«Կոմերսանտ»․ հայ-ադրբեջանական հակամարտությունը զարգանում է վտանգավոր ուղղությամբ

161

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի ու ավելի է հրահրում ռազմաշունչ տրամադրությունները ադրբեջանական հասարակության մեջ: Այդ մասին իր հեղինակային սյունակում գրում է «Կոմերսանտ» թերթի միջազգային մեկնաբան Մաքսիմ Յուսինը: Փորձագետը շեշտում է, որ այդպիսով Անկարան բարդություն է ստեղծում նախագահ Իլհամ Ալիևի համար, ով, ի տարբերություն իր հայրենակիցների զգալի մասի, հակված չէ առճակատման, բայց ստիպված է հաշվի նստել վրեժի կողմնակիցների հետ, որոնք հետզհետե ավելի բարձր են հայտարարում իրենց մասին:

Եվ ինչպե՞ս չհայտարարեն, եթե «ավագ եղբայրը»՝ նախագահ Էրդողանը, խոսում է անվերապահ աջակցության մասին, եթե թուրք քաղաքական գործիչները գրեթե ուղղակիորեն ռազմական միջամտություն կատարելու կոչ են անում, իսկ մամուլում արդեն իսկ տեղեկություններ կան, որ թուրքերը պատրաստ են Սիրիայի ընդդիմության ջոկատներ ուղարկել Բաքվին օգնելու համար: Վերջիններս իրենց արդյունավետությունը դրսևորել են մեկ այլ թեժ կետում՝ Լիբիայում, Էրդողանի դաշնակիցների կողքին, գրում է Յուսինը:

Թուրքիայից հետո Բաքվին իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել նաև Պակիստանը՝ միջուկային տերություն, տարածաշրջանի կարևոր դերակատար։

Լրագրողը հավելում է, որ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում «հայկական լոբբին» դեռևս զուսպ է, սակայն Անդրկովկասում Թուրքիայի և Պակիստանի աշխուժացմանը զուգընթաց անխուսափելիորեն կմոբիլիզացվեն վերջիններիս հակառակորդները՝ Հունաստանը և Կիպրոսը Եվրոմիությունում, Հնդկաստանն ու Իրանը՝ Ասիայում: