Իրանի իսլամական հեղափոխության պահապանները սպառնում են` քարտեզի վրայից ջնջել Ադրբեջանը

238

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունից տարածված հայտարարությունում Բաքվի իշխանություններին «կարմիր քարտ» են ցույց տվել, սպառնացել ջնջել աշխարհի քարտեզից: Հիշատակել են սիոնիստների հետ համագործակցությունը, Նախիջևանի հարցում Իրանից կախվածությունը:


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները նախազգուշացրել են Ադրբեջանին՝ «կարմիր քարտ» ցույց տալով Բաքվին: Ինչպես հաղորդվում է՝ Կորպուսի՝ Բաքվի պանթյուրքիստներին ուղղված հայտարարության մեջ սպառնացել են ջնջել Ադրբեջանն աշխարհի քարտեզից: Հայտարարությունը տարածվել է Բաքվում տեղի ունեցած ցույցերում հակառուսական, հակաիրանական և հակահայկական վանկարկումների («ռուսները, պարսիկները, հայերը թշնամի են») տեսանյութի հրապարակումից հետո։

Հայտարարությունում նշվել է, որ ադրբեջանցիներն իրենց մայրաքաղաքում ոգևորիչ հայտարարություններ են անում, սակայն հայերին տեսնելիս «ոտքերը դողում են»: Հիշեցրել են, որ շարքային հայ զինվորն ադրբեջանցի գեներալի է սպանել:

Կորպուսի անունից տարածված հայտարարության մեջ խոսվում է իրանցիների համբերատարության, սակայն չափն անցնելու դեպքում՝ թշնամիներին ոչնչացնելու պատրաստականության մասին: Ադրբեջանը որակվում է արհեստական պետություն, որը միավորված է միայն քաղաքական քարտեզում: Ընդգծվում է, որ Բաքվի կենտրոնական իշխանությունները Նախիջևանի հարցում մեծամասամբ կախում ունեն Իրանի կամքից։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներն ադրբեջանական իշխանություններին նախազգուշացրել են, որ եթե փորձեն դեմ գնալ Իրանի շահերին և շահարկեն Թեհրանի հետաքրքրությունները, ապա «կզղջան իրենց գոյության համար»: Հայտարարությունում նախազգուշացրել են նաև սիոնիստներից (Իսրայել) զենք գնելու, նրանց ռազմակայան տրամադրելու, Իրանի տարածքային ամբողջականությանը սպառնացող միջոցառումների դեպքում սպասվող հարվածի մասին:

Կորպուսն առանձնահատուկ հիշատակել է թաթերին, թալիշներին, նրանց առաջնորդ Իսմայիլ Շաբանովին և այլ գործիչների ու մտավորականների՝ բարձր գնահատելով նրանց, ովքեր «թուրքական և սիոնիստական գործակալներ չեն»:

Աղբյուրը` Shesht.am