Կոչ՝ Ռուսաստանում ապրող հայկական համայնքին

92

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը և Ռուսաստանի հայերի միությունը համատեղ հայտարարություն են տարածել:

«Ռուսաստանի Դաշնության տարածքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն լուրջ մտահոգություն են առաջացնում ոչ միայն մեծաթիվ հայ համայնքի շրջանում, այլև փաստացի մի շարք մարտահրավերներ են առաջ բերում Ռուսաստանում ազգամիջյան համաձայնության պահպանման հարցում: 

Այս օրերին, ցավոք, բախվել ենք Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը ՌԴ տարածք տեղափոխելու փորձին, և դրանով երկու ժողովուրդների համայնքների միջև կոնֆլիկտային օջախներ ստեղծելուն։

Ակնհայտ է, որ լարվածությունը սրելուն ուղղված բազմաթիվ սադրանքները Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքներում, այդ թվում սոցցանցերի ռուսական տիրույթում, դիտավորյալ բնույթ են կրում և նպատակ ունեն օրենքով արգելված տարբեր գործողություններում հայ համայնքի ներկայացուցիչներին ներգրավելու:

Այդ կապակցությամբ մենք դիմում ենք ՌԴ-ի տարածքում բնակվող մեր հայրենակիցներին՝ խնդրելով չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի և հավաքի, ինչպես նաև զերծ մնալ սոցցանցերում և տարբեր մեդիա հարթակներում պատասխան գործողությունների դիմելու կոչերից:

Մենք նաև խնդրում ենք ձեզ զգոն և զսպված լինել, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պահպանել ՌԴ օրենքները, մշտական կապի մեջ լինել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի և Ռուսաստանի հայերի միության հետ, ինչպես նաև հնարավոր սադրանքների դեպքում դիմել իրավապահ մարմիններին։

Հայտնում ենք նաև, որ մենք շարունակում ենք սերտ կապի մեջ գտնվել ՌԴ իրավապահ մարմինների և իշխանությունների հետ՝ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար»,–նշված է հայտարարությունում: