Իլոն Մասկը ներառվեց մոլորակի ամենահարուստ անձանց հնգյակում

80

Forbes ամսագրի համաձայն՝ ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների տնօրեն Իլոն Մասկն առաջին անգամ ներառվեց մոլորակի ամենահարուստ անձանց հնգյակում: Այդ մասին հաղորդում է ամսագրի կայքը։

Ըստ Forbes-ի՝ 49-ամյա Մասկի ունեցվածքը գնահատվում է 74,2 միլիարդ դոլար։ Այս պահին նա գտնվում է ցուցակի հինգերորդ տեղում:

Միևնույն ժամանակ, ցանկում Մասկը զիջում է Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին (90,3 միլիարդ դոլար): Առաջին երեք տեղերը զբաղեցնում են Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը (113,4 մլրդ դոլար), ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն (113,8 մլրդ դոլար) և Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը (189 մլրդ դոլար): Վերջինս մոլորակի ամենահարուստ մարդն է երրորդ տարին անընդմեջ: