Մադոննան կալաշնիկովը ձեռքին

159

Ֆոտոլրագրող Օլեգ Կլիմովի հիշողություններից։

Եթե դուք հետևում եք լուրերին, ապա գիտեք այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հարաբերությունների սրման մասին։ Դա կոչվում է «տեղեկատվական առիթ»։ Բնական է, որ այս կապակցությամբ երկու հեռուստաընկերություն մեկնաբանությունների համար ինձ են դիմել իմ «Մադոննան կալաշնիկովը ձեռքին» լուսանկարի կապակցությամբ (Էլլա Հարությունյան, 1992)։

1992 թվականի ամռանը Արցախում ադրբեջանական զորքերի հարձակումը իրականացվում էր անկանոն զինված ջոկատների ուժերով, որոնք ենթարկվում էին միայն իրենց դաշտային հրամանատարներին։ Նրանց աջակցում էր նաև ռուսական 28-րդ դեսանտային գունդը՝ Վլադիմիր Շամանովի հրամանատարությամբ։

Այս լուսանկարը ես ստեղծել եմ 1992-ի հունիսին Ստեփանակերտում։ Այդ ժամանակ ես գիտեի միայն, որ կինը ոտքով եկել է Շահումյանի շրջանից։ Ինձ հայտնի չէր ոչ նրա անունը, ոչ էլ այն, թե ինչու է ձեռքին բռնել Կալաշնիկովի ավտոմատը։ Այն ժամանակ ինձ թվում էր, թե դա հասարակ պատմություն է։ շուրջս հարյուրավոր գաղթականներ կային, բայց ես նրան ընտրեցի, քանի որ ձեռքին ավտոմատ կար։ Լուսանկարիչները մշտաես փնտրում են պատկեր, ձև կամ կլիշե՝ իրադարձությունների խորհրդանիշ։ Ես էլ այդպես վարվեցի։ Ծնկի եկա, լուսանկարեցի առնվազն 15 կադր։ Երկրորդ անգամ ես այդ կնոջը տեսա 20 տարի անց։

2004 թ․ Նիդերլանդների լուսանկարների թանգարանը այդ նկարը որպես գլխավոր լուսանկար ընտրեց անհատական ցուցահանդեսում՝ իմ «Կայսրության ժառանգությունը» ալբոմի թողարկման կապակցությամբ։ Քննադատները այս լուսանկարն անվանեցին «Մադոննան կալաշնիկովը ձեռքին»։

Երբ ես նրան նորից տեսա քսան տարի անց, նա չիչխան էր հավաքում Սևանա լճի ափին։ Ես մինչև հիմա չգիտեմ, թե ինչու եմ ուզում գտնել իմ լուսանկարների որոշ հերոսների։ Գուցե նրանց, ում ինչ-որ բան չեմ ասել կամ հարցրել։

Այն պահին, երբ ես ստեղծեցի այդ լուսանկարը, Էլլան սպասում էր իր որդի Անդրոնիկին, որը պետք է ժամաներ Երևանից։ Ավտոմատը նրան էր պատկանում։ Նա եկավ հաջորդ օրը, և Էլլան նրան վերադարձրեց կալաշնիկովը։ Նա զենքով մեկնեց ռազմաճակատ, և Էլլան նրան այլևս երբեք չտեսավ։ Անդրոնիկը անհետ կորավ Մարտակերտի շրջանի մարտերի ժամանակ, Էլլան մինչև օրս հույս ունի, որ նա ինչ-որ տեղ գերության մեջ է, և հավատում է նրա վերադարձին։

2005 թվականին Էլլային ախտորոշեցին «ուռուցքային հիվանդություն մետաստազներով»։ Մնում էր ապրելու վեց ամսից ոչ ավելի։ Դա հենց այն ժամանակ էր, երբ լուսանկարը մասնակցում էր «Կանայք ընդդեմ պատերազմի» մրցույթին։ Տասնյակ հազարավոր մարդիկ տեսնում էին այդ լուսանկարը փողոցում, և նրանցից ոչ մեկը (այդ թվում ես) չգիտեր, որ Էլլան ինքը այդ ժամանակ պայքարում էր կյանքի համար։ Լուսանկարին անծանոթ մարդկանց հառած հայացքները գուցե նույնպես նրան օգնում էին ապրել։ Ես կուզենայի հավատալ դրան։

Էլլան ապաքինվեց, իսկ «Կանայք ընդդեմ պատերազմի»-ից ինձ հայտնեցին, որ լուսանկարի նեգատիվը այլևս չկա, այն կորել է։

Ես Էլլա Հարությունյանին նվիրեցի «Մադոննան կալաշնիկովը ձեռքին» լուսանկարի մեծ արտատպվածքը։ Նա այն պատին կախեց զոհված հարազատների մյուս լուսանկարների հետ և վաղ առավոտյան շուկա գնաց թարմ ձուկ վաճառելու։ Շրջանը փակվեց, մարդը և իր կերպարը հանդիպեցին և հիմա կապրեն միասին։ Ինձ համար նրանք առհավետ դարձան մեկ ամբողջություն։

Թարգմանեց Արևիկ Քեշիշյանը։

Մանրամասները տես՝ https://www.facebook.com/olegaklimov/posts/10158680766171462