Անընդհատ հարվածեք իշխանությանը այն ուռճանալու հակում ունի

152

Վերնագրում ասված միտքը, երբ եւ ում կողմից էլ հնչեցված լինի, հանրային ընկալման առումով ընդունելի է համարվում: Հենց թեկուզ այն մոտեցումով, որ իշխանություններն իրենք էլ գոհ չեն լինում սեփական գործողություններից, ինքնաքննադատաբար են մոտենում արված որոշ քայլերին: Այնպես որ կողքից ասված որեւէ խոսք հարկ է ըմբռնումով ընդունել, քանզի նպատակը մեկն էՙ երկրի ու մարդկանց բարեկեցությունը:

Վստահ եմ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ, իր քաղաքացիական կարգավիճակից ելնելով, այս դիրքորոշումով է մոտենում մեզանում ծավալվող գործընթացներին: Նրանց շատ քիչ է մտահոգում, երբ ինչ-որ մեկը կատարյալ հայերենով բառակույտեր է արտաբերում, որոնցում նվազագույնս չեն հիշատակվում իր այսօրվա ու վաղվա կյանքի ու կենցաղի խնդիրները, քանզի նպատակ է հռչակվում ինչ-որ հեղափոխություն իր ողջ գրավչությամբ: Ավաղ, տեսանք եւ տեսնում ենք, որ Հայաստան աշխարհամասն առայժմ մեր ակնկալիքների մակարդակով չի կայանում, ասպարեզում հայտնվում են պատճառաբանություններն ու արդարացումները, խաթարվում է հանրություն-իշխանություն կապը: Այսօր այս միջավայրում է ապրում Հայաստան երկիրը, հայաստանյան հանրությունը: Իրոք դժվար է գուշակել, թե ուր կտանեն մեզ իրադարձությունները, որտեղ կհայտնվենք:

Խուճապային տրամադրություններից մասամբ հեռու մնալու նպատակով փորձեմ զուգահեռներ անցկացնել, ասենք, շատերի համակրանքը վայելող Կուբա  պետության օրինակով: 1960-ին միապետին տապալելու արդյունքում իրականացված հեղափոխության շնորհիվ  իշխանության եկավ Ֆիդել Կաստրոն: Խոստումներն այնքան գրավիչ ու նպատակները գերող էին, որ միլիոնավոր կուբացիներն իրենց երիտասարդ առաջնորդի բոցաշունչ ելույթներն ունկնդրում էին ժամեր շարունակ, օրերով եւ շաբաթներով, անգամ տասնամյակներով: Մարդիկ ապրում էին այն գայթակղությամբ, որ ահա այս ու հերթական այն խոչընդոտները հաղթահարելուց հետո երկրում խոստացված բնակարանաշինություն կսկսվի, թեկուզ խրուշչովկաների մակարդակով, էլեկտրականություն կունենան, սառնարաններ կհայտնվեն, դրանցում կաթի ու մսի վերամշակումներ կպահեն: Ավաղ, դրանք երազանք են Կուբան 48 տարի ղեկավարած Ֆիդել Կաստրոյի մահից հետո էլ, մեր օրերում, երկրի պատմության 60-ամյակի տարում:

Փորձեմ նշել երկրի խնդիրների առումով հիմնական տնտեսական ոլորտներից 1-2-ի վիճակագրությունը: 1960-ին Կուբայի բնակչությունը 7,5 մլն էր, գյուղատնտեսությունում պահվում էր 6,5 մլն խոշոր եղջերավոր, որը երաշխավորում էր մարդկանց առաջնահերթ անհրաժեշտ սնունդը: Ի՞նչ ունի Կուբան այսօր. 11 մլն բնակչություն եւ հազիվ 4 մլն խոշոր եղջերավոր, իր հետեւանքներով: Վիճակը բարվոք չէ էլեկտրաարտադրությունում, ուր 1 բնակչի հաշվով տարեկան էլարտադրությունը 1700 կվտժամ է, հարեւան ոչ հարուստ Մեքսիկայումՙ 2500 կվտժամ, ԱՄՆ-ումՙ 12000 կվտժամ, ՀՀ-ումՙ 2000 կվտժամ: Բարյացակամ գտնվեմ եւ ընդամենը հավելեմ, որ զբոսաշրջային այս դրախտը դիտարկվում է որպես… հնամաշ ավտոմեքենաների գերեզմանոց: Եվ սա, պայքար, էլի պայքար, կրկին պայքար, նորից պայքար ձեւաչափով, որի ավարտն այդպես էլ չի նշմարվում:

Անշուշտ ՀՀ իշխանությունը նման մոտեցումը կարող է անպատեհ համարել ու հակափաստարկ ներկայացնել, որ տնտեսական հեղափոխության առումով իր քայլերը բովանդակային բարեփոխումներ են խոստանում: Հենց թեկուզ օրեր առաջ նախաձեռնած աշնանացան ցորենի սերմացուի համաֆինանսավորման տեսքով: Համաշխարհային վիճակագրությունը հաստատում է, որ ինչքան էլ ցորենը ռազմավարական համարվի, գյուղոլորտում նաեւ այլ պատկեր է հաստատվում: 2000-2017 թվականներին ցորենի համաշխարհային արտադրությունը 585 մլն տոննայից հասել է 770 մլն տոննայի, աճել 185 մլն տոննայով, այն դեպքում, երբ տնտեսական ոլորտում լոկոմոտիվի դեր կատարող եգիպտացորենի հատիկի արտադրությունը նույն ժամանակահատվածում աճել է 543 մլն տոննայով, 592 մլն-ից կազմելով 1,135 մլրդ տոննա: ՀՀ-ի պարագայում այս մշակաբույսի կարեւորությունը դեռեւս 2004 թվականին հաստատել է ՀՀ-ում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի պատասխանատուներից Տիգրան Խաչատրյանը, հեղինակիս մի գրավոր հարցմանը նույնպես գրավոր հաստատելով. §Վերջին տարիներին նկատվում է եգիպտացորենի ցանքսերի ավելացում գրեթե ամբողջությամբ հատիկի ստացման նպատակով. 2001-ին 2,6 հազար հեկտար, 2004-ին 3,8 հազար հեկտար¦:

Հիմա սույն պաշտոնյան երկրի գյուղոլորտի անմիջական պատասխանատուն է եւ պիլոտային ծրագիր է իրականացնում որոշ ցանքատարածություններից լրացուցիչ ցորեն ստանալու նպատակով: Այս խնդրին օրերս շատ մանրամասն անդրադարձավ ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի փորձագետ, ոչ վաղ անցյալում ՀՀ գյուղփոխնախարար Աշոտ Հարությունյանը, այն գնահատելով անհասցե, լավագույնս չհաշվարկված, երկրի պարենանվտանգությանը չնպաստող: Այնպես որ թող ՀՀ տնտեսությունը սպասի, կաթնամթերքը չգիտես ինչու կաթ պարունակող մակնշվի, պանիրըՙ պանրային մթերք անվանվի, գերմանական հայտարարվող տեղական արտադրության երշիկեղենը մսի գնի կես արժեքով առաջարկվի ու պահանջարկ չվայելի, բուսայուղը ՌԴ-ից ներկրվի, կոշիկի ու կահույքի համար անհրաժեշտ կաշին Թուրքիայից, կարագը Ֆինլանդիայից, շաքարի հումք շաքարեղեգը Լատինական Ամերիկայից…

Հանկարծ ու որեւէ մեկի մտքով չանցնի այս վիճակը ներկրողների շահերի սպասարկում համարել, ՀՀ պարենանվտանգությունը վտանգված դիտարկել, ՀՀ գործադիր մարմնի էլ արած-չարածը անկարողություն գնահատել, թիկունքից հարված որակել: Ներկայացվածներն ընդամենը փաստեր են, որոնք նաեւ գնահատականներ են պարունակումՙ խիստ անբարենպաստ ՀՀ լիարժեք կայացման առումով:

Գեղամ Քյուրումյան