Ընկերներն ու ուսանողները համալսարանում հայացքով կորոնեն նրան…

273

Հուլիսի 21-ին կյանքից հեռացավ անվանի հայագետ Ռուբեն Սաքապետոյանը: Շատերին է ծանոթ այս անուն ազգանունը, որի կրողը հաղթահարել է կյանքի նետած բոլոր մարտահրավերները:
Անաչառ հայագետը, հավատարիմ ընկերն ու հոգատար դասախոսը զոհ դարձավ մարդկությանը պատուհասած համավարակին:  Ռուբեն Սաքապետոյանի կորուստը բոլորինն էր` ընտանիքինը, բարեկամներինը, ընկերներինը, Երևանի պետական համալսարանինը, հայ բանասիրության ֆակուլտետինը, դասախոս-գործընկերներինը, ուսանողների այն տասնյակ սերունդներինը, որոնց դասավանդել է նա, և վերջապես` ընդհանուր հայագիտությանը:
Նրա  մահվամբ փլվեց հայ բանասիրության ֆակուլտետի հենասյուներից մեկը: Դարանակալ մահը  տապալեց  արևմտահայերենի վերջին  մոհիկաններից մեկին:
Հայ բանասիրության ֆակուլտետի իր գործընկերներն ու ուսանողները սեպտեմբերին հայացքով կորոնեն նրան, իսկ նա դռներից դուրս է եկել և էլ չի վերադառնալու…
Իր ուսանողների հուշերում կապրի նա, իր ուսանողի հուշերում անմեռ է նա: Ժամանակին է պահ տրված նրա անունն ու հիշատակը, որն, անշուշտ, դեռ կգանահատի ըստ արժանվույն չգտանահատված այս մարդուն: Նա, որ իր կյանքի մեծ մասը, ավելի քան կես դար, անցկացրեց Երևանի պետական համալսարանում` ծառայելով հայագիտությանն ու տասնյակ սերունդեր կրթելով, դեռ նոր-նոր պետք է գնահատվի ըստ արժանվույն:
Հանգչես խաղաղությամբ, ազնիվ մարդ…

Ստորև ներկայացնում ենք Ռուբեն Սաքապետոյանի կյանքի կարևոր դրվագները.

Ծնվել է 1944թ. հոկտեմբերի 11-ին Բեյրությում (Լիբանան): 1960թ. ավարտել է Երևանի թիվ 63 միջնակարգ դպրոցը, 1966թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:
1974թ. պաշտպանել է թեկնածութական, 2005թ.` դոկտորական ատենախոսություն: 2004թ. նրան շնորհվել է դոցենտի, 2007թ.` պրոֆեսորի կոչում:
1967_2009 թթ. Աշխատել է ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնում, 2009-2014 թթ.` եղել հայոց լեզվի պատմության ամբիոնի  վարիչ: 2015-ից նույն ամբիոնի պրոֆեսոր է:
1991-92թթ. Գործուղվել է Բերյութ և ղեկավարել «Հյուսիսյան»հայագիտական ամբիոնի աշխատանքները:
Հեղինակ է շուրջ 50 գիտական հոդվածների. «Ե.Չարենցի արձակի լեզուն և ոճը» (Բեյրութ, 1992), «Արևմտահայերեն-արևելահայերեն ուղղախոսական-բացատրական բառարան» (Եր.2000), «Արևելահայերենի և արևմտահայերենի բառապաշարային առանձնահատկությունները» (Եր. 2004), «Արևմտահայերենի դասագիրք» (Եր. 2006), «Արևմտահայերեն-արևելահայերենի նոր բառարան» (Եր, 2011) աշխատությունների:
Համահեղինակ է ՀՀ ավատ դպրոցի Հայոց լեզվի դասագրքերի:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական 2 ատենախոսություն:
Նրա ամենամեծ կոչումը մարդ կոչումն էր: