Դատարանը նորից մերժեց Յուրի Խաչատուրովի՝ ծնողների շիրմին այցելելու խնդրանքը

124

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հուլիսի 28-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  որպես մեղադրյալ ներկայացվող  Յուրի Խաչատուրովը դատարանից  երկու օրով Հայաստանը լքելու թույլտվություն  է խնդրել։ 

Յուրի Խաչատուրովը ծնվել է  Վրաստանի Թեթրի Ծղարո համանքում: Նրա ծնողներ, ինչպես նաև  եղբայրը հուղարկավորված են իր այնտեղ: Յուրի Խաչատուրովը 2018թ․ նոյեմբերից չիայցելել հարազատների շիրմին:  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական նիստերը ամեն երեքշաբթի են նշանակվում, դատարանից թույլտվություն ենք խնդրում դատական նիստերի միջակայքում երկու օրով լքելու Հայաստանի սահմանը։ Եթե այս ընթացքում հրատապ անհրաժեշտություն կլինի Հայաստանում գտնվելու վերաբերյալ, ժամերի ընթացքում կարող ենք ապահովել նրա ներկայությունը: Նրա բացակայության պատճառով դատական նիստը չի հետաձգվի, բացի այդ նրա հեռախոսահամարը միշտ հասանելի կլինի»,- միջնորդությունը ներկայացրել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նա հավելել է, որ օգոստոսի 1-ից Վրաստանը բաց է անում  սահմանները. իրենք նախապես կճշտեն՝ եթե 14-օրյա ինքնամեկուսացման կարգը գործի, ապա Խաչատուրովը չի մեկնի Վրաստան:

Ի պատասխան՝ դատավոր Աննա Դանիբեկյանն ասել է, որ  այս պահին հայտնի է  գործող հետևյալ  կարգը՝ ՀՀ ժամանելուց հետո բոլոր քաղաքացները 14 օր պետք է մեկուսանան։ Նույնը կարգը կարող է գործել նաև  Վրաստան մեկնելու դեպքում։ Այսինքն՝ հավանականություն կա, որ  Խաչատուրովի բացակայությունը կտևի մոտ մեկ ամիս, ինչի հետևանքով դատական նիստերը կհետաձգվեն։ «Ուստի, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Յուրի Խաչատուրովին լքել Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է դատավոր  Դանիբեկյանը։