Քիմ Քարդաշյանն ու Ալեքսիս Օհանյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ

157

Ամերիկացի միլիոնատեր, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր հետևորդների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադրությանը։ Ինստագրամում իր 670 հազար հետևորդներին նա տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին։

«Ուշադրությու՛ն։ Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում համաճարակի պայմաններում», գրել է Օհանյանը։

Իր հերթին, Քիմ Քարդաշյանը գրում է․ «Միջազգային հանրությունը պետք է հիմա ուշադրություն դարձնի և միջամտի՝ գործադրելով քաղաքական և դիվանագիտական ջանքեր, որպեսզի կանխվեն էսկալացիան ու մարդկային զոհերը»։

39-ամյա աստղն իր 179 միլիոն ինստագրամյան հետևորդներին, տեղեկացրել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնացել է ռմբակոծել իր հոր հայրենիքը։ Քարդաշյանի խոսքերով՝ չնայած համաճարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի կոչը զինադադարի վերաբերյալ՝ առանց դրդապատճառի հարձակումներ իրականացնելով Հայաստանի Հանրապետության դեմ, հաղորդում է Daily Mail-ը։ Քաղաքացիական կառույցներ թիրախավորված են, և Ադրբեջանը սպառնացել է ռմբակոծել Հայաստանի ատոմակայանը, ասել է նա։

Քարդաշյանը նշել է, որ հաջորդ շաբաթ քվեարկության են դրվելու Ազգային անվտանգության լիազորությունների ակտի փոփոխությունները, որպեսզի ԱՄՆ-ն հնարավորություն չունենա Ադրբեջանին ցուցաբերել ռազմական օգնություն, որը կօգտագործվեր Հայաստանի և Արցախի դեմ։