Հաղթել Մոսկվային. ինչպես է Անկարան թյուրքական աշխարհ կառուցում

116

ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ․

Հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերին սրված իրավիճակի հետ կապված ուշագրավ վերլուծական հրապարակում է արել ռուսական §Ռամբլեր.ռու¦ լրատվական պորտալը, խնդիրը դիտարկելով Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների համատեքստում:

Հուլիսի 19-ին հրապարակված հոդվածում նշվում է, որ հակամարտության սրման հենց սկզբից Ռուսաստանը հաշտեցնող դիրք գրավեցՙ ձեռնպահ մնալով կողմերից որեւէ մեկի հասցեին մեղադրանք հնչեցնելուց: Մոսկվայի ռազմավարական գործընկեր (իրենց ձեւակերպումն է – Գ. Մ.) Թուրքիան այլ կերպ վարվեց, անվերապահորեն բռնելով Ադրբեջանի կողմը: Անկարայի եւ Բաքվի համագործակցությունը հետխորհրդային տարածքում թուրքական արտաքին-քաղաքական դոկտրինայի իրականացման չափանիշային օրինակ է: Ընդսմին, թուրքական ազդեցության ցանցը տարածվում է Կասպիականի ափերից շատ ավելի հեռու:

§Մենք ոչ մի դեպքում առանց աջակցության չենք թողնի եղբայրական Ադրբեջանին, բանակցություններ ենք վարում պարոն Իլհամ Ալիեւի հետ: Թուրքիա է ուղարկվել ադրբեջանական պատվիրակություն, ես էլ եմ նրանց հետ հանդիպել: Մենք Ադրբեջանի հետ ենք¦,- Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերն է մեջ բերում հրատարակությունը:

Անկարայի դիրքորոշումն այս հարցում ամբողջովին համահունչ է Բաքվի հռետորաբանությանը. Հայաստանը զավթիչ է հայտարարվում, նրան մեղադրում են ադրբեջանական քաղաքացիական բնակավայրերի գնդակոծման եւ արեւելյան հարեւանի նկատմամբ սադրանքների մեջ: Բավական է հիշել, որ Անկարան ու Բաքուն իրենց հարաբերությունները կառուցում են Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիեւի հայտարարած §Մեկ ազգ, երկու պետություն¦ սկզբունքին համապատասխան:

Ադրբեջանի եւ Թուրքիայի այդպիսի սերտ համագործակցությունը, նկատում է հոդվածի հեղինակը, վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, եւ բանը միայն հետխորհրդային երկու հանրապետությունների հակամարտությանը Անկարայի հնարավոր միջամտությունը չէ:

Բաքվում ու ադրբեջանական այլ քաղաքներում վերջին շրջանում հաջակցություն բանակի եւ պատերազմի անցկացվող հանրահավաքներում կարելի է լսել Ադրբեջանի համար արդեն դասական դարձածՙ §Rus-fars Ermeni   bunlar Turkun-dusmeni¦ կարգախոսը, որը նշանակում է §Ռուսները, պարսիկներն ու հայերը թյուրքերի թշնամիներն են¦:  Փողոցի ակտիվիստների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի դարավոր դիմակայությունը բնավ ոչ մի տեղ էլ չի անհետացել, այլ ընդամենը նոր ձեւեր է ընդունել: Մոսկվայի եւ Անկարայի միջեւ գլխավոր մարտադաշտը ծավալվում է նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիների մտքերում ու սրտերում:

Էրդողանի օրոք Թուրքիան արտաքին քաղաքականությունում հետեւում է նոր-օսմանիզմի սկզբունքներին, այն էՙ ջանում է վերադարձնել մոռացության գիրկն անցած վիթխարի Օսմանյան կայսրության ազդեցությունը: Բացի տարածաշրջանային լիդերի դերը ստանձնելու ակնհայտ հավակնությունից, որը Թուրքիան փորձում է կյանքի կոչելՙ միջամտելով բազմաթիվ ռազմական հակամարտություններին Մերձավոր Արեւելքում, երկրի ղեկավարությունն իր առջեւ դնում է եւս մի կարեւոր նպատակ: Թուրքիան հույս ունի դառնալ թյուրքալեզու բնակչությամբ երկրների անվիճելի առաջատարը: Հենց այստեղ Անկարայի շահերը ուղղակիորեն բախվում են Մոսկվայի շահերին: Չէ՞ որ թյուրքալեզու երկրներըՙ Ադրբեջան, Ուզբեկստան, Ղազախստան, Ղըրղզստան եւ Թուրքմենստան, հետխորհրդային տարածքի բեկորներն են, որտեղ Ռուսաստանը հույս ունի պահպանել իր ազդեցությունը:

Անկարայի հավակնությունների մարմնավորմանն է ծառայում 2009 թվականին ստեղծված Թյուրքական խորհուրդըՙ նույնանուն աշխարհի բոլոր ժամանակակից ներկայացուցիչների կազմակերպությունը, ի բաց առյալ Թուրքմենստանը: §Մինչեւ այսօր մենք ասում էինք §մեկ ազգ, երկու պետություն¦: Երեկ ես հայտարարեցի, որ այժմ մենք դարձել ենք մեկ ազգ, հինգ պետություն: Տա Աստված, Թուրքմենստանն էլ միանա մեզ, եւ այդպիսով մենք կդառնանք մեկ ազգ, վեց պետություն, կուժեղացնենք համատեղ գործակցությունը տարածաշրջանում¦,- ասել է Էրդողանը այդ խորհրդի 2019 թ. հոկտեմբերին տեղի ունեցած հերթական նիստից հետո:

Այս ուղղությամբ քաղաքականությունը Անկարան սկսել է իրականացնել դեռ 1990-ական թվականների սկզբին, օգտվելով ԽՍՀՄ փլուզումից հետո իր տնտեսությունը կարգավորել փորձող Ռուսաստանի թույլ ու խառնաշփոթ վիճակից: Այդ է վկայում նույնիսկ այն հանգամանքը, որ Թուրքիան առաջին պետությունն էր, որը ճանաչեց Միջին Ասիայի հանրապետությունների անկախությունը: Այդ տարիների թուրք քաղաքական գործիչները խանդավառորեն քննարկում էին §թյուրքական միասնության վերականգնման¦ հնարավորությունները, իսկ ԶԼՄ-ներում հայտնվում էին §ուզբեկ թուրքեր¦, §ղըրղզ թուրքեր¦,  §թաթար թուրքեր¦ կամ պարզապես §արտաքին թուրքեր¦ նոր եզրույթներ:

Նման §արտաքին թուրքերի¦ համար ակտիվորեն ստեղծվում էին կրթական ծրագրեր, որոնց միջոցով միջինասիացի ու ադրբեջանցի երիտասարդներին պատմում էին զարգացման թուրքական ուղու առավելությունների մասին: Վերջին 20 տարիների ընթացքում թուրքերը 26 հազար կրթաթոշակ են տրամադրել թյուրքալեզու ուսանողներին ինչպես Թուրքիայի տարածքում, այնպես էլ տեղային մասնաճյուղերում: Բացի այդ, հետխորհրդային տարածքի բոլոր թյուրքալեզու հանրապետություններում գործում են թուրքական արբանյակային ալիքներ:

90-ականների սկզբին, հոդվածագրի վկայությամբ, Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելն ասում էր, թե իր երկրի համար եզակի հեռանկար է ստեղծվել §կանխորոշելու ԱՊՀ մուսուլմանական հանրապետությունների քաղաքական ապագան¦: Այդ նպատակի իրագործման համար Թուրքիայի ԱԳՆ-ին կից անգամ ստեղծվել էր Թյուրքական համագործակցության եւ զարգացման գործակալություն (TIKA), որի նպատակը նախկին ԽՍՀՄ-ի այդ երկրների հետ հարաբերություններ զարգացնելն էր:

Այստեղ հատկանշական է այդ գործակալության նախկին ղեկավարներից Աբդուլխալյուկ Չեյի հայտարարությունը. §Թուրքիայի Հանրապետությունը ժառանգորդն է մեծն Օսմանյան կայսրության, այն պետք է ստեղծի դաշնակցային միություն Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղըրղզստանի եւ Թուրքմենստանի հետՙ նույնիսկ Ռուսաստանի դեմ կտրուկ առճակատման գնով¦: Հավանաբար, ենթադրելով, որ նեոօսմանիզմի քաղաքականությունը վաղ թե ուշ կարող է բախվել Ռուսաստանի հակազդեցությանը, Թուրքիան §նախականխիչ հարվածներ¦ է հասցնում Մոսկվայի համար առավել զգայուն կետերին: Խոսքը վերաբերում է ինչպես Ռուսաստանի թյուրքալեզու ժողովուրդներիՙ թաթարների, բաշկիրների, յակուտների հետ հումանիտար շփումների կայացմանը, այնպես էլ այն երկրներում ազդեցության մեծացմանը, որոնց հետ հարաբերությունները Մոսկվայի համար բացահայտորեն չեն ստացվել: Մասնավորապես նկատի են առնվում Թուրքիայի եւ մեր դրացի Վրաստանի հարաբերությունները, վերջինիս մասնակցությունը ադբեջանա-թուրքական համատեղ զորաշարժերին, աճող նաեւ տնտեսական համագործակցությունըՙ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, մեծածավալ թուրքական ներդրումները մահմեդական բնակչությամբ Աջարիայում: Ի վերջո, ըստ հրապարակման, հենց Թուրքիան է այժմ Վրաստանի գլխավոր առեւտրական գործընկերն ու ներդրողը: 

Հայտնի հանգամանքի վրա լույս սփռող դիտարկում է նաեւ այն, որ 2014 թվականից ամրանում են Անկարայի ու Կիեւի հարաբերությունները: Թուրքիան հրաժարվում է ընդունել այն հանրաքվեի արդյունքները, որոնց հիման վրա Ղրիմի թերակղզին Ռուսաստանի մաս դարձավ: Իսկ Ուկրաինայում ղրիմ-թաթարական սփյուռքը մինչեւ այժմ հանգուցային դեր է կատարում ուկրաինա-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:

Այնուամենայնիվ, վերլուծաբանի գնահատմամբ, հետխորհրդային տարածքում թյուրքական աշխարհի անվերապահ հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է: Միջին Ասիայի երկրներն ամուր կապեր են պահպանում Ռուսաստանի հետ, եւ անգամ Թուրքիային ամենամոտ Ադրբեջանը ձգտում է իր արտաքին քաղաքականությունը կառուցելՙ հավասարակշռություն պահպանելով Անկարայի եւ Մոսկվայի շահերի միջեւ:

Մյուս կողմից, թյուրքական աշխարհ կառուցելու իր պլաններից Թուրքիան դժվար թե երբեւէ հրաժարվի: Եվ հատկապեսՙ երկրի կայսերապաշտորեն տրամադրված ներկա ղեկավարության օրոք:  

Ըստ §Ռամբլեր-նորությունների¦ նույն օրվա մեկ այլ հրապարակման, Թուրքիան սիրիացի գրոհայինների շրջանում կամավորների է հավաքագրումՙ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կռվելու համար:

Պատրաստեց Գ. ՄԿՐՏՉՅԱՆԸ