«Մեր դասագրքերը կազմում են պատահական մարդիկ` դրամ վաստակելու համար». Եղիշե Չարենց

388

Ռուբեն Զարյանի հուշերից.

«Ալազանը մի օր ասաց, թե Չարենցը կանչել է: Գնացի, Ալազանից բացի, այնտեղ էին Գուրգեն Վանանդեցին և Խորեն Սարգսյանը:

-Տղանե՛ր,-առաջին խոսքը եղավ նրա,- ես ձեզ հավաքել եմ մի շատ կարևոր գործով: Մեր դասագրքերը լավ չեն կազմված: Կազմում են պատահական մարդիկ, մեծ մասամբ դրամ վաստակելու համար: Ես խոսել եմ Արտո Եղիազարյանի հետ, որ մենք զբաղվենք այդ գործով: Է՜հ, ի՞նչ կասեք:

Մենք նստած էինք սենյակի տարբեր մասերում: Իսկ ինքը խոսում էր` անցուդարձ անելով սենյակով մեկ: Երբեմն մեկնումեկիս առաջ կանգ էր առնում և խոսում, կարծես միայն մեկի հետ էր խոսում: Շատ երկար խոսեց: Երևի մի ժամ: Խիստ քննադատեց եղած դասագրքերը, ասելով, որ կազմողները, ղեկավարվելով միայն թեմատիկ սկզբունքով, մոռացության են տվել էսթետիկականը: Դասագրքում տեղ գտնող հատվածը գեղեցիկ մղումներ տալու հետ միասին պետք է գտնվի արվեստի բարձր աստիճանի վրա: Սա է հիմնականը: Դասագիրքը մշակում է աշակերտի ճաշակը, զարգացնում է սեր դեպի լեզուն, ոճը, գեղեցիկի ըմբռնումը: Աշակերտը պետք է կլանվի բովանդակությամբ, համակվի գաղափարով, բայց և պետք է հասկանա պատկերը, հիանա անսպասելի, դիպուկ գտնված համեմատությամբ»: