճգնաժամերին արձագանքելն է, Եվրոպայում անվտանգության մարտահրավերներին պատասխանելը: Այժմ Եվրոպան ամբողջ աշխարհի հետ լուրջ ճգնաժամի մեջ էՙ ի դեմս Covid19-ի: Եվ եթե շատերն այս իրավիճակը համեմատում են պատերազմի հետ, ապա կարելի է ասել, որ պատերազմող ճակատներից մեկը թողնվել է առանց հրամանատարների:

Հիմա ԵԱՀԿ անդամ 57 պետություններին ժամանակ է տրված մինչեւ սեպտեմբերի 18-ը նոր թեկնածուներ առաջադրելու համար: Իսկ Նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ են հաստատվելու թեկնածուները, կայանալու է դեկտեմբերին: Մինչ այդ ԵԱՀԿ 4 կարեւոր ինստիտուտները կմնան առանց ղեկավարների:

ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ