Սպիտակ հրաշագործ աղավնիներ. Հիվանդի օրագրից

133

Այս նյութս նվիրում եմ Հայաստանի բոլոր բուժաշխատողներին, այդ թվում եւ հատկապես “Նորք” եւ “Սուրբ Աստվածամայր” (նախկին ծննդատուն) ինֆեկցիոն հիվանդանոցների ղեկավարությանը եւ անձնակազմին, որոնք այսօր անխոնջ պայքար են տանում մեր բոլորի առողջության եւ կյանքի համար:

Ժամանակը, որ անհրաժեշտ եղավ ամենօրյա կյանքից անցնել Երեւանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք, սրընթաց էր: Շատ արագ հասկացա, որ առողջությունս ծայրահեղ աստիճանի վտանգված է եւ միգուցե միայն կտրուկ բժշկական միջամտությունը կկարողա փրկել իմ կյանքը:

Քանի որ վերակենդանացման բաժին տեղափոխվելը, տեղավորվելը, շնչառական հատուկ սարքի միացումը, դիմակի տեղադրումը տեղի ունեցավ անհավանական արագ, ապա հոգեբանորեն դա վերածվեց շոկի:

Բացի դրանից, պալատում նկատում ես, որ հարեւան մահճակալին կին է պառկած, դուՙ տղամարդ…

Դիմակը, ըստ էության, վիրավորում է քո էությունը, քո անկախությունը: Քեզ բացատրում ենՙ մի դիմադրիր, փորձիր շնչել համահունչ դիմակի հետ, օգնիր դիմակին, որ նա էլ օգնի քեզ: Բայց քանի որ շնչել պետք է, չես կարող երկար դիմադրել դիմակին, եւ փորձում ես հարմարվել եւ շնչել դիմակի հետՙ հանձնվում ես: Հասկանում ես, որ ուղեղդ կենտրոնանում է շնչառության վրա եւ այդ դիմակի վրաՙ ուզում ես շնչելՙ մեկ, երկու, երեք…

Բայց ինքըՙ դիմակը այնպիսին է, որ բազմաձայն շվիի նման տարբեր ձայներ է արտաբերում… Եվ դու սկսում ես ակամայից անհարմար զգալ այդ իսկ ձայներիցՙ կարծես դու ես այդ ձայների §հեղինակը¦. չէ որ դու միայնակ չես պալատում: Դու եւս լսում ես այդ անհեթեթ ձայները ուրիշներից, եւ, ձգտելով չեզոքացնել սեփական այդ ձայները, երկու ձեռքով վերցնում ես դիմակը, եւ ամբողջ դեմքով §մտնում¦ ես նրա մեջ: Եւ… շնչում ես, շնչում ես…

Բայց զուգահեռ ամենին, դու հասկանում ես, որ մեկ ժամ առաջ քաղաքում էիր, տանն էիր, գործ էիր անում, ինչ-որ գործեր, խնդիրներ ունեիր, նպատակներ… Ո՞ւր են դրանք… Փորձում ես վերհիշել ու չես կարողանում, որովհետեւ քո ամբողջ էությունը զբաղված է շնչելով: Դիմակը սեղմում ես, որ օտար, տհաճ ձայներ չլինեն, որ շրջապատի հանդեպ անհարմար վիճակում չզգաս քեզ եւ շնչում եսՙ մեկ, երկու, երեք…

Երբ մի փոքր հարմարվում ես այդ ռիթմին, այդ իրավիճակին, սկսում ես աչքերով աջ ու ձախ նայել. կողքիդ կինը տնքում է… գոռում էՙ մայրապե՜տ, մայրապե՜տ…

Մայրապե՞տն ով է, ի՞նչ նոր պաշտոն է…

Մայրապետն է գալիսՙ սպիտակ համազգեստովՙ ճիշտ նույնն, ինչ բժիշկները: Սիրալիր հարցնում է, թե ինչով կարող է օգտակար լինել:

– Ես խնդիր ունեմ…,- ցածր ձայնով ասում է կինը:

Անմիջապես ընբռնելով խնդիրը, մայրապետը պատասխանում է.

– Մի՛ անհանգստացեք, մենք հիմա ամեն ինչ կանենքՙ §շտոռը¦ կդնենք… Պետք չէ անհանգստանալ…

– Ախր այստեղ տղամարդ կա…,- շարունակում է կինը:

– Ոչինչ, ոչինչ, մի անհանգստացեք, մենք ավելի կարեւոր խնդիրներ ունենք…,- հանգստացնում է մայրապետը:

Եվ անմիջապես վազում են, բերում են, ծածկում են, ինչ-ինչ բաներ են բերում, հետո այդ ամենը տանում են… Եվ կինը նորից հանգիստ է:

Հետո մտածում ես. ախր ծարավ եմ, բերանս մշտապես բաց է, չորացել է, ինձ շտապ ջուր է պետք…

Ջո՜ւր, ջո՜ւր, սա՜ռը ջուր: Հիշում ես այն տղային, որ սառը ջուր էր վաճառում… Թե ինչո՞ւ արձանը տարան-կորցրին: Մեկ էլ հասկանում եմ, որ կյանքիդ ամենամեծ ցանկությունն էՙ խմել սա՜ռը ջուր: Քուչակի սառը ջուրը, Ավանի սառը ջուրը, Գառնու սառը ջուրը… Մեծ բաժակով, մեծ շշով, ամենամեծ շշովՙ Հայաստանի ամենասառը ջուրը:

Բայց ջուր խմելու համար քեզ օգնություն է անհրաժեշտ: Դու չես կարող ինքնուրույն գնաս ու խմես: Դիմակը քեզ թույլ չի տա: Ու հանկարծ նկատում եւ հասկանում ես, որ ախր սենյակում մեծ անցուդարձ է տիրումՙ սպիտակ զգեստավորները անվերջ գնում-գալիս են եւ ոնց էլ լինի նայում են քո կողմը: Չկա անհրաժեշտություն, որ գոռամ “մայրապե՜տ”, դիմակն էլ թույլ չի տա դա անել:

Հետաքրքրական էՙ մայրապետն ո՞վ է վերջապես: Կարո՞ղ է եւ հայրապետ էլ կա հիվանդանոցում:

Միանգամից բերում են ջուրը §տրուբոչկայով¦ եւ սկսում ես ագահորեն խմել… եւ երջանկության ակնթարթներ են ծնվում քո հոգում:

– §Ջուր եմ ծախում, սառը ջուր… Էս կուլայով շա՜տ պուճուր…¦:

Ինձ մոտ ծնվում է §շնորհակալություն¦ ասելու մե՜ծ ցանկություն, որովհետեւ այս պահին սառը ջուրն ամենացանկալի բանն է, որ դու երազում ես:  Իսկ սպիտակ համազգեստով աշխատողը ժպտում է ու ասում, որ միշտ պատրաստ է օգտակար լինել:

– Իսկ հիմա խնդրում ենք նորից դիմակը հագեք եւ շնչեք: Ձեզ շնչել է պետք… Շուտով կգա հաց ուտելու ժամանակը, մենք ձեզ կօգնենք: Իսկ հիմա շնչեք… Ինչ անհրաժեշտ լինի, մենք կկազմակերպենք: Ոչնչից չանհանգստանաք,- ասում է շնորհակալության “թիրախը”,- եւ վերջնական վերադարձնում է ինձ իրականությանը…

Նորից տհաճ ձայներից խուսափելու համար ստիպված ես երկու ձեռքերով բռնել դիմակը եւ դեմքով §մտնել¦ նրա մեջ, փակելով բոլոր հնարավոր սողանցքները օդի համար, որ մնա միայն բնական շնչառությունը: Մեկ, երկու, երեք… Կարծես թե հասար նպատակիդ: Կարծես թե հիմա կյանքիդ ամենակարեւոր նպատակն է այդ օտար, տհաճ ձայները ճնշել եւ… շնչել, շնչել, շնչել:

Երբ դա հաջողվում է, ծնվում են ուրախության նոր երանգներ… Չնայած դա ի՜նչ ուրախություն է որ: Երբ կայունանում է շնչառության այդ ամբողջ գործընթացը, սկսում են նոր մտքեր գալ. ուղեղը սկսում է տարածվել իր հետաքրքրությունների մեջ: Սկսում ես մտածելՙ էս ի՞նչ է եղել, էս ի՞նչ վիճակ է, ի՞նչ է պատահել:

Քանի որ ես որպես տեսակ միշտ եղել եմ շատ հետաքրքրասեր եւ հետազոտող, ապա արդեն փորձում եմ ինքս ինձ հետազոտել: Օրինակ, ուզում եմ հասկանալՙ եթե դիմակը մի քանի րոպեով հանեմ, ապա կարո՞ղ եմ շնչել, թե՞ ոչ: Սկզբից չկարողացա: Բայց ջուր խմելուց խնդիր չառաջացավ:

Օրեր հետո, երբ նկատեցի, որ առանց դիմակի ավելի երկար ժամանակ եմ դիմանում, հասկացա, որ դրական զարգացումներ կան: Դա ոգեւորեց: Բայց առաջին ժամերին, առաջին րոպեներին, այնուամենայնիվ, գտնվում ես շոկի մեջ, հասկանում ես, որ մոտեցել ես մի եզրի, որից հետո կորցնում են իմաստը շատ-շատ թեմաներ, որոնք կյանքում քո համար կարեւոր էին:

Գործի տեղը ունեմ էսպիսի խնդիրՙ էլ չկա այդ խնդիրը: Երեխային պիտի բան ասեիՙ էլ չկա դրա անհրաժեշտությունը: Պլանավորել էի նյութ գրելՙ էլ ի՞նչ նյութ…

Մերկանում է ամեն ինչ: Անիմաստանում է ամեն ինչ: Անցյալի մասին չես ցանկանում մտածել: Ապագայի մասին չես էլ ուզում մտածել, քանի որ ապագայից ես վախենում: Մտածում ես հարազատներին վերջին հանձնարարականների մասին: Բայց դա էլ է բարդ: Դու հասկանում ես, որ դա վերջին հանձրարականներն են:

Բայց զուգահեռ այդ ամենին մի այլ գործընթաց է ծավալվում քո շուրջը, որը սկզբից, ըստ էության, աննկատ է, բայց ժամանակի մեջ ավելի ու ավելի է գրավում ուշադրությունդ: Դու տեսնում ես, որ քո շրջապատում աջ ու ձախ են գնում ու վազում, ինչ-որ գործեր անում, ինչ-որ բաներ են ասում մարդիկ, որոնք մեկը մյուսից, ըստ էության, չեն տարբերվումՙ սպիտակ յուրահատուկ համազգեստով տիեզերագնացների նման:

Մոտենում են.

– Ինչպե՞ս ես, հայրիկ: Հարմա՞ր է: Ջուր պե՞տք է: Շուտով բժիշկը կգա:

Դու ամեն ինչի հետ համաձայնվում եսՙ մոտենան-ասեն, չմոտենան ու չասենՙ տարբերություն չկա: Կգա բժիշկը, չի գա բժիշկըՙ դու քո դարդերի մեջ ես, քո շոկի մեջ ես:

Ո՞վ են այս մարդիկ: Ի՞նչ են այստեղ անում: Ինչի՞ են այդքան շատ: Քո շուրջը ինչի՞ են այդքան վազվզում:

Ինչ թաքցնեմՙ լինելով աթեիստ, սկսեցի Մեծ Տիրոջ մասին մտածել: Ո՛չ վախի պատճառով, չէ՜: Ուղղակի բա ո՞ւմ մասին մտածեմ այդ պահին: Ո՞ւմ հետ խորհրդակցեմ: Ո՞ւմ ասեմ, եթե ոչ իրեն:

Բայց Մեծ Տիրոջ պատկերը դեռ չի ձեւավորվում: Դեռ ինքը երեւի հեռու է, դեռ պարզ չէ, ինքն ընդհանրապես նկատե՞լ է ինձ, եւ ընդհանրապես կցանկանա՞ ինձ նկատել: Բայց այդ պահին դա էլ ինձ այդքան չի անհանգստացնում: Այլ ուղղակի ցանկություն է շփվել, բայց Մեծի հետ: Շա՜տ Մեծի հետ:

Իսկ սպիտակները գնում ու գալիս են: Դրական բաներ են ասումՙ լավ կլինի, հայրիկ ջան, չմտածեսՙ հեսա բժիշկը կգա եւ… տես, ինչ լավ թվեր է ցույց տալիս ապարատը…

Շրջապատում ջերմություն է ձեւավորվում ու փորձում ես հասկանալ, թե որն է դրա պատճառը: Պատճառ չկա, դա ուղղակի ֆոն է: Բժշկական անձնակազմը ուղղակի ծրագրավորված է ստեղծել դրական ու բարի մթնոլորտ, նույնիսկ եթե դա ոչ մի առնչություն չունի հենց քո առողջության հետ:

Բայց հետո սկսում ես մտածել, որ այստեղ ինչ-որ մի բան կա… Ես սա ինչ-որ այլ տեղ տեսել եմ…

Այո: Հիշեցի: Այս “սպիտակ” մարդիկ հիշեցնում են ինձ հրեշտակներին: Տուն ու տեղ թողածՙ եկել են անձամբ ինձ օգնելու ու փրկելու, չիմանալով, ես ով եմ, լա՞վ մարդ եմ, թե՞ ոչ, արժանի՞ մարդ եմ, ի՞նչ մարդ եմ…

Ես իրենց չեմ ճանաչում: Իրենք բոլորը իրար նման են: Եվ ես անսպասելի հիշեցի մեր եկեղեցիների մոտ սավառնող աղավնիներին:

Ինձ համար ամեն ինչ դարձավ պարզՙ Իրենք Սպիտակ Անհայտ Աղավնիներ են:

Հ.Գ.- Հիշողությանս մեջ մնացին նրանց բոլորի աչքերը, որոնց մեջ ոչ մի օր չնկատեցի չարություն, անտարբերություն, գարշանք, չնկատեցի այդ չարաբաստիկ հիվանդության թոքային կարեւորագույն ախտանշանըՙ §ապակե¦ սառնություն:

Նկատեմ եւ ընդգծեմ, որ նրանք բոլորը փաստորեն սահմանին կանգնած զինվորի նման ոչ միայն կատարում են իրենց անմիջական առաքելությունը, այլ նաեւ վտանգված է իրենց անձնական առողջությունը եւ կյանքը:

Շնորհակալությունս եւ մեծ երախտիքսՙ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ, ԱՆԿՈՏՐՈՒՄ, ՏՈԿՈՒՆ, ԽԻԶԱԽ… բոլոր “ՍՊԻՏԱԿ ԱՆՀԱՅՏ ԱՂԱՎՆԻՆԵՐԻՆ”…

Դիմում եւ խնդրում եմ Առողջապահության նախարարությանը եւ Կառավարությանը սահմանել “ՍՊԻՏԱԿ ԱՆՀԱՅՏ ԱՂԱՎՆԻՆԵՐԻ ՕՐ” եւ դրանով ամրագրել մեր հասարակության երախտիքը այս աննախադեպ առաքելության համար:

Խմբ. կողմից.- Հինգ շաբաթից ավել կյանքի համար պայքարելուց հետո “Ազգ”-ի կայքէջի հիմնադիր, webmaster, անվտանգության գծով պատասխանատու եւ էությամբ ու մասնագիտությամբ գիտնական Վալերին վերադարձավ տունՙ իր ընտանիքին: Իր երկրորդ ընտանիքըՙ “Ազգ”-ի խմբագրակազմը ողջունում է հարազատ աշխատակցի, հերոսի՛ վերադարձը եւ միանում այս օրերին հազարավոր կյանքեր փրկող մեր բուժաշխատողներին նվիրված նրա երախտագիտական խոսքին:

Իմ բարի Սպիտակ Աղավնի

ՎԱԼԵՐԻ ՄԱՐԿԱՐՅԱՆ