Վախճանվել է ականավոր գրականագետ Կիմ Աղաբեկյանը

174

Գրականագետ, գրաքննադատ, ԵՊՀ Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ
Ցավով հայտնում ենք, որ սրտի կաթվածից մահացել է Երևանի պետական համալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը։
1938 թ․ Սյունիքի Հարժիս գյուղում ծնված Կիմ Աղաբեկյանը հայտնի գրականագետ էր։ Գրել է Գուրգեն Մահարուն, Հակոբ Օշականին, Հրանտ Մաթևոսյանին, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակին նվիրված ուսումնասիրություններ։ Հայաստանի գրողների միության անդամ էր։ Գրական մամուլում հանդես է եկել ժամանակակից հեղինակների գործերին վերաբերող հոդվածներով։
Բացի Երևանի պետական համալսարանից՝ Կիմ Աղաբեկյանը դասավանդել է նաև Բեյրութում՝ Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկում, և Գորիսի պետական համալսարանում։ Սիրված էր գործընկերների և ուսանողների կողմից։ Կենսախինդ, կոլորիտային և հումորով մարդ էր։
Ցավակցում ենք Կիմ Աղաբեկյանի հարազատներին և մերձավորներին։
Հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ հուլիսի 27-ին՝ ժամը 18.00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում»։