Այա-Սոֆիայից մինչեւ Ալ-Աքսա Էրդողանը փորձում է խաղալ Սալահ ադ-Դինի կերպարը

111

Էրդողանը հայտարարել է, որ Այա-Սոֆիայի կարգավիճակի փոփոխումը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի ազատագրման նախերգանքն է: Որոշ թուրք վերլուծաբանների կարծիքով, նախագահ Էրդողանը խաղաղ «իսլամական արշավանք» է սկսել Այա-Սոֆիայի եւ Ալ-Աքսայի ազատագրման համար, ինչպես որ ժամանակին քրիստոնյաները դեպի Երուսաղեմ խաչակրաց արշավանք էին կազմակերպել հանուն «Տիրոջ գերեզմանի» ազատագրման:

Թեեւ, եթե Էրդողանը ուղղափառներին վերադարձներ Այա-Սոֆիան, դա խորհրդանշական ժեստ կլիներ դեպի Եվրոպա դարպասը բացելու համար: Բայց Էրդողանը եվրոպական ուղղությունը, ըստ երեւույթին, տանուլ տրված է համարում եւ հարկ չի համարում հաշվի նստել Արեւմուտքի հետ: Դա հարուցում է Մերձավորարեւելյան այն երկրների վրդովմունքը, որոնք ոչ միայն վախենում են Թուրքիայից, այլեւ աշխատում են Եվրոպայի հետ: Ինչպես նշում է սաուդյան հրատարակություններից մեկը, ի՞նչ պետք է անեն մահմեդականները, եթե եվրոպացիները պատասխանեն նույն ձեւով եւ «մեր մզկիթները վերածեն տաճարների ու եկեղեցիների: Լուրջ խնդիր է»: Էրդողանին ուղղված քննադատություն է լսվում նաեւ Եգիպտոսից եւ ԱՄԷ-ից:

Որոշ դիտորդներ գտնում են, որ Էրդողանն իր «սուրբ մասունքների» եռանկյունն է կառուցում, որն սկսվում է Մեքքայի Մեծ Մզկիթից եւ Ալ-Աքսա մզկիթիցՙ այն փակելով արդեն Այա-Սոֆիա «մզկիթով»: Տաճարը մզկիթի վերածելը այդպիսով նրա առաջին քայլը կարող է լինել: Երկրորդը կլինի հարձակումը Ալ-Աքսայի վրա: Վերջերս այնտեղ եւ դրա շուրջը տեղի են ունենում բախումներ պաղեստինցիների եւ իսրայելական ոստիկանության միջեւ: Թուրքական Yeni Asya հրատարակությունը նշում է, որ Արաբական պետությունների լիգան եւ Իսլամական համագործակցության կազմակերպությունը հայտարարել են, որ Ալ-Աքսայի կարգավիճակը «կարմիր գիծ» է, որի անտեսումը եւ խախտումը Իսրայելի կողմից անընդունելի է, բայց իրականում որեւէ լուրջ քայլ չեն ձեռնարկել:

Այժմ Ալ-Աքսայի համար ճակատամարտը, ըստ երեւույթին, որոշել է գլխավորել Թուրքիանՙ Համասը որպես նիզակ օգտագործելով Իսրայելի դեմ: Էրդողանն իրեն ներկայացնում է մահմեդականների XII դարի հերոս Սալահ ադ-Դինի դերում, որը ստանձնել էր բոլոր մահմեդականներին մեկ դրոշի ներքո միավորելու առաքելությունը եւ Հաթթինի ճակատամարտում գրավել էր Երուսաղեմը:

Ենթադրություններ կան, թե Էրդողանը իրականացնում է ինչ-որ ճանապարհային քարտեզի մի մասը: Դրա ուրվագծերը մասնակիորեն մշակվել էին դեռ անգլոսաքոնական սառը պատերազմի ժամանակ, երբ որոշել էին Թուրքիան իսլամական աշխարհի առաջնորդ դարձնելՙ ի հակակշիռ Խորհրդային Միության:

Նոր Օսմանյան կայսրությունը պետք է հրաժարվեր նախորդ դարաշրջանի աշխարհիկ գծից: Նա որոշել էր դառնալ «Խալիֆայություն» նախագծի առաջնորդը, այսինքն իսլամական միացյալ, հնարավոր էՙ ոչ միայն սուննի աշխարհի ղեկավարը: Արտաքին քաղաքականության մեջ ձեւավորվել են ծավալողականության տարրեր.դեպի հարավ արեւմուտքՙ Սիրիայի, Լիբանանի եւ Եգիպտոսի ուղղությամբ, հարավումՙ Իրաքի եւ Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, արեւելքումՙ Անդրկովկասի ուղղությամբ, որտեղ Անկարան սերտորեն աշխատում է Բաքվի հետ, գտնում են փորձագետներ Ստանիսլավ Տարասովը եւ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին: Բացի դրանից, Թուրքիան ներկայանում է որպես թյուրքական աշխարհի, «Մեծ Թուրանի» ու Եվրասիայի կենտրոն, որպես Ասիայից Եվրոպա եւ իսլամական աշխարհից Եվրոպա կամուրջ: Այսօր արտաքին իրավիճակը բարենպաստ է թուրքական աշխարհաքաղաքականության իրականացման համար:

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ