Ադրբեջանցիները հայկական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. դեսպան Սերգեյ Մինասյան

94

Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել ռումինական հեղինակավոր Digi24 հեռուստաալիքին` հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված էսկալացիայի վերաբերյալ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանը նշել է. «Սա մի իրավիճակ է, երբ մենք ունենք ռազմական ակտիվության էսկալացիա Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանին: Եվ, կարծես, ադրբեջանցիները հայկական բանակի պաշտպանական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. նրանք այն համարել են ավելի քիչ ուժեղ, քան, օրինակ, Լեռնային Ղարաբաղում: Թվում է, թե Տավուշի տարածքում հիմա փխրուն զինադադար ունենք»:

Դեսպանն ընդգծել  է, որ համաձայն ՀՀ ՊՆ հայտարարությունների՝ տեխնիկական տեսակետից հայկական դիրքում որևէ փոփոխություն չի եղել: Նա կարևոր է համարել, որ հայկական բանակն ուներ նման սպառազինություններ, բայց երբեք չի սպառնացել այդ խողովակաշարերի վնասմամբ՝ ի տարբերություն ադրբեջանական մոտեցման։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնալիքներ է հնչեցրել՝ կապված հայկական ԱԷԿ-ի ռմբակոծության հետ»,-նշել է նա: