Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս I)

219

«Եթե տանուլ տանք այս պատերազմը ապա կշրջենք Հայ ժողորդի պատմության վերջին էջը»
Մոնթե Մելքոնյան



21-րդ դարում Հայկական պետության առջև հառած հիմնախնդիրները պայմանավորված են այն պատմական ճանապարհով, որով անցել է Հայ ժողովուրդը։ Եղել են դարաշրջաններ, երբ ունեցել ենք հզոր հայկական պետություններ ու նույնսկ դրանք կորցնելուց հետո կարողացել ենք այն վերականգնել, սակայն վերջին 600 տարինների ընթացքում, Հայ ժողովրդի պատմությունը կարելի է բնութագրել որպես «առանց պետականության» ժամանակաշրջան, որի ընթացքում էլ ձևավորվեցին այն խնդիրները, որոնց մենք բախվում ենք առայսօր։
Արցախյան հիմնախնդրի ծագումը և հետագա «զարգացումը» նույնպես պայմանավորված է «առանց պետականության» ժամանակաշրջանի հետ, երբ կառավարել Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցող գործընթացները դառնում էր անհնար։ Չկար որևիցե մի քաղաքական կենտրոն՝ պետական կամ կիսապետական միավոր, որտեղից հնարավոր լինել պաշտպանել հայկական շահերը և փորձել լուծել առաջացած քաղաքական խնդիրները։
Անիշխանությունը ծնում էր խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում աճում և սերունդեսերունդ փոխանցվելով «ժառանգություն» էին հասնում մեզ` պահանջելով նոր լուծումներ։ Ծառացած խնդիրների լուծումը դժվարանում էր, քանի որ տարբեր կայսրություններում ապրող ու մեծացող սերնդի մոտ մոռացվում էր ազգային միասնության գաղափարը, բացակայում էր ինքնապաշտպանական բնազդն ու սեփական ուժերով հարցերը լուծելու վճռականությունը։ 
Նամանատիպ «ժառանգություն» է նաև Արցախյան հիմնահարցը, որը շարունակում է մնալ հայ ժողովրդի կարևորագույն խնդիրներից մեկը։ Ներկայումս Արցախյան հիմնախնդրի կարևորությունը պայմանավորված է Հայ ժողովրդի անվտանգության, տարածաշրջանում գերակա դիրք զբաղեցնելու, ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահպանելու և ձևավորվող աշխարհաքաղաքական համակարգում առանցքային դեր ստանձնելու գործում Հայաստանի շահերի հետ։
Սրանք այն նվազագույն պայմաններն են, որոնք ապահովում է Հարավային Կովկասում հայկական պետականության և հայ ժողովրդի ապահովությունը։ Այս իրավիճակը ձևավորվեց Արցախյան ազատագրական պայքարում տարած փայլուն հաղթանակի շնորհիվ, որի արդյունքները, սակայն, փորձ են արվում վիճարկել, ինչը նշանակում է, որ ապահովության հարցը այնուամենայնիվ կարող է հայտվել հարցականի տակ։
Հիմնախնդիրը խորությամբ հասկանալու համար հարկավոր է պատմական դիտարկում կատարել, որպեսզի կոտրենք ձևավորված այն կարծրատիպը, թե այն տեղական հակամարտությունն է։ Շատերը նշում են, որ հակամարտության պատճառը արցախահայության նկատմամբ իրականացված անարդարությունն էր, երբ բոլշևիկների, իսկ ավելի ճիշտ` Կովկասյան բյուրոյի որոշմամբ, որը ղեկավարում էր Ստալինը, 1921թ հայահոծ այդ շրջանը հանձնվեց Ադրբեջանին։
Արցախյան հիմնահարցի ծագման այս մեկնաբանությունը մակերեսային է և չի արտահայտում այն իրականությունը, որը ստեղծվել էր Հարավային Կովկասում 20-րդ դարի սկզբին։ Այսինքն հարցը շատ ավելի խորքային վերլուծության կարիք ունի` հասկանալու խնդրի պատմական արմատները, դրա ծագումը և զարգացումը, հետևաբար նաև այդ հակամարտության խորացման հնարավոր սցենարները։
Արցախյան հիմնախնդիրը մաս է կազմում հայկական հարցի, որի «ձևավորման» սկիզբ կարելի է համարել հայկական պետականության անկումը և Հայկական լեռնաշխար ընդհանրապես ու Հարավային Կովկաս մասնավորապես թյուրքալեզու ցեղախմբերի ներխուժումը։ Եթե այդ ներխուժման առաջին շրջանում վերջիներս «բավարարվում» էին միայն թալանով և ապա հեռանում էին, ապա հետագայում սկսեցին արմատավորվել և մշտական ներկայություն ապահովել այդ տարածքներում։
Քոչվոր ցեղախմբերի ներխուժմամբ փոխվում էր Հայկական լեռնաշխարհի դիմագիծը՝ նրա կրոնաազգագրական պատկերը։ Անիշխանության այդ ժամանակաշրջանում կիսաքոչվոր ցեղախմբերը փորձում էին անցնել նստակյաց կյանքի ձևավորել ինքնիշխան-ցեղային միավորներ, որոնք միմյանց միջև չընդհատվող պատերազմներ էին վարում տարածքներ զավթելու, թալանի ու ստրուկներ գերելու համար, ինչն արյունաքամ էր անում տարածաշրջանը ու այնտեղ հազարամյակներով ապրող բնակչությանը ու առաջին հերթին հայերին։
Հայ ժողովրդի համար սկսվեց տարհանման, գաղթի, կոտորածների ու ընդհանրապես հայրենազրկման մի ժամանակաշրջան, որի «գագաթանակետը» 1915թ․ Հայոց ցեղասպանությունն էր։ Իրար հետևից տարածշրջան ներխուժող թյուրքալեզու հորդաները ոչնչացնում էին հայկական քաղաքակրթությունը՝ հայ ազգը, նրա կրոնը, մշակույթը և հազարամյակներով ձևավորված ավանդույթները։
Տարածաշրջանում ընթացող երկարատև պայքարի արդյունքում ձևավորված Օսմանյան կայսրությունը և շահական Պարսկաստանը դարձան անհաշտ մրցակիցներ, որոնք էլ պարբերաբար պատերազմում էին պատմական հայկական տարածքների նկատմամբ գերիշխանություն հաստատելու համար։ Նրանց մինչև ընդհանուր առմամբ եղել է 6 պատերազմ, որոնք ավեր ու կործանում էր բերում հայկական գյուղերին և քաղաքներին։ (շարունակելի)

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու(հոդվածը առաջին անգամ լույս է տեսել Բոստոնում հրատարակվող Պայքար շաբաթաթերթում)
ОтветитьПереслать