Հաջիևի տեսակետը հակամարտության վերաբերյալ

102

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է․ «Սրացումը Հայաստանի զինված ուժերի կողմից կանխամտածված սադրանք էր և ռազմաքաղաքական արկածախնդրություն: Մենք դա համարում ենք ագրեսիա, ահաբեկչություն, Ադրբեջանի դեմ զինված ուժերի ապօրինի օգտագործում և պետական ​​սահմանը խախտելու փորձ»:

Այն հարցին, թե ինչ կարելի է անել, որպեսզի հետագայում բացառվեն նման իրավիճակները, Հաջիևը պատասխանել է, որ սա ևս մեկ անգամ շեշտում է հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) և ամբողջ միջազգային հանրության գործողությունների ուժեղացման անհրաժեշտությունը: Տարածաշրջանի խաղաղության և անվտանգության սպառնալիքի հիմնական աղբյուրը հակամարտության չլուծված կարգավիճակն է:

Հաջիևը նշել է, որ իրականությանը չի համապատասխանում հայկական կողմի այն պնդումը, թե վերջին երկու տարվա ընթացքում բանակցային գործընթացում առաջընթաց է գրանցվել: Իրավիճակը նա անվանել է «բանակցային գործընթացի իմիտացիայի շարունակություն»։

Ըստ Հաջիևի՝ Թուրքիայի տարածքով Սիրիայից Ադրբեջան գրոհայիններ տեղափոխելու տեղեկատվությունը անհեթեթություն է: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը չի թաքցնում իր սերտ ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի և այլ երկրների հետ:

Այն հարցին, թե Հաջիևը երբ է ակնկալում նոր բանակցություններ Հայաստանի հետ, նա պատասխանել է՝ «Սպասենք համանախագահներին: Մենք ակնկալում ենք կոնկրետ ծրագրեր, համանախագահների կողմից կոնկրետ առաջարկներ՝ կապված առարկայական բանակցային գործընթացի շարունակման հետ, որպեսզի ապահովվեն ադրբեջանական տարածքների ազատագրումը օկուպացիայից և ադրբեջանցի փախստականների վերադարձը իրենց տներ»: