Շատ պետություններ իրենք են հորինում իրենց պատմությունը, մենք մերը չպետք է անտեսենք

169

Հանրակրթական դպրոցներում «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» առարկան մեկ այլ առարկայի հետ ինտեգրելը և այդկերպ դասավանդելը բուռն կրքեր է բորբոքել հանրության շարքերում: Իշխանության, ԿԳՄՍ նախարարի ընդդիմախոսները սա դիտարկում են որպես ոտնձգություն հայագիտության, հայոց պատմության  մեր ազգային ինքնության  հանդեպ:
Արդյո՞ք խելամիտ  քայլ է «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» առարկան մեկ այլ առարկայի հետ ինտեգրելը, պե՞տք է այն դասավանդվի որպես առանձին առարկա:
Մեր հարցերին պատասխանում է ԵՊՀ դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

-Հանրակրթության չափորոշիչների փոփոխությունը, որը կատարվել է, դրա հետ կապված «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» առարկայի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը պետք է բաժանենք երկու շերտի: Նախ`արձանագրեմ, որ չափորոշիչներն ուշադիր ուսումնասիրելուց հետո տեղի է ունենում մասնակի թյուրըմբռնում: Այդ առարկան իսպառ հանվում է միջին դպրոցում և պետք է տարալուծվի կամ ինտեգրվի «Հասարակագիտություն» առարկայի մեջ: Իսկ չափորոշիչներում, չգիտես ինչու, «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» առարկայի փոխարեն գրված է «Կրոնի առարկա»: Այսինքն`ըստ չափորոշիչների, ավագ դասարանում կա դրա դասավանդման գաղափարը: Եվ ընդհանրապես չափորոշիչներում նշված են  այն նպատակները, թե ինչպիսի աշակերտ կունենանք միջին, ավագ դպրոցն ավարտելուց հետո:

Նշված են ազգային ինքնության բոլոր բաղադրիչները: Այսինքն` չափորոշիչն ինքնին իր մեջ պարունակում է շատ խնդիրների պատասխաններ: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ առարկան տեղադրվում է «Կրոն» անվան ներքո, և հստակ չէ, թե ինչպիսի ծրագրով, ինչպիսի դասագրքով և ինչպես պետք է դասավանդել այդ առարկան: Այսինքն` անհանգստությունը թելադրված է այդ առումով, ինչպես նաև  հարցերի բացակայությամբ: Բացի դրանից` «Հայ Առաքելակա  եկեղեցու պատմություն» առարկա ասելով` շատերը պատկերացնում են կաթողիկոսների հերթականությունը, նրանց ժամանակագրությունը, վանքերի և նման կենտրոնների մասին պարզ գիտելիքները: Իրականում «Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը» մեր մշակույթի, գիտության, ինքնության կայացման, նաև` համաշխարհային մշակույթի հետ կապերի պատմությունն է, որովհետև համաշխարհային, հին հունական, հետագա դարերի բուզանդական գիտության և գրականության նմուշներին մենք ծանոթ ենք հայ եկեղեցու պայծառամիտ ներկայացուցիչների` հոգեւորականների կատարած թարգմանությունների շնորհիվ:

Ուստի այդ դասընթացը հանգեցնել սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրության և այլնի, նշանակում է` ինքնին ոչնչացնել առարկայի ոգին: Բացի դրանից` կա նաեւ երկրորդ կարևոր բաղադրիչը: Դա Աստվածաշնչագիտությունն է: Աստվածաշունչը ոչ միայն Սուրբ գիրքն է, այլեւ մի ամբողջ արժեբանություն է, բարոյական դաստիարակություն է, գեղագիտական ընկալում: Առանց դրա իմացության անհնար է հասկանալ հետագա դարերի գեղանկարչությունը, գրականությունը, կինեմոտոգրաֆիան, որովհետև այնտեղ ընդգրկված են աստվածաշնչյան հերոսները, մարգարեները, առակները և ամբողջ խորհրդաբանությունը: Դուրս թողնել այդ ամենը դասավանդումից, այսինքն` բավարարվել եկեղեցու խնդիրների քննարկումով և պատմական անցքերի շարադրումով, դա նշանակում է իսկապես բաց թողնել հայ քաղաքացու ձևավորումը, որը պատկերացնում է Հայաստանի տեղը, դիրքը, նրա կշիռ ժառանգությունը համաշխարհային առաջընթացում:

Իսկ մեր նպատակը ինքնիշխան և ժողովրդավար պետության կայացած քաղաքացու ձևավորումն է, որը գիտի, թե որտեղից ենք մենք գալիս և ուր ենք գնում: Ի վերջո, շատ պետություններ իրենք են հորինում իրենց պատմությունը, իսկ մենք չպետք է այդ պատմությունն անտեսենք: Եվ հիմա, երբ  այս երկու խնդիրները` Աստվածաշնչյան խորհրդաբանությունը և մեր եկեղեցու բուն խնդիրները համադրում ենք, ապա պարզվում է, որ այն զուտ պատմության մեջ ինտեգրելը, այն էլ այն պարագայում, երբ պատմության դասաժամերը չեն ավելացվել, անհնար է: Ուստի ողջ խնդիրն այն է, թե ինչպիսի դասագրքեր կգրվեն և ովքեր, ինչ ձևաչափով այն կդասավանդեն:

-Ըստ Ձեզ` այդ չափորոշիչները համապատասխանո՞ւմ են ներկայիս կրթական համակարգի պահանջներին:

-Գիտե՞ք, չափորոշիչներում հիմա նոր ռազմավարություն է որդեգրված, համաձայն որի` դպրոցի տնօրենը ստանում է բավականին մեծ ինքնուրույնություն` որոշելու առարկայացանկը, առավելություն տալու որոշակի առարկաների: Ցավով պիտի խոստովանենք, որ նման ինքնուրույնության մեր դպրոցները պատրաստ չեն: Եթե մենք հետևում ենք մարզերում ե Երևանում դպրոցի տնօրենների փորձին, տեսնում ենք, թե այն ինչպիսի ձախողված ընթացք է ունենում: Եվ դպրոցի տնօրենին այդ ինքնուրույնությունը  տալը նշանակում է, որ բնագետ տնօրենն առավելությունը կտա բնագիտական առարկաներին, իսկ պատմաբանը կամ լեզվաբանը` հումանիտար առարկաներին: Հանրակրթության չափորոշիչներով ենթադրվում է, որ չորս միլիարդ դրամից ավելի գումար պետությունը կներդնի, որպեսզի ձևավորենք քաղաքացիներ: Բայց որտեղի՞ց են լինելու այդ գումարները, ինչպե՞ս են վերապատրաստվելու այդ ուսուցիչները, որպեսզի իրագործեն նշված նպատակները:

Երբ քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, ասացին, որ դպրոցում կավելացնեն հայոց լեզվի ժամերը, սակայն իրականում դա տեղի չունեցավ: Ճիշտ է, մանիպուլյատիվ ձևով ասում են, թե գրականության, մայրենի լեզվի ժամերը պահպանվել են, բայց արձանագրենք, որ հայոց լեզուն և հայ գրականությունը տարբեր առարկաներ են: Ուստի` չափորոշիչներն ավելի շատ հարցականներ են առաջացնում, քան պատասխաններ են պարունակում: Եվ, բացի այդ, դրանք իրականացնելու գործակիցը բավականին հեռու է: Ճիշտ է, նախարարը հույս հայտնեց, որ կառավարությունը կգտնի այդ գումարը, բայց չպետք է լինի այնպես, որ գծենք գեղեցիկ ճանապարհ, հետո ունենանք այն, ինչ ունենք: Եթե խոսքը կրոնի դասավանդման մասին է, ապա բացի Քրիստոնեությունից, պետք է մտածել նաև այլ կրոնների դասավանդման մասին:  Դա էլ ունի խնդիր: Դպրոցական ծրագրում կարելի է աշակերտին ծանոթացնել այդ կրոններին, ինչն անհրաժեշտ է նաև քրիստոնեության տեղն ու դերն արժևորելու առումով: Բայց ընդունենք, որ «Կրոն» եւ «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» առարկաները չեն ծածկում իրար: Հետեւաբար հարցական է, թե «Կրոնը» ինչպիսի դասագիրք կդառնա, ինչ ծրագիր կունենա, ովքեր այն կդասավանդեն, ինչ ժամաքանակով: Այս հարցերի պատասխանները չեն հնչել: Եվ մարդկանց անհանգստությունը բխում է դրանից:

Թագուհի Հակոբյան