Խփել ենք իսրայելացիների… բիզնեսին

205

Հուլիսի 14-ին մեր հակաօդային ուժերը «Oca AK» հրթիռային համակարգով խփեցին ադրբեջանցիների հպարտությունը հանդիսացող «Hermess 900» անօդաչու թռչող սարքը, որի առանձնահատկությունների մասին մեր ներկա համարի 7-րդ էջում մանրամասն ներկայացրել է մեր ձեռնհաս աշխատակից Վլադիմիր Դարբինյանը: Բոլոր հայերիս հրճվանքը հանդիսացած այդ սխրագործությունը (հիշո՞ւմ եքՙ «կպավ, կպավ» մեր զինվորների ուրախության աղաղակները) պարզվում է խորը հարված է հասցրել ոչ միայն ազերիներին, այլեւ զենքի նրանց գլխավոր մատակարար երկրիՙ Իսրայելի… բիզնեսին: Ցարդ անխոցելի համարվող այդ սարքը, որն արժե շուրջ 30 հազար, բացի նյութական վնասից, մեծապես վնասում է Իսրայելի վարկին:

Վստահաբար այս հանգամանքը մեծ հրճվանք է պատճառելու նաեւ բոլոր արաբական երկրների, հատկապես Լիբանանի, Սիրիայի ու Եգիպտոսի ժողովուրդներին: Հետեւաբար այս մասին պետք է արաբերեն լեզվով հաղորդագրություններ պատրաստել եւ տարածել համացանցի արաբ միլիոնավոր օգտատերերին: Սրտանց ուրախանալու են նաեւ նրանք: