ՌԴ-ում Թուրքիայի դեսպանը՝ Այա-Սոֆիայի վերաբերյալ

129

Սուրբ Սոֆիայի սրբապատկերները կպահպանվեն անկախ կարգավիճակի փոփոխությունից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը։ «Մենք, ինչպես և նախկինում, հոգ կտանենք այս գլուխգործոցի մասին։ Այստեղ գտնվող սրբապատկերներն ու որմնանկարները կպահպանվեն ներկայիս տեսքով», դեսպանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։ Նրա խոսքերով, Այա-Սոֆիային վերաբերող որոշումները «ամբողջովին Թուրքիայի ներքին գործն են»։

Ըստ դեսպանի, տաճարը մզկիթի վերածելը չի խախտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանման մասին կոնվենցիան:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն ու Կրոնական հարցերի վարչությունը ստորագրել են արձանագրություն, ըստ որի փոփոխված կարգավիճակով Սուրբ Սոֆիայի տաճարը կպահպանվի որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Թուրքիայի մշակույթի նախարարը նշել է, որ մզկիթի մուտքը կլինի անվճար։