Կյաժ ջան, հանգիստ եղի, դիրքդ չենք հանձնել…

402

«Հայ ազգը ցավ չի զգում»։
Ավետիք Իսահակյան

Ինչքա՜ն փորձությունների, զրկանքների միջով է անցել մեր ազգը, ինչքա՜ն պատերազմներ ու դժվար օրեր է տեսել, ինչքա՜ն հերոս տղերքի արյուն է խառնվել մեր հողին, ինչքա՜ն մայրերի աչքեր են թաց մնացել։

Մեր ազգը չի փայլում էր բախտով, սակայն ունի ամուր կամք, ինչի շնորհիվ չի հնազանդվում բախտի «անակնկալներին»։
Ունենք փոքր պետություն՝ շրջապատված մեկը մյուսից արյունարբու ու «մարդակերից հազիվ մարդասպանի վերածված» հարևաններով։

Ու այդ հարևաններից ամենաերիտասարդը, որը չի համակերպվում մեր հզոր բանակի գոյության փաստի հետ, վերջերս կրկին իր բախտը փորձեց։ Իհարկե, այդ փորձն էլ մնացածի պես անհաջողությամբ պսակվեց։

Փառք մեր բանակին
Փառք մեր հզոր տղաներին։
Փառք այդպիսի տղա ծնող մայրերին։

Բայց ամեն դեպքում մենք բախտավոր ենք, որ հայ ենք։ Հաշված ժամեր են պետք, որ մեր ազգը մեկ բռունցք դառնա՝ անկախ հայերի գտնվելու վայրից։
Այս օրերին շատ էին խոսում, որ մեզ միայն թշնամին է կարողանում միավորել։ Բայց ոչ, դա այդպես չի։ Ցանկացած դժվար իրավիճակում հայերը կարճ ժամանակահատվածում մեկ բռունցք են դառնում, կանգնում իրար կողքի, ձեռք ձեռքի տալիս ու հայոց քոչարուց, յարխուշտայից թշնամու տակի հողն է թնդում։

Տարբեր պատճառներով հաճախ ենք դժգոհում իրարից, որ այս կամ այն բանը չենք անում, օրենքներ ենք խախտում, իշխանամետ ենք կամ ընդդիմադիր և այլն, և այլն։ Բայց եկեք հպարտանանք, որ մենք հենց այն փոքր ազգն ենք, որ ծնկի ենք բերում նավթի մեջ լողացող թշնամուն, որ կարողանում ենք պատվով պահել մեր արյունաշաղ հողը, որ այսքանից հետո կարողանում ենք ժպտալ ու ավելի հզորանալ։

Մենք՝ իրենց տան փլատակների մոտ կանգնած ժպտացող ծերերի սերունդն ենք։

Իշխան ԹՈՎՄԱՍՅԱՆ