Անձամբ կզանգեի վարչապետին, եթե իմանայի. Արմեն Ամիրյան

105

Երևանի քաղաքապետարանի հրահանգով ապամոնտաժվեցին Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնած և նրա պաշտոնավարման ժամանակ գործունեություն վարած վեց  գրատնակները: Հայկ Մարությանը հայտարարել էր, որ գրատնակները տեղադրվել են առանց իրավական հիմքերի:

Արմեն Ամիրյանն անդրադարձել է գրատնկաների նկատմամբ քաղաքային իշխանությունների քայլերին: Նա գրել է.

«Հայտարարում եմ, որ գրատնակների սեփականատեր ընկերության հետ որևէ կապ չունեմ, նույնիսկ մի կարգին չեմ էլ ճանաչում այդ ընկերության սեփականատերերին։
Ես գեներացրել եմ Նուռի գրատնակների գաղափարը ՝ ներդրող գտնելու համար, այնուհետև ապահովել եմ ներդրող – քաղաքապետարան կապը՝ ծրագիրը կյանքի կոչելու համար։
Պետությունը որևէ ներդրում չի արել։
Ներդրումն ամբողջությամբ կատարել է մասնավոր ընկերությունը։ Եթե չեմ սխալվում ՝մոտ 60 մլն դրամ։
Դրանք պարզապես կրպակներ չէին, դրանք յուրօրինակ հուշարձաններ էին։
Ինչ վերաբերում է նպատակին չծառայելուն, ապա դրա համար անհրաժեշտ էր նրանց բերել նախնական պայմանավորվածության դաշտ, և խրախուսել գրքի վաճառքով զբաղվող ընկերությանը։ Օրինակ ինքնարժեքով, կամ նույնիսկ ինքնարժեքից ցածր պետական աջակցությամբ հրատարակվող գրականության մասը տրամադրել այդ ընկերությանը՝ գրատնակներում վաճառելու համար։ Կամ աջակցել հայկական ՏՏ ընկերություններին՝ էլեկտրոնային գրքեր-պլանշետներ արտադրելուն և դրանց մի մասը տրամադրել գրատնակներում վաճառելու համար (տասնյակ նման օրինակներ կարող եմ թվարկել)։
Ինչ վերաբերում է ձևակերպումների օրինականությանը, ապա եթե ինչ- որ տեղ , ինչ -որ մեկը թերացել է, քանդելուց առաջ գոնե կարելի էր փորձել շտկել բացթողումը։
Նորմալ չէ, երբ մի դեպքում ծանրաբեռնված կենտրոնի փակուղի փողոցում , առանց ավտոկայանատեղի նախատեսելու, բազմաբնակարան շենքի թույլտվություն եք տալիս, մյուս կողմից խոսում եք օրինականության մասին։
Ցավում եմ, որ ուշ տեղեկացա գրատնակները քանդելու որոշման մասին, թե ոչ, ես անձամբ կզանգեի Վարչապետին և կխնդրեի նրա միջամտությունը։ Ափսոս,  ուշ է …»