Բարձր գնահատականով ցածր ինքնագնահատական և հակառակը

136

Համավարակի պատճառով այս տարի դիմորդները միասնական մեկ քննություն հանձնեցին: Դա նույնն է, թե հրաձիգին ասեն՝  մեկ փամփուշտ ունես, կպավ՝ կպավ, չկպավ…

Այս տարի դիմորդների մի մասի համար կպավ, մյուսների համար չկպավ: Չկպավ մոտ 740-ի համար:  740 դիմորդ դրական գնահատական է ստացել, բայց  հայտերով նշված 9 տեղերից եւ ոչ մեկով չի ընդունվել բուհ: Պետությունն ասում է՝  ստացիր դրական գնահատական, անգամ  7, 5 միավորն է բավական ուսանող դառնալու համար, բայց արի ու տես, որ մյուս կողմից էլ  18, 75 միավորով ոսկեմեդալակիր բերդավանցի դիմորդն այս տարի ուսանող չի դառնալու: Նա առաջին հայտով նշել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը: Բոլոր ժամանակներում դժոխային մրցակցությամբ աչքի ընկնող իրավաբանականում 18, 75-ը չի բավարարել  անգամ վճարովի տեղի համար, եւ աղջիկը դուրս է մնացել բոլոր մրցույթներից, որովհետեւ իր նշած 2-րդ, 3-րդ եւ մնացած հայտերով  մասնագիտություններում տեղերն արդեն զբաղված են եղել: Կարը հետեւյալն է՝ գերակա է առաջին հայտը: Եթե առաջին հայտով դիմորդի միավորները չհերիքեն, ուրեմն նա պետք է սպասի, մինչեւ իր նշած մյուս հայտերում, որոնք ուրիշ դիմորդների համար առաջին հայտ են, մրցութային տեղերը լրացվեն, եթե թափուր տեղեր մնան,  ինքը կարող է մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Իսկ ոչ թափուր տեղերը կարող են զբաղեցնել անգամ 7,5 միավոր ստացած դիմորդները, քանի որ նրանք այդ մասնագիտությունը նշել են առաջին հայտով: Մի խոսքով՝ պատճառահետեւանքային կապերի մի լաբիրինթոս.  դիմորդից ուսանողի վերածվելու համար հավանականության տեսության փայլուն մասնագետ ու պայծառատես պետք է լինել: Մեկ կամ երկու դեպքի մասին չէ խոսքը, այլ մի ամբողջ 740-ի, որը բավական մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ այս տարի դիմորդների թիվը եղել է  12. 500: Այսինքն՝ դիմորդը պետք է բավականին հստակ ենթադրեր, թե իր նշած ֆակուլտետներում մոտավորապես քանի միավորն է անցողիկ լինելու, քանիսը բարձր ստացած կլինեն, քանիսը՝ ցածր,  որքան են իր շանսերը:  Փաստորեն,  բացի իրավաբանականից, բժշկականի բուժֆակից ու էլի մեկ-երկու ֆակուլտետից, մնացած բաժիններում առաջին հայտի դեպքում  գնահատականը կարեւոր չի եղել: Ում բախտը բերել է, մրցույթը մեծ չի եղել, ամենացածր միավորով անգամ  ընդունվել է:  Արդյունքում՝ նվազագույն դրական միավոր ստացած դիմորդն ուսանող է դարձել, իսկ 18, 16, 15 ստացածները դուրս են մնացել:

  Ի դեպ, այս տարի առաջին հայտով ԵՊՀ իրավաբանական դիմած 48 դիմորդ  20 միավոր է ստացել: Այսինքն՝ 48 հոգի պայքարել է 2 անվճար տեղի համար: Խիստ ընթացակարգով՝ օլիմպիադաներում հաղթանակ, ոսկե մեդալ, կարմիր վկայական, մեծ դժվարությամբ 48-ից վերջապես ընտրվել են 2 երջանիկները: Աբսուրդ է՝  ամենաբարձր 20 միավոր վաստակած մյուս 46 դիմորդներն անցել են վճարովի համակարգ: Շատ խելացի լինել պետք չէ եզրակացնելու համար, որ եթե դիմորդին տրվեր երկրորդ մասնագիտական առարկայից քննություն հանձնելու հնարավորություն, ապա ընդունելության  պատկերը լրիվ ուրիշ կլիներ, արժանավորներին ընտրելն էլ՝ անհամեմատ հեշտ: Եվ ուրեմն 48 հատ 20-ի կողքին Բերդավանցի դիմորդն իր 18, 75-ով մրցունակ չի եղել: Բայց արդյո՞ք ազնիվ է նրան ուսանող դառնալու իրավունքից զրկելը: Չէ՞որ 18, 75-ը գերեզանցից մի քիչ է պակաս:

Բուհերից դուրս մնացած մյուս 739 դիմորդների նման բերդավանցի Նելլի Ազատյանն  էլ է մասնակցում ԳԹԿ-ի, ԱԺ-ի դիմաց կազմակերպվող  բողոքի ցույցերին: Բոլորն ունեն բողոքելու իրավունք, որովհետեւ իրավունք է խախտվել: Դիմորդներն ու նրանց ծնողները պահանջում են ԿԳՄՍ նախարարությունից բուհերում  վճարովի նոր տեղեր ավելացնել: Այլ տարբերակ էլ են աաջարկում՝  բուհեր ընդունված ուսանողները թող առաջին կիսամյակում քննություն հանձնեն, ով կտրվի, իր տեղը զիջի դրական միավոր ստացած, բայց մրցույթներից դուրս մնացած մյուս դիմորդներին:

  Դիմորդերն ու նրանց ծնողները դիմում-նամակներ են ուղարկել ԱԺ-ի հանձնաժողովներին, պատգամավորներին, ԿԳՄՍ նախարարությանը՝ պահանջելով դրական պատասխան: ԱԺ-ում հանձնաժողովի նիստին նախարարության պատասխանատուներից ոչ ոք չի ներկայացել, հետեւաբար,  բողոքող դիմորդների հարցի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել:

Ընդունելության այսօրինակ կարգի հեղինակներն առաջին հայտի գերակա լինելը  բացատրում են այսպես՝  այսուհետեւ պետք է կարեւորվի ոչ թե ուղղակի  բուհ ընդունվելը, այլ մասնագիտություն ընտրելը: Տարիներ շարունակ բարձր միավոր ստացած, բայց առաջին հայտով չընդունված դիմորդը գրավել է մեկ այլ դիմորդի տեղը. ոչ թե մասնագիտության ընտրության, այլ միավորների պայքար է եղել: Իրավաբանական չընդունվածը դուրս է մղել արեւելագիտականի դիմորդին, արեւելագիտական չընդունվածը  դուրս է մղել պատմականի դիմորդին, եւ արդյունքում ունեցել ենք սովորող, ուսանող, որին չի հետաքրքրել իր մասնագիտությունը, նա ուղղակի իր բարձր միավորներով զբաղեցրել է քիչ ավելի ցածր միավոր վաստակած, բայց մասնագիտություն ընտրած դիմորդի տեղը: Արդյունքում տարիներ շարունակ ունեցել ենք դիպլոմավոր ոչ մասնագետներ, որոնք ուղղակի բարձրագույն են ավարտել, բայց իրենց մասնագիտությամբ մեծ մասամբ չեն էլ աշխատել ու չեն հետաքրքվել:

Ինչ խոսք,  բարձր միավորներով ոչ մի տեղ չընդունված դիմորդների իրավունքներն ու շահերը չի կարելի անտեսել, ի վերջո, նրանք էլ են մասնագիտություն ընտրել առաջին հայտով, բայց հիմա պատրաստ են սովորել «չնախընտրած»  բաժիններում, որովհետեւ մեկ տարի կկրոցնեն, որովհետեւ անորոշ է՝  ինչ կսպսավի նրանց հաջորդ տարվա ընդունելության քննություններին. «որովհետեւ»-ները շատ են:

ԿԳՄՍ նախարարությունը դեռ մայիսից է պարբերաբար կրկնել, որ այս տարի առաջնահերթությունը տրվելու է ընտրած մասնագիտությանը, այսինքն՝ առաջին հայտին, բայց ակնհայտ է, որ մեկ քննություն հանձնելու շանսը բաց չեն թողել նաեւ  բախտախնդիրները, նաեւ նրանք, ովքեր գումարի պատճառով չեն պարապել կրկնուսույցի մոտ, բայց մեկ քննություն հանձնելով՝ իրենց  բախտը փորձել են: Ուռկանը գցեմ ծովը, կբռնե՞մ ոսկե ձկնիկին, լավ, չեմ բռնի՝ կորցնելու բան չունեմ: Մեկ էլ ե՞րբ մեկ քննություն հանձնելով՝  բուհ ընդունվելու հնարավորություն կտրվի: Դիմորդների մի մասն էլ հեշտ ճանապարհից օգտվելով, որեւէ առարկա պարապած չլինելով՝ նվազագույն գիտելիքով  դիմել է ոչ շատ պահանջված  ֆակուլտետ, որտեղ մրցույթ չի էլ եղել՝  20 տեղ, 20 հայտ: Եվ մի հատիկ քննությունից 7, 5 միավոր ստանալով՝ մարդն ընդունվել է բուհ՝  դուրս թողնելով  երկու տարի շարունակ երեք առարկա պարապած ու դրա վրա միլիոնուկես ծախսած, բայց վերջում միայն մեկ առարկա հանձնած ու 18 միավոր վաստակած դիմորդին:

Պարզ է, որ եթե չլիներ այդ չարաբաստիկ մեկ քննություն հանձնելու կարգը, շատերը չէին էլ համարձակվի ընդունելության հայտ լրացնել: Երկրորդ, երրորդ քննության հանգամանքը շատ բան  իր տեղը կդներ, եւ այսօր չէինք ունենա  բարձր գնահատականով, բայց ցածր ինքնագնահատականով  բուհերից  դուրս մնացած 740 դիմորդ: Նրանք արդեն քանի օր է՝ պայքարում են, բողոքում, արդարություն պահանջում: 18 տարեկան աղջկան, 18 տարեկան  երիտասարդին, որ մի քանի օրից բանակ է գնալու այսկեպ կոտրելը, հիասթափեցնելը շատ հեշտ է, իսկ թեւ տալը, ոգեւորելը, նրա հավատը վերականգնելը՝  չափազանց դժվար: 

Բարձր •գահատականով բուհերից դուրս մնացած դիմորդների ինքնագնահատականն իջել է. զրուցել եմ նրանց հետ, գիտեմ: Դժվար չէ պատկերացնել, որ ճիշտ հակառակն է ցածր գնահատականով բուհեր ընդունված դիմորդների դեպքում:  «Մի-երկու հարցի պատասխանելով՝ 7, 5-ով բուհ եմ ընդունվել՝ հետեւում թողնելով համարյա 20 հավաքած տարեկիցներիս: Ես հզոր եմ»,-կմտածեն շատերը:

Եթե այս տարվանից սկսած՝ ԿԳՄՍ նախարարությունը չի կարեւորում գնահատականը, այլ կարեւորում է մասնագիտության ընտրությունը, ապա ինչի՞ համար է քննությունը, ինչի՞ համար էր այս քննական  շիլափլավը: Ավելի ճիշտ չէ՞ր լինի բոլորին ընդունել բուհեր, իսկ մեկ տարվա ընթացքում  քննություններով «մաղել» եւ բուհական նստարանին մոտ թողնել միայն արժանիներին:

Այսկեպ արժեզրկվում է թե՛ բուհը, թե՛ բուհում սովորելու պատիվը: Ի վերջո, կյանքը ցույց է տալիս, որ  20-ով ու  7, 5-ով բուհ ընդունված բոլոր դիմորդներն էլ սովորում են կողք կողքի, ավարտում ու դիպլոմ ստանում: Ճիշտ է, գնահատականը ոչ միշտ է գիտելիքի չափանիշ, բայց եկեք համաձայնեք, որ 7, 5-ը չափանիշ է, մանավանդ եթե համեմատենք, փաստացի ոչ մրցունակ  18,75-ի հետ:

Նաիր Յան