«Բարի, բարի Կիմ Աղաբեկյան». Արմեն Ավանեսյան

224

Գրականագետ, «Արմավ» հրատարակչության գլխավոր գխմագիր Արմեն Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Բարի, բարի, բարի Կիմ Աղաբեկյան…
Հենց զարմանում էր՝ «Հալա-հալա-հա»,
Հենց բարկանում էր՝ «Ա՜յ քեեեեզ բաաաան»…
Քեզանից շատ բան ենք սովորել…
Ննջիր խաղաղությամբ:

Էս հոդվածն էլ շատ էիր հավանում…

«ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ՀԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԸ

Երևի մեր ժողովրդի մտախառնվածքից է, որ մեծ գրողը հայի կողմից ճիշտ չի ընկալվում, գոնե մեծի իմաստը դեռևս ճշգրտված չէ, և փոխանակ երևույթի, սոսկ որպես չափի միավոր կամ ածական է գիտակցվում: Այս համընդհանուրհ դարձած մոտեցում-վերաբերմունքն էլ մեկ ուրիշ զավեշտ է ծնումամենամեծ գրող արտահայտությունը: Մեզ, մշակութային տարածքում ամենամոտ-հարազատ-ծանոթ ռուսը այսկերպ չի վարվում: Նրանք իրենց մեծ գրողի մեկ հատորը տասնյակ նույն ծավալի գրականագիտական-վերլուծական աշխատություններով են ներկայացնում, ծանոթագրվում են գրեթե յուրաքանչյուր տող, բառ: Նախանձելու առիթ կա, բայց ավելի շահեկան կլինի ռուս գրականագիտական փորձի գործառական յուրացումը: Թումանյանը, Իսահակյանը, Չարենցը, Օշականը… դեռևս ըստ արժանավույնս գնահատված-ուսումնասիրված չեն մեր գրականագետների կողմից: Պատճառներ չարժե փնտրել: Մանավանդ այս առումով կրկնակի տուժած է Հակոբ Օշականը, ով խորհրդային հասարակարգում արգելված գրող լինելով, այսօր էլ կարծես թե արգելքից ազատված, բայց միևնույն ժամանակ անտեսված ու չընթերցվող հեղինակ է: Այլապես ինչո՞ւ այսօր Օշականի ամբողջական երկերը Հայաստանում չի տպագրվել: Չնայած Երևանի Պետական Համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսումնական ծրագրում ներառված է այս հեղինակը, այնուամենայնիվ բազմիցս լսել եմ, թե Օշականի տեքստերը խրթին են, բարդ: Ճշմարտության չափաբաժին կա այս կարծիքի մեջ, բայց շատ անգամ Օշական չկարդալու որպես արդարացում է կիրառվում: Կիմ Աղաբեկյանի «Հակոբ Օշական (ստեղծագործական աշխարհի արահետներում)» մենագրությունը ևս մեկ ապացույց է, որ Օշական կարդալը ժամանակատար, բայց ոչ դժվարին, մանավանդ անհնարին աշխատանք է: Առաջինը, որ աչքի է զարնում, գրականագետի կողմից Օշականի ողջ ժառանգության բարեխիղճ ընթերցումն է: Աղաբեկյանի ուսումնասիրությունը կարող էր կրկնակի, քառակի ծավալ ունենալ, բայց կարծում եմ այլ նպատակ է հետապնդել հեղինակը: Այս գիրքը դասագրքային արժեք ունի: Հենց սա էլ պայմանավորում է գրքի հաջողվածությունը: Ամեն գրականագիտական մեթոդով կարելի է քննել Օշականի տեքստերը, սակայն առաջնայինը հեղինակի խոսքի հումքը բացահայտելն է, ինչն էլ արել է գրականագետը:
Անսպառ նյութ կարող է հանդիսանալ Օշականի գրական ժառանգությունը, և անընդհատ նորովի ընթերցման, վերլուծման-մեկնաբանման առիթ-հնարավորություն տալիս է: Կիմ Աղաբեկյանի ընթերցումը աչքի է ընկնում Օշականի ժառանգության մի ճյուղիգեղարվեստական արձակի սեփական կերպընկալումով: Հեղինակը չի էլ թաքցնում իր մասնավոր ընկալումը, և այս պարագայում նրա վերլուծությունն առավել անմիջական է, մի տեսակ դասախոսության նման տաք ու կենդանի: Նա գիտակցել է, թե որքան պատասխանատու գործ է Օշականին անդրադառնալը: «Դժվար է մտնել Օշականի ստեղծագործական աշխարհ և առավել դժվար է դուրս գալ այդ աշխարհից»,- այսպես է սկսում իր ուսումնասիրությունը: Գրքի սկզբում «Հեղինակի կողմից» «խոստովանանքում» նա փորձում է սրբագրել-պատճառաբանել գրքի հնարավոր վրիպում-թերացումները: Այնուամենայնիվ մեծավ մասամբ ճշմարտացի է Աղաբեկյանի այն միտքը թե «Օշականի (և ոչ միայն Օշականի) մասին գիրք գրելու համար ենթադրվում են ինչ-ինչ պայմաններ, որոնք, անկարելի է հուսալ մեր դարձդարձիկ օրերում:» (էջ 5): Աշխատության կառուցվածքը ամուր ու տրամաբանական է: Աղաբեկյանը գիրքը բաժանել է ութ գլուխ-մասերի: Թվում է Օշականի տարածական-ընդգրկուն ու բովանդակային արձակը պետք է որ չտեղավորվի մեկ գրքի ծավալային սահմաններում, այնուամենայնիվ գրականագետը կարողացել է համակարգել հսկայածավալ նյութը և պատվով կատարել իր գործը: Առաջին մասը «Մեր գրականության եռամեծար հպարտությունը» Օշական մարդ-գրողի գրական դիմանկար է: Աղաբեկյանն ընթերցողին մանրամասն ներկայացնում է գրողի տեսակը, նրա գրական գործունեությունն ու գեղարվեստական ըմբռնումները, որին համաձույլ ներկայանում է մարդը. «գրականության մեջ նա չունի ուսուցիչ, նրա ուսուցիչը իր ապրած կյանքն է, և իր հերոսներըայդ կյանքի մարդիկ» (9): Միայն Օշականի գրական կյանքին չէ, որ անդրադառնում է գրականագետը: Նա տալիս է ժամանակի մտայնության պատկերը, որտեղ ուրվագծում է օշականյան գրողական ես-ը, այնուհետև կենդանացնում մեծ գրողին, և տեղափոխում մեր օրերը. «Օշականն ինձ երևում է ծանրաքայլ, բայց և իմաստուն, ճշմարիտ, բայց և անչար, խստապահանջ, բայց և գորովալից, մեծ, իմացությունների անպարագիծ պահեստարան, բայց ոչ մեծամիտ, ուրացողներից վիրավորված, բայց ոչ քինախնդիր, չարժեքները ժխտող, բայց և արժեքները հաստատող, սկզբունքային, բայց ոչ երբեք նեղմիտ, ստույգ անհատականություն, բայց ոչ երբեք մաս, այլ, բոլոր պարագաներում ամբողջություն» (10): Գրքի այս մասը աչքի է ընկնում գեղարվեստական-հուզական շաղախով, ինչը պայմանավորված է նաև նյութի բնույթով: Ինչևէ, այս տաք խոսքում Աղաբեկյանը, կարծես թե, օշականյան գրից եկող նրա ժառանգության փոխանցող է դառնում և եթե նա երանի է տալիս. «Հիրավի, բախտավոր են այն մարդիկ, որոնք ունեցել են այսպիսի ուսուցիչ» (13-14), պիտի ասեմ, որ ինքն էլ Օշականի աշակերտներից է. գոնե ինձ Օշականը երևում է Կիմ Աղաբեկյանը կողքին կանգնած:
Այս գլխի մի ծանրակշիռ մասը քննադատ Օշականին է նվիրված: Աղաբեկյանը փաստում է. «Օշականն ինքը մշակույթ է, մշակութային մեծ դպրոց» (14): Այս մտքի հիմնավորումը միայն մի առանձին ուսումնասիրության նյութ կարող է դառնալ, այնուամենայնիվ, հեղինակը խտացված գույներով կարողանում է գնահատել Օշականի մշակութային արժեքը, նրա մտածողության անհամակարգ համակարգը, որը, մանավանդ երևում է քննադատ Օշականի պարագայում:
Չնայած հսկայական նյութին և դրանմոտեցման սահմանափակ, բայց ամփոփ եղանակին, ինչպեսև առաջին մասի հակիրճությանը, Աղաբեկյանի գնահատումն ավելի քան մոտ է իմ համոզումին. «Նա (Օշականը – Ա. Ա.) ամբողջի մեջ միավոր է, առանձնության մեջ ամբողջ» (19):
Առաջին մասի տրամաբանական շարունակությունն է երկրորդը«Տառապանքի ուղիներով»: Օշականի կենսագրությանը նվիրված այս հատվածը կենդանացնում է նրա ապրած ժամանակաշրջանը իր կենցաղով և սոցյալական կացությամբ, իր ազգային արտաքին ու ներքին խնդիրներով, որոնցից շատերն այսօր իսկ արդիական են: Ուսումնասիրության այս գլխում Օշականի դիմանկարը դառնում է շարժուն տեսաժապավենի պես: Գրողի կերպարն երբեմն ժամանակակից ֆիլմի հերոս լինի ասես. «1915… վերսկսվում է, այս անգամ ամենայն մանրամասնությամբ ծրագրված ցեղասպանությունը: Օշականը ձերբակալվում է յոթ անգամ և բոլոր դեպքերում էլ առանձին խիզախությամբ և հանդգնությամբ փախչելով ազատվում» (43):
Օշականի բուն ստեղծագործության ուսումնասիրությունը սկսվում է գրքիերրորդ մասից: Վերնագիրը «Օշականի վիպական աշխարհի մատույցներում», Օշականի փոքր արձակին մոտեցման ճիշտ կերպ է ցուցանում: Որ Օշականը վիպական մտածողություն ունի, երևում է նույնիսկ պատմվածքներում: Ոչ մի գեղարվեստական տարածություն չի սահմանափակում մեծ մտածողի տեսողական դաշտը, արդյունքումպատմվածքները վերածվում են պատմվածաշարի: Առանձին հերոս-կերպար չի ստեղծում գրողը. նրա հերոսի շարունակությունը երևում է մյուս, ապա մյուս պատմվածքում, որտեղից էլ տեղափոխվում է վեպ: «Խոնարհներ» շարքի հերոսը մեկն է քոքուրը, որ հայտնվում է տարբեր տարազներում և տարբեր միջավայրերում: «Կայսերական հաղթերգությունում»վրեժն է հերոսը: Թե՛ քոքուրի և թե՛ վրեժի տարակերպ պատկերումները Օշականի տեքստում երբեք կրկնաբանություն չեն դառնում: Հեղինակը նորանոր շերտեր է պեղում, իր արձակին ուղղահայաց զարգացում հատկանշելով: Անվերջ տրոհումը ատոմի քայքայում է հիշեցնում, քանզի առաջանում է էներգիա, որն անսպառ է Օշականի պատմվածքներում և ահագնանում է վեպերում:
Աղաբեկյանը, կարծում եմ, ճիշտ է վարվում, որ հերթով պատմվածքներին անդրադառնալու կաղապարված մեթոդին չի դիմում: Այս պատմվածաշարերը այդ մեթոդին չեն էլ կարող ենթարկվել, և ստացվում է, Օշականն իրարանկախ հատվածներից կազմված վեպեր է գրել:

Վեպի մեջ և վեպից դուրս
Օշականի «Ծակ պտուկը» վեպի շուրջ է ծավալվում Աղաբեկյանը գրքի հաջորդ«Լայն հորիզոնների դիտակետում» գլխում: Թերևս գրող Օշականն իրեն ավելի ազատ ու անկաղապարված է զգում վեպի ընձեռած տարածքում: Նրա վիպումը դուրս է ավանդական վեպի ընկալումներից և աչքի է ընկնում հեղինակի ազատ տեքստային դեգերումներով: Ոչ մի կաշկանդվածություն չկա Օշականի վեպում, սակայն դժվար չէ կաշկանդվել դրանք ուսումնասիրելիս: Կիմ Աղաբեկյանը, կարծում եմ, վերլուծություն կատարելու հարմար տարբերակ է գտել: Նա անընդհատ օշականյան վեպի մեջ է մտնում ու դուրս գալիս, սակայն այդ վեպից դուրսն էլ Օշականի ստեղծաբանումի տարածքում է. «Ինչքան մեծ է գրողը, այնքան տարբեր է նրա աշխարհը ոչ միայն դրանում վերակերտվող կյանքի մատուցած անակնկալներով, հեղինակի դավանած կենսափիլիսոփայությամբ, այլև այդ աշխարհը կերտելու, արարելու գեղարվեստական միջոցներով»(94):
Այնքան է հեղինակի ես-ը ձուլված նյութին, որ երբեմն թվում է ուսումնասիրողն ինքը դառնում է վեպի հերոսներից մեկը: Սյուժետային վերապատմում չկա, կա մի քանի կողմից նյութին մոտենալու գրականագիտական պեղումի մեթոդ: Վեպի բնույթը նկարագրելուց հետո, Աղաբեկյանը գլխավոր հերոսներիՆազիկի և Զաքարի հոգեբանական վերլուծությունն է անում: Սա «Ծակ պտուկը» վեպի հորիզոնական զարգացման շրջանակներում: Ավելի անզուսպ ու իր խոսքով ասած հուրքավորված է Աղաբեկյանի խոսքը վեպի ուղղահայաց զարգացողդիպաշարի տակ թաքնված միջուկին անդրադառնալիս:Նա եռակի վերլուծություն է անում. մեկը հայկական ներքին միջավայրի վերաբերյալ, երկրորդըանհատի դրաման է ցուցանում, որը բխում է այդ ներքին միջավայրից և երրորդը հայ-թուրք հասարակական-քաղաքական, սոցիալ-կենցաղային հարաբերությունների շուրջ, որն էլ առթում է ողբերգությանանհատականությունից ազգայինի փոխակերպվելուն: Այս ամենը, ինչպես Օշականի, այնպես էլ Աղաբեկյանի արտաքին տեքստում միահյուսված ամբողջական է, և մի տեսակ «վայրի բնության» նման է: Տեքստային ենթաշերտերի բազմազանությունն ու ենթատեքստային շերտավորությունը հանգեցրել են այն բանին, որ «…ժամանակակից մասսայական ընթերցողի կարիքները բավարարող հեշտագրություն չէ Օշականի վեպը…»(141): Այս առումով առավել «սարսափելի» է «Մնացորդաց» վեպը: Օշականի նույն սկզբունքն է առկա նաև եռահատոր «Մնացորդացում»: «Մնացորդացի» շուրջ ամեն վերլուծություն-ուսումնասիրություն, կարծում եմ, թերի կլինի: Աղաբեկյանի գրքի այս հատվածը ամենահաջողված և միևնույն ժամանակ թերացողն է: Սա իր մեղքը չէ բնավ: «Մնացորդացը», կարելի է ասել «թերի-կատարյալ» վեպ է: Երեք հատոր գրքի ընթերցումը հնարավոր է 30 գրքի ընթերցման ժամանակ խլի, նյարդեր սղոցի, խճճի իր բազմաբավիղ ճամփաներում. ընթերցողը կսիրի ու միևնույն ժամանակ կատի «Մնացորդացը»: Աղաբեկյանի ուսումնասիրության այս վեպին նվիրված «Հայոց կյանքի մեկդարյա համապատկերը» գլուխը հինգ ենթագլխից կամ մասից է բաղկացած: «Արգանդի ճամփով» ենթագլխում նա ծավալվում է «Մնացորդացի» կառուցվածքային առանձնահատկության շուրջ, ցույց է տալիս ոճական խաղարկումները և վեպի ներքին տարածականությունն է փորձում ցուցանել: Անդրադառնալով օշականյան նկարագրումին ու պատումաձևին գրականագետը նշում է. «Հոգեբանական վիճակների ու պահերի խոր ու համակողմանի վերլուծությամբ հոքիաթն ու իրականությունը միաձուլում, միահյուսվում են իրար»(128): Հրաշքի, հեքիաթի և իրականության համաձուլումը հետագայում տարածված ու բնորոշ էր դառնալու լատինամերիկյան գրականության մեջ: Կորտասարը մի առիթով խոստովանում է, թե իրենք բոլորն էլ տարբեր հեքիաթներ են պատմում միևնույն իրականության մեջ: Կյանքի բնական ընթացքը չի կարելի առանց հեքիաթի ու հրաշքի պատկերացնել: Յուրաքանչյուր ոք իրականությանը գումարում է իր երևակայության մի մասը, իր ճշմարիտ սուտը, այն սուտն ու հորինումը, որին ինքն անկեղծ հավատում է: Այսպիսին է նաև Օշականի պատկերած կյանքը: Հարևանների բամբասանքները, տերտերի իր տեսանկյունից պատմելը, թուրքերի հորինած ճշմարտությունը, կյանքի պատկերման կենսահյութն են գրողի բնագրում: «Գրողը մի քանի գծերով ստեղծում է խորապես բնական կերպարներ, որոնք թանձրացնում են միջավայրի գույները, բացում կյանքի տրտմաթախիծ իմաստասիրության նորանոր էջեր: Նկատենք, որ Օշականի փիլիսոփայական խոհերը ծավալվում են զգայությունների ներհոգեկան ապրումների, հույզերի ու խռովքների և դրանց հոգեբանական դրսևորումների վրահագեցված խոր ու համակող բանաստեղծությամբ:(147)» Թերևս այս պատճառով է, որ «Մնացորդացում» շրջանառվող թեմաներն այնքան շատ են, որ կարծես թե սարդոստայն է հյուսվում: Այս հանգամանքն էլ պայմանավորված է այն բանով, որ «Օշականին հաջողվում է մեծ վարպետությամբ «ձգձգել» խոսքը և «երկարացումի» պահը իմաստավորել այնպիսի խոր վերլուծություններով, դիտարկումներով, որ ընթերցողի միտքը պահում է համարժեք լարվածության մեջ» (130): Երկրորդ ենթագլուխը «Նալբանդենց գերդաստանի բարգավաճման և փլուզման բարոյահոգեբանական գործոնները», մի տոհմի պատմությանն է նվիրված:
Գ. Գ. Մարկեսը իր «Հարյուր տարվա մենությունը» գրեց հիմք ունենալով Բուենդիաների տոհմական պատմությունը: Նալբանդենց տոհմապատումը Օշականն ավելի վաղ է գրել:
Նալբանդենց գերդաստանում էլ կան ներընտանեկան ինտրիգներ:
Տոհմի ողբերգությունը վերածվում է ազգային աղետի և ստանում համամարդկային հումանիստական նշանակություն:
Երրորդ ենթագլխում«Մեղքերն ու տառապանքները ավարտվում են ոճիրով», գրականագետը բացահայտում է Նալբանդենց հարսի Աղվորի և ծառա Սողոմի մեղանչումը, որը անձնական աղետով է ավարտվում: Աղաբեկյանը բացում է Օշականի գրի ենթատեքստը. մեղքն ու ոճիրը իրար կապված են օրգանապես (143): Նա մանրազննին կերպով անդրադառնում է Աղվորի և Սողոմի կերպարներին, ցույց է տալիս նրանցից յուրաքանչյուրի դրաման, իմաստավորում հոգեբանական անցումները և ընդգծում է անհատ-միջավայր-կյանք փոխադարձ կապը:
Չորրորդ մասում«Կյանքի մեջ ու մահվան հետ», ոճրագործ դարձած Սողոմին է անդրադառնում նա: Աշխատության այս մասում Աղաբեկյանը վերհանում է «Մնացորդաց» վեպի փիլիսոփայական ատաղձը: Նա ցույց է տալիս այն ուղին, որը համեստ ու պարկեշտ Սողոմին վերածում է ոճրագործի ու կործանում նրա կյանքը. «Նրանց (Աղուոր-Սողոմ – Ա.Ա.) հարաբերումի մեջ բացարձակապես տիրական է դառնում սեռի բարբարոս բնազդն ու անասնական կիրքը»(146): Օշականյան մտահանգումը բացահայտ է. «Սեռային օրէնքի ամէն բռնաբարում, կանուխ ուշ պիտի հանգի աղէտի»: Հինգերորդ մասում «Արգանդի արկածըպետական դավադրություն», Աղաբեկյանը ծավալվում է թուրքական կառավարության բարբարոսության շուրջ, որն ընկած է վեպի հիմքում: Թուրքի մտածողության մեջ կարծրացած է ամեն ինչ հարմարեցնել իրենց ծրագրերի իրագործմանը: Ծրագրերից ամենագլխավորը հայերին բնաջնջելն էր, որն էլ «հրաշալի» կազմակերպվեց: Թուրքն ամեն ինչ շրջում է այնպես, որ կարողանա իրագործել իր ոճիր-ծրագիրը: Սողոմների ոճիրները օգտագործվում էր նոր ոճիրԵղեռնը իրագործելու համար: Թուրքերը խեղաթյուրում են իրականությունը, ստեր մոգոնում և «տեսականորեն հիմնավորում են իրենց մոգոնած սուտը»: Նալբանդենց տոհմի անկումը խորհրդանշում է ազգի կործանումը: Այս տոհմի ճակատագիրը բացառություն չէր, այն համատարած կրկնվում է հայ ընտանիքների համար և Նալբանդենց գերդաստանները հաջորդում են իրար: «Հայ-թուրք հարաբերությունները» գլխում Կիմ Աղաբեկյանը տալիս է 20-րդ դարասկզբին Արևմտահայաստանում տիրող իրավիճակի մանրամասն վերարտադրումը հիմք ունենալով Օշականի վեպերըմասնավորապես «Մնացորդացը»: Անվերջ կարելի է խոսել հայ-թուրք հարաբերությունների շուրջ, բայց այն ինչ Օշականն է տեսել և տվել իր վեպերում, երևի ոչ ոք այդ խորությամբ չի նկարագրել այդ հարաբերությունները: Կիմ Աղաբեկյանի մեկնաբանությունները խորքային են և հիմնավորված: Գրականագետը օգտվել է Նիկողայոս Ադոնցի և Միքայել Վարդանյանի պատմագիտական ուսումնասիրություններից, համեմատություններ անցկացրել նույն մտայնություններով աչքի ընկնող այլ հայ հեղինակների հետ, իսկ տողատակերի ծանոթագրությունները կարևոր իմացական-տեղեկատվական արժեք ունեն: Եվ ճիշտ է անում նա, երբ առանձնացնում է «Մնացորդաց» վեպում Մաթիկի և Մեհմետ փաշայի երկարաձիգ երկխոսությունը: Այս երկխոսությունը բանալի է դառնում Աղաբեկյանի համար թուրքի բորենի էությունը բացացուցանելու: «Օշականն իր վիպական դաշտանկարում ամենայն մանրամասնությամբ ցույց է տալիս, որ հայ ժողովրդին կորստի մատնելու ծրագիրը թուրքերը հղացել են վաղուց և առաջին համաշխարհային պատերազմից առաջ նրանք վերանայում, սրբագրում և որոշակիացնում են այն գործադրելու միջոցներն ու ժամկետները, ամենայն վճռականությամբ ու բացահայտ կերպով այն տեղափոխում գործնական հողի վրա»(181): Փաշայի խոսքերը սա են ապացուցում: Թուրքը ամեն ինչ անում էր, որ հայը իր կյանքն ու մերձավորին պաշտպանելու համար զենք վերցնի, իսկ ինքը պատճառ ունենա նրան կոտորելու: Աղաբեկյանը ամբողջական անդրադարձ է կատարում ժամանակաշրջանի քաղաքական վիճակին: Տալիս է Թուրքիո գործիչների մտայնությունները, զուգահեռ քննադատական կրակի տակ առնում նաև ռուսների վարած հանդուրժողական, նույնիսկ խրախուսական քաղաքականությունը: Արդյունքը բոլորիս պարզ է: Գրքի վերջին երկու գլուխներում Աղաբեկյանը անդրադառնում է «Մնացորդաց»-ից ածանցված վեպերին: «Ինչպես «Մաթիկ Մելիքխանեան» վեպը, այնպես էլ «Հարիւր մեկ տարուան» եռապատումը («Հաճի Մուրատ», «Հաճի Ապտուլլահ», «Սուլեյման էֆենտի» – Ա. Ա.) անջատված են «Մնացորդաց» վեպից» (235): Կիմ Աղաբեկյանը նախ անդրադառնում է «Մաթիկ Մելիքխանեան» վեպին, որը հայ հեղափոխական գործչի Մաթիկի գործունեության մասին է: Օշականն այս վեպում հեղափոխականի կենսագրության միջոցով է բացում իրականությունը: Հեղափոխական գաղափարականությունը չի ընդգծում վեպում և իր համար որդեգրում է նոր «… գեղարվեստական-ստեղծագործական սկզբունքըաշխատել պատկերել կյանքը իր լայն ու խոր ընդգրկումով» (209): Օշականի բոլոր վեպերում առկա է հայ-թուրք հարաբերությունների հիմնախնդիրը տարբեր հատույթներում: Այս հարաբերությունները իրենց մտային, հոգեբանական, սոցիալ-կենցաղային ենթաշերտերով արծարծվել են հեղինակի կողմից:
«Հաճի Մուրատ», «Հաճի Ապտուլլահ» և «Սուլեյման էֆենդի» վեպերում Օշականը հայ-թուրք հարաբերությունները տնտղում է 19-րդ դարի կեսերից սկսած:
Աղաբեկյանը ծավալվում է սուլթանի վարած քաղաքականության և հայկական ջարդերի շուրջ. հայերի բնաջնջման խնդիրը թուրքն իր առջև դրել էր դեռ վաղուց…
Երեք վեպերը միմյանց շարունակություն են և պատահական չի, որ մեկ«Հարիւր մեկ տարուան» ընդհանուր վերնագրի տակ են առնված: Ժամանակային լայն ու ընդգրկուն ծավալով է աչքի ընկնում այս եռապատումը: Օշականը մի ամբողջ դարի պատմություն է տալիս, փորձելով գտնել Եղեռնի պատճառները: Աղաբեկյանը համեմատաբար հպանցիկ է անդրադառնում այս վեպերի գործողություններին: Նա չի կարևորում դեպքերի ինչպիսի ընթացքը, այլ ցույց է տալիս օշականյան վեպերը իրար կապող օղակը: Օշականը այն հեղինակներից է, որ մեկ ընդհանուր բնագիր են ստեղծում, ինչպես օրինակ Հրանտ Մաթևոսյանը: Այստեղ է, որ դրսևորվում է նրա մեծությունը: Օշականը մաս չի ստեղծում, նա ամբողջ է ստեղծում և այդ ամբողջի մեջ նրա ստեղծագործությունները «…առանձին-առանձին միկրոաշխարհներ են, որոնք միավորվում են մեկ առանցքի շուրջ առավել տեսանելի ու ընկալելի դարձնելով քննարկվող խնդիրները` իրենց պատճառահետևանքային կապերի մեջ»(138):
Աղաբեկյանի գիրքի վերջին երկու գլուխներում հապճեպություն է նկատվում: Զգացվում է, որ դժվար է եղել հեղինակի համար աշխատանքն ավարտելը: Այնուամենայնիվ գիրքը շատ կարևոր է հայ գրականության պատմության համար: Այն նաև օկտակար կլինի ուսանողների համար, ծառայելով որպես ուսումնական ձեռնարկ:
Օշականի ստեղծագործությանը հայաստանյան գրականագիտությունը այս ծավալով դեռևս չէր անդրադարձել: Անշուշտ, արժանի են հիշատակման լուսահոգի Գրիգոր Հակոբյանի հոդվածները: Աղաբեկյանի Օշականի արձակի այս ամբողջացման փորձը, անկասկած ողջունելի է և ոգևորող: Անշուշտ, նա ամեն ինչ չէ, որ ասել է: Այնուհանդերձ այս գիրքը դեռևս կուղղորդի ապագա ուսումնասիրողներին» »: