Պարոն վարչապետ, պահանջեք Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նա Ձեզ նկարած թվեր է ցույց տալիս. դիմորդի ծնող

132

«Պահանջատեր դիմորդ» շարժումը նոր երանգներ է ստանում:  Ժամը 11:30-ից մինչև 17:00-ն ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ցույց անող դիմորդների ու նրանց ծնողների հետ նախարար Արայիկ Հարությունյանն այդպես էլ չի հանդիպել: Ցուցարարների անունից հանդես է եկել ծնող Մայիս Բաբալյանը.  «Պարոն Արայիկ Հարությունյան, Դուք այսօր համարվում եք ԿԳՄՍ նախարար: Արդյո՞ք ԿԳՄՍ նախարարն իրավունք ունի արհամարհելու այսքան դիմորդների և նրանց ծնողներին, որոնք առաջարկում են հանդիպել Ձեզ հետ և քննարկել բարձր գնահատական ստացած դիմորդների առջև ծառացած խնդիրները: Անկեղծ եմ ասում, Դուք իրավունք չունեք լինելու այդ պաշտոնում: Այդ պաշտոնում կարող է լինել այն հայեցի այրը, որը սիրում է  իր գիրը, իր մշակույթը, գրականությունը: Մենք պահանջում ենք Ձեր հրաժարականը»:

«Նախարար, հեռացիր» վանկարկումներով բողոքի ցույցի մասնակիցները միացել են Մայիսս Բաբալյանի պահանջին:

«Հուսով ենք, որ վարչապետը տեսնում է, թե նախարարն ինչ մոտեցում է  ցույց տալիս բարձր գնահատական ստացած դիմորդներին: Պարոն վարչապետ, հավատացնում եմ Ձեզ, պարոն Հարությունյանը նկարած թվեր է Ձեզ ցույց տալիս, թե համարյա ամբողջ խնդիրը լուծված է, բացի 20 դիմորդից: Նա Ձեզ խաբում է, խաբելու փաստը՝ այսօրվա հավաքը: Պարոն վարչապետ, Արայիկ Հարությունյանը վնաս է բերում մեր հայրենիքին, պահանջեք նրա հրաժարականը»,- ելույթն ավարտել է դիմորդի ծնող Մայիս Բաբալյանը:

Ոստիկանը մոտեցել է Մայիս Բաբալյանին և պահանջել հավաքին բնորոշ գործողությունները դադարեցնել, հակառակ դեպքում հարկադրանքի միջոցներ կկիրառվեն:

«Մենք պաշտպանում ենք մեր երեխաների ոտնահարված իրավունքները, իսկ դա  անելու համար մենք ընդամենը մեկ ամիս ունենք: Այսօր մեր երեխաների ճակատագրի հարցն է դրված: Ծնողը պարտավոր է իր երեխայի մեջքին կանգնել, որովհետև խախտվել է նրա սահմանադրական իրավունքը»,-պատասխանել է դիորդի ծնողը և, այնուամենայնիվ, բոլորին հորդորել ցույցը դադարեցնել:

Ցուցարարները «Արայիկ, հեռացիր» վանկարկումներևով հեռացել են նախարարության մոտից: