ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ պայքարի առաջամարտիկը Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունն է

138

Օրերս, ավելի ճշգրիտՙ հուլիսի 2-ին, ամերիկյան ամենահայտնի թերթերից The Wall Street Journal օրաթերթը ծավալուն հոդված է հրապարակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործին լծված գիտահետազոտական ամերիկյան հիմնարկների աշխատանքի մասին: Ամերիկյան մի շարք ինստիտուտներ, ինչպես այլ երկրներում, շոգեպինդ աշխատանքի են լծվել պատվաստանյութը գտնելու ուղղությամբ: Դրանց մեջ, հեղինակավոր թերթի պնդմամբ, առաջատարը, որը կանգնած է ամենամոտիկը այդ հայտնագործությանը, մեր հայրենակից Նուբար Աֆեյանի գլխավորած Moderna կենսաքիմիական ընկերությունն է: Ըստ թերթի, ամերիկյան կառավարությունը հենց այդ ընկերությանն է հատկացրել ամենաշատՙ 400 միլիոն դոլարի օգնությունը: Հենց դա էլ պատճառ է հանդիսացել, որ ամերիկյան սակարաններում միլիոնավոր դոլարներով գնվեն Moderna-ի հետզհետե թանկացող բաժնետոմսերը: