Զինվենք, որ պատերազմ չլինի

240

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում  հայ-ադրբեջանական սահմանին, ակնարկում է այն մասին, որ առաջիկայում տարածաշրջանային քարտեզը փոփոխելու բոլոր հիմքերը կան (ենթադրում եմ): Դրանից խուսափել մենք չենք կարող, ավելին, պետք է այնպես անենք, որ հնարավորինս օգուտով դուրս գանք:  Հայ-ադրբեջանական սահմանը պետք է  խմբագրվի ի վնաս Ադրբեջանի, ի օգուտ հայերիս: Նկատի ունենալով սպասվելիքը, մենք պարտավոր ենք օր առաջ համախմբվել ու պատրաստվել պատերազմի, ինչքան լավ պատրաստվենք` պատերազմն այնքան ուշ կթակի մեր դուռը, վկա` անցյալի փորձը: Այս պահին (առաջնային) լավագույն պատրաստությունը հասարակությանն ապակողմնորոշ, «խաղաղություն» ու «միջազգային հանրություն» վանկարկող զանգվածին վտանգազերծելն է:
Օրինակ`  Սիրիայում էլ էին շատերը  նույնը վանկարկում, բայց խաղաղություն չեղավ,, աշխարհն էլի լուռ է, էլի վերջին խոսքը զենքն է ասում: Պատերազմի ժամանակ այդ «խաղաղասեր» ու «հանդուրժող»  հինգերորդ շարասյունը մեզ ավելի քիչ չի վնասելու, քան բուն թշնամին:

Հույս ունեմ, որ վերջին դեպքերից հետո մեր հայրենակիցներից շատերը առիթ ունեցան եւս մեկ անգամ տեսնելու պատերազմը եւ հասկանալու, որ այնտեղ չիր ու չամիչ չեն բաժանում: Բայց հույսն օտարի վրա դնելը, անիմաստ խաղաղության կոչեր անելն ու տարածքներ զիջելը լավագույն տարբերակները չեն:  Մեծագույն հիմարություն է` հույս դնել օտար պետության մեծահոգության վրա. մի օր նրանք կարող են մեծահոգի չլինել: Տարածքներ զիջելը նույնպես հիմարություն է, խաղաղություն աղերսելը… անուն չեմ գտնում` բնորոշում տալու այդ մահամերձ մարդու ճիգեր հիշեցնող երեւույթին:

Պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը պատերազմի պատրաստվելն է, ինչպես վերը նշեցի: Դրա լավագույն օրինակը ԽՍՀՄ-ի փորձն է, դասական մի պլան, որը գործեց, եւ առանց որի գուցե անհնար լիներ ծնկի բերել ֆաշիստական Գերմանիային:

1939թ. ԽՍՀՄ-ի ու Գերմանիայի միջեւ կնքված չհարձակման պայմանագրից հետո, մինչեւ 1941թ., ԽՍՀՄ բանակի կենդանի ուժն ու զինտեխնիկան զգալիորեն համալրվեցին: Այսպես. 1941թ. հունիս ամսվա տվյալներով ԽՍՀՄ-ն ուներ 316.5 դիվիզիա, նախկին 131.5-ի փոխարեն, անձնակազմ` 5.774.000, մախկին 2.485.000-ի, հրետանի` 117.600, նախկին 55.800-ի փոխարեն, տանկեր` 25. 700, նախկին` 21.000-ի փոխարեն, մարտական օդուժ` 18.700, նախկին` 7700-ի փոխարեն:

Ահա այսպես, նախօրոք գիտակցելով առաջիկայում սպասվող երկարատեւ ու լայնածավալ պատերազմը, ԽՍՀՄ-ը, ծանր կորուստների գնով, կարողացավ տապալել «Բարբարոսա» պլանն ու հաղթող դուրս գալ: Այսպես են պատրաստվում խախաղությանը… Ուրիշ տարբերակ չկա:

Առաջարկում եմ այս տեքստը մեխել բոլոր այն պարապ գլուխների վրա, որոնք բանակի վրա ծախսված որեւէ նյութական միջոց անիմաստ ու ավելորդ են համարում:
Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ