ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրի

83

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ ծանոթանալու հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքներին և քննարկելու առաջացած խնդիրներն ու դրանք լուծելու հնարավորությունները։

Գյումրիի Երևանյան խճուղու սկզբնամասում գտնվող կամրջի մոտ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ տեղակալ Կարեն Եղշաջյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իրավիճակը:

Այնուհետև նախագահ Սարգսյանը հանդիպել է բնական աղետից տուժած ընտանիքների հետ, անմիջապես տուժածներից տեղեկացել նրանց կրած վնասների մասին:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպմանը Հանրապետության նախագահին տեղեկություններ են հաղորդվել հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի հետևանքով առաջացած՝ քաղաքացիների խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվող միջոցառումների մասին: Նախագահը հետաքրքրվել է տուժած ընտանիքների վիճակով։ «Այնպիսի տպավորություն է, որ հարվածը եղել է կրկին ցավոտ տեղին, տուժել են այն մարդիկ, որ ապրում են տնակներում,-նշել է նախագահը: -Այդ մարդիկ այսօր դժվար վիճակի մեջ են, և չենք կարող նրանց խնդիրներն անտեսել»:

Հանրապետության նախագահն ասել է, որ իր հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի կողմից արդեն իսկ ծրագրվել են և ընթացքի մեջ են տուժած ընտանիքներին աջակցության որոշակի ծրագրեր: Մասնավորապես, այդ ընտանիքների համար ձեռք է բերվել կենցաղային տեխնիկա, որը շուտով կհանձնվի հասցեատերերին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ նման բարդ իրավիճակում հայտնված որևէ մեկն անտեսված չպետք է լինի․ «Էական է, որ մարդիկ իրենց մոռացված չզգան, գյումրեցիներն իմանան, որ ուշադրության կենտրոնում են, չնայած կորոնավիրուսին, չնայած սահմանային ընդհարումներին»:

Նախագահը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ուշադրությունը կենտրոնացված է առողջապահության համակարգի և առողջության հետ կապված խնդիրների վրա․ համավարակը ողբերգական հետևանքներ է ունենում՝ մարդկային կյանքեր խլելով: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ, անշուշտ, կարևոր է վիճակագրական տվյալներ ունենալ ցանկացած իրավիճակի վերաբերյալ, սակայն միշտ պետք է հիշել, որ ցանկացած թվի հետևում մարդկային կյանք ու ճակատագիր է: Ինչպես Գյումրիում տեղացած անձրևների պարագայում, այնպես էլ ավելի մեծ ու, ցավոք, նաև մարդկային կյանքեր խլող համաշխարհային աղետի՝ կորոնավիրուսի համավարակի դեպքում պետք է ամեն ինչ անել, որ որևէ մեկն իրեն անօգնական չզգա:

Նախագահ Սարգսյանը մարզային և քաղաքային իշխանություններին հորդորել է ավելի պատրաստված լինել, ենթակառուցվածքները վերանորոգելիս կամ նորը կառուցելիս հաշվի առնել նաև նման տարերքների հավանականությունը. «Եթե կոյուղի կամ ջրահեռացման գիծ ենք կառուցում, կամ բնակելի շենքի կամ դպրոցի տանիք ենք ամրացնում, պետք է հաշվի առնել նաև եղանակային հնարավոր փոփոխությունները»:

Մարզային ու քաղաքային իշխանությունների ղեկավարները Հանրապետության նախագահին տեղեկություններ են ներկայացրել մարզի և մարզկենտրոնի զարգացմանն ուղղված ընթացիկ ու նախատեսվող ծրագրերի մասին: Նախագահն ասել է, որ որևէ ծրագիր իրականացնելիս չափազանց կարևոր է Գյումրիի դիմագծի և, առհասարակ, մարզի պատմամշակութային միջավայրի պահպանությունը: «Գյումրին գեղեցիկ է իր պատմաճարտարապետական յուրահատուկ ոճով: Այս գեղեցկությունը պետք է պահպանել, սա Հայաստանի ադամանդն է, և պետք է շատ ուշադիր լինել,-ասել է նախագահ Սարգսյանը: -Մեր ունեցած արժեքներին շատ ավելի զգայուն պետք է վերաբերվենք, շատ խնամքով պահպանենք»:

Գյումրիի ծրագրերի համատեքստում անդրադարձ է եղել նաև մեծ մտածող, փիլիսոփա, ծնունդով գյումրեցի Գեորգի Գուրջիևի այգի, գուրջիևյան միջավայր ստեղծելու նախագահական նախաձեռնությանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ծրագրի իրագործումը նպաստելու է քաղաքի զարգացմանը թե՛ զբոսաշրջային, թե՛ մշակութային ու սոցիալ-տնտեսական ուղղություններով: Նշված ծրագրի իրականացման համար դիտարկվում է Գյումրու Կարսի խճուղու վրա գտնվող նախկին զորամասի տարածքը: