С-400 գնելով՝ Էրդողանը միտք չունի վերազինել թուրքական զինված ուժերը

116

С-400-ի թեման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձեռնտու է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ հարաբերություններում մանևրելու առումով: Ընդհանուր առմամբ, նա որոշել է ձեռք բերել զենիթահրթիռային համակարգի երկրորդ խմբաքանակը:

«Այդ գործարքի հավանականությունը շատ մեծ է: Բայց պետք է հիշել, որ С-400 գնելով Էրդողանը միտք չունի ռուսական ռազմական տեխնիկայի հաշվին վերազինել թուրքական զինված ուժերը: Սա առաջին հերթին քաղաքականություն է», բացատրել է ռուս-թուրքական հարաբերությունների փորձագետ Քերիմ Հասը, որի խոսքերը մեջբերում է news.ru-ն։

Հասի կարծիքով, գործարքի կնքումը չպետք է ակնկալել մոտ ապագայում, քանի որ Էրդողանը շահագրգռված չէ Վաշինգտոնի հետ փոխհարաբերությունների սրմամբ: Թեև իրավիճակը կարող է փոխվել մի քանի ամսվա ընթացքում: ԱՄՆ-ի հետ հերթական տարաձայնությունների դեպքում Անկարան պատրաստ կլինի գնել զենիթահրթիռային համակարգը: Բացի դրանից, Թուրքիայի ղեկավարը կարող է ուշադրություն հրավիրել Ռուսաստանի այլ զենքերի, օրինակ՝ ռազմական ինքնաթիռների վրա:

Քաղաքագետը հավելել է, որ С-400-ի թեման Էրդողանի համար կարևոր է իր քաղաքական վարկանիշը Թուրքիայում բարձրացնելու համար: Նա այդպիսով հանրությանը ցույց է տալիս, որ կարող է շփվել Ռուսաստանի հետ սեփական հայեցողությամբ՝ անկախ ԱՄՆ-ի արձագանքից: