Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Մնացականյանի և Մամեդյարովի հետ

115

Հուլիսի 13-ին տեղի  է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զրուցակիցները քննարկել են  հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ ՏԱՍՍ-ը հաղորդում է․ «Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրացումը։ Սերգեյ Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկները»,- ասվում է հաղորդագրությունում։

 Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի Բաքվի և Երևանի հետ շփումներում միջնորդական առաքելությունը՝ ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Նշվում է նաև, որ «ռուսական կողմը նաև ընդգծել է այն հանգամանքի կարևորությունը, որ Մինսկի խմբի բոլոր անդամները ստեղծված իրադրության գրահատականներում պատասխանատու մոտեցում ցուցաբերեն և խուսափեն հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ սադրել»։