«Պահանաջատեր դիմորդ» շարժումը կմտնի դատարան

93

«Պահանջատեր դիմորդ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում: Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, դիմորդի ծնող Մայիս Բաբալյանը մտել է նախարարություն, ընդունարանում նրան ասել են, որ կարող է հանդիպել փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ: «Պարոն Թամրազյանի հետ այս հարցի վերաբերյալ հանդիպելու ցանկություն այլևս չունենք»,- հայտարարել է Մայիս Բաբալյանը և դուրս եկել շենքից:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ շաբաթ է հանդիպում եղել վերոնշյալ փոխնախարարի հետ. հեռակա համակարգով ուսուցման  առաջարկին  դիմորդներն ու նրանց ծնողները  համաձայն չեն: Դիմորդներն ուզում են սովորել առկա համակարգով:

ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի  ցույցը բուռն ընթացք է ունեցել: Դիմորդները փակել են Վազգան Սարգսյան փողոցը: Ոստիկանները միջամտել են ու բերման ենթարկել Մայիս Բաբալյանին ու ակտիվիստ Հովհաննես Հարությունյանին: «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության փաստաբան Ալեքսանդր Կոլուբաևը նշել է, որ ոստիկանների գործողություններն անօրինական են եղել, և իրենք դիմելու են վարչական դատարան: Մայիս Բաբալյանն ու Հովհաննես Հարությունյանը տեսել են, որ ոստիկաններն անչափահաս աղջիկ դիմորդների մարմիններից բռնելով են փորձում նրանց դուրս բերել փողոցից, այդ պատճառով էլ միջամտել են ու բերման ենթարկվել: Մի քանի ժամից նրանք ազատ են արձակվել:

«Հաղթելու ենք», «Մենք պաշտպանում ենք սովորելու սահմանադրական իրավունքը» կարգախոսներով դիմորդները շարունակել են բողոքի ցույցը:

Փաստաբան Ալեքսանդր Կոլուբաևը դիմորդների ու նրանց ծնողների լիազորագրերի հիման վրա հուլիսի 29-ին դատական հայց է ներկայացնելու՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության: Դիմորդներն ու նրանց ծնողները պատրաստվում են  նաև դիմել ՍԴ և ՄԻԵԴ: