«Անդրանիկի արձանի մոտ». Հովհաննես Շիրազ

223

Մեր ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի աճյունը հանգչում է Հայաստանի սահմաննեևից դուրս՝ Փարիզում:          
            Զորավարը մեծ փափագ ուներ , որ իր մարմինը Հայոց աշխարհում ամփոփվի:                 Սակայն ժամանակի պայմանները, Հայաստանում տիրող կարգերը այդ հնարավորությունը չէին տալիս, հնարավորություն չէին տալիս ամբողջ կյանքում Հայաստանի ազատագրության համար պայքարողին իր սեփական Հայրենիքում հանգչելու:          
            Նվարդին՝ իր կնոջը, զորավարն պատվիրել էր. «Իմ մարմինը անպատճառ Հայաստան փոխադրե…եթե երբեք կարելի չըլլա իմ այս փափաքին իրագործումը, կուզեմ , որ իմ մարմինս տաս Վառնա և թաղել տաս Նազելիի գերեզմանին քովը» (Ա.Թերզիպաշյան,Անդրանիկ, էջ՝ 408):   
Նազելին զորավարի մեծ քույրն էր, որ մահացել էր հերոսի մահվանից երեք ամիս առաջ:   
              1928 թ. հունվարի վերջին Անդրանիկ Զորավարի աճյունը Ֆրեզնոյից Հայաստան տեղափոխելիս որոշվում է այն ամփոփել Փարիզում, քանի որ հայ համայնքը այնտեղ  մեծ էր : Փարիզում էին ապրում և ստեղծագործում Զապել Եսայանը, Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը և ուրիշ մտավորականներ:       
            Փարիզի հայ համայնքը որոշեց զորավարի  մարմինը ամփոփել Պեր Լաշեզի գերեզմանատանը: 
                        Անդրանիկի երկրորդ հուղարկավորությանը ներկա էին նրա զինվորներից շատերը, իսկ դամբանականը ասում էր արքեպիսկոպոս Քիպարյանը, որ Շապին Գարահիսարում Անդրանիկի ուսուցիչն էր:           
            1945 թ. զորավարի գերեզմանին հուշարձան է կանգնեցվում : Արձանի հեղինակը Լևոն Մուրադովն է:         
            Անդրանիկը պատկերված է ժայռաբեկորի վրա՝ ծառս եղած՝ սպիտակ ձիուն նստած՝ գրոհի պատրաստ վիճակում: Պատվանդանի հարթաքանդակներում նրա զինվորական ջոկատներն են ՝ պատրաստ գրոհի: 
            Պահպանվել է  Հ. Բաղրամյանի 1970 թվականի  լուսանկարը Անդրանիկի հուշարձանի մոտ՝ մարշալի հետևյալ մակագրությամբ.«Հավերժ հիշատակ Հայաստանի լեգենդար հերոս Անդրանիկին, որի զինվորը լինելու բախտ եմ ունեցել Հայրենիքի համար ծանրագույն 1918 թվականին»:
            Հայաստանում  Անդրանիկի առաջին կիսանդրին կանգնեցվեց Ուջան գյուղում, 1967 թ.-ին՝ տեղի բնակիչների ջանքերով և միջոցներով: 
            Քանդակագործը Միքայել Ավետիսյանն է:  Հուշարձանի բացման արարողությունը կատարվում է նույն թվականի հունիսի 4-ին ՝գաղտնի.«Ահա, Ուջանում Անդրանիկի արձանն են կանգնեցնում. Հայաստանում նացիոնալիզմը գլուխ է բարձրացնում…Ովքե՞ր են մասնակցում արձանի բացմանը , ով ասաց.- Անդրանիկ զորավար , ես քո ցավը տանեմ, ես քո աջը համբուրեմ.-Շտապ, գիշերով շրջկոմում արտահերթ բյուրո հրավիրել ՝ ներկայացում կազմակերպել:                 
Ահա և քեզ գաղափարական աշխատանքի մեթոդ. ժողովրդի կողմից մեծ մի մարդու նկատմամբ դրսևորված սերն ու համակրանքը որակել որպես նացիոնալիստական տրամադրության արտահայտություն: Անտուն ու անօթևան հայդուկի պատվին , ազատության մարտիկի պատվին օտարներն են հուշարձաններ կանգնեցրել ՝ Բուխարեստում, Սոֆիայում, Վառնայում և այլուր, իսկ իր հայրենիքում մի ինքնուսի ձեռքով պատրաստված արձանիկը այդպես հուզեց»- գրում է  Մուշեղ Գալշոյանը:           
            Եվ այն ժամանակ, երբ արգելվում էր անգամ խոսել ազգի հերոսների մասին, Հովհաննես Շիրազը իր տան պատին կախել էր Անդրանիկի նկարը:    
            Պատմում են, որ երբ 1963 թ. մահանում է Շիրազի մայրը , երկրի ղեկավարների մի մասը գալիս են գրողին ցավակցելու:   
Նախապես մարդ են ուղարկում Շիրազի մոտ, որ Անդրանիկի պատկերը հանի պատից: Բայց Շիրազը պատշգամբից  նախարարնների ուղղությամբ բղավում է . «Անդրանիկի նկարն ամբողջ ձեր կազմն արժե»: 
            Հերոսի հանդեպ իր սերը գրողը չէր կարող չարտահայտել բանաստեղծություններում: Անդրանիկին է նվիրված Շիրազի «Սպիտակ ձիավորը…Փարիզում» բանաստեղծությունը, ուր գեղարվեստորեն ներկայացվում է հերոսի գործը, կյանքը,մտածումները , խոհերը.

Երազիս մեջ Փարիզ մտա,           
Ում կուզեի՝ իսկույն գտա,—        
Քշում էր հին           
Մարմարե ձին,       
Խռոված էր, բայց թե՝ ումից…      
Ի՞նչ իմանաս՝ քար ցասումի՞ց:   
Բայց նա ոչ թե արձանացել,        
Այլ հայ վշտից էր քարացել,         
Հազիվ փրկել եղեռնից մութ,
Հազիվ մի կես հայ ժողովուրդ,
Հազար հողից մեկս փրկել՝
Այժմ օտար հող է ընկել.   
Քարացել էր հայ եղեռնից,           
Եվ հուշերի աչք ու դռնից
Չի հեռանում վերքն հավիտյան,
Արյան ծովը ողջ հայության,-      
Էլ հողն ինչպես թեթև լինի          
Կրծքի վրա հայ դյուցազնի,         
Պեր- Լաշեզում՝      
Իր Կարսն ուզում՝  
Արյունաքամ՝          
Աճյունն անգամ      
Մռնչում է թե՝ դեռ կամ…

            1967 թվականին Ուջանում հերոսի արձանի բացումից մեկ շաբաթ  հետո սեղանին  դրված «Հուշամատյանում» Շիրազը հանպատրաստից  գրում է «Անդրանիկի արձանի մոտ»  բանաստեղծությունը:       
            Բանաստեղծությունը 2019 թ. տպագրվել է Սամվել Մուրադյանի կազմած «Անտիպ էջեր» գրքում:         
            Ինչպես նշում է գրականագետը .«Բանաստեղծությունը հանպատրաստից հոտնկայս (հրաժարվեց աթոռից՝ասելով՝ Անդրանիկի մասին ՝ միայն ոտքի) գրվեց բացումից մեկ շաբաթ հետո արձանի մերձակայքում եղած սեղանին դրված «Հուշամատյանում»: Արտագրված է համայնքապետարանում պահվող այդ «Հուշամատյանում» առկա բնագրից» ( Սամվել Մուրադյան,«Անտիպ էջեր»,Երևան, 2019, էջ՝90):

(Բանաստեղծությունն ամբողջությամբ)

Արձանացար , բայց դարն է լուռ, Անդրանի՛կ,
Որպես պատից կախված մերկ թուր, Անդրանիկ,
Էլ գուսանը սարերն ինչպե՞ս տուն բերի,
Երբ որ չկա հույսի մի դուռ, Անդրանի՛կ:

Հայոց վշտի գլխով դարը լուռ անցավ,
Արձանդ հազիվ ժայռը պատռեց, խոյացավ,
Ների՛ր, սակայն, որ այսքան շատ ուշացավ,-
Նոր ենք զարթնում, հողն է մի բուռ Անդրանիկ:

Նառն ազատվել, քարավանն է դեռ գերի,        
Արարատը, Ղարսն ու Վանն են դեռ գերի,
Քո ազատած Նախիջևանն է դեռ գերի,
Դու անմեղ ես, աշխարհն է մուր ,Անդրանիկ:

Ով մեկ, մենք յոթ ցավ կրակի մեջ ենք դեռ,     
Հայոց վշտի անհատակի մեջ ենք դեռ,  
Փարվան դառած` հույս-ճրագի մեջ ենք դեռ,  
Ո՞ւր է հույսի արև հույսը, Անդրանի՛կ:

Կոթողներդ զինանշան զարթոնքի,       
Առանց զոհի երկիր չեն տա ոչ ոքի.
Դեռ թնջուկ է Հայոց հարցը, ի՛մ  հոգի,
Ա՜խ, շա՞տ պիտի մնանք մի բուռ , Անդրանի՛կ:

Ցավս նրան՝ ով չի հային հավանում
Արձանացար քո անունի ավանում,
Խաչի տեղակ քո թուրն եմ ես դավանում
Չի անցնելու զարթոնքը զուր , Անդրանի՛կ:

Անմեղներին գթության քույր եղար միշտ,
Եղեռնողին դժոխքի հուր եղար միշտ,
Շան օրն ընկան օձ ու վիշապ ամբարիշտ,       
Քո անունն էլ դեռ սրբած թուր, Անդրանի՛կ:

Այլոց հողը գերեզման է ոսոխին,
Մե՛րը կուզենք , մատաղ Վանա մեր հողին,
Մեծ Հայաստանն ինչպե՞ս թողնենք ոսոխին,
Երբ նեղվում ենք, նորն է մի բուռ , Անդրանիկ:

 Իմ երազը Ղարսը, Վանը, Տիգրիսն է,
Թրիդ միակ թանգարանը իմ սիրտն է,
Հայոց վերջին հանգրվանը Մասիսն է,
Սրբավայր է արձանդ լուռ, Անդրանիկ:

1967, հունիսի 11

                                     Լիլիթ Լալայան