Ռուս-թալիբյան սկանդալի մասին Եղե՞լ է արդյոք մատնիչ

180

Շարունակվում է The New York Times-ի հրապարակման հետ կապված սկանդալը, որի համաձայն Աֆղանստանում ռուսական հետախուզության ստորաբաժանումներից մեկը իբր ֆինանսավորել է թալիբ գրոհայինների հարձակումները ամերիկացի զինծառայողների վրա: Այն տեղեկատվությունը, որը սկզբում ընկալվում էր որպես ապատեղեկատվություն եւ կեղծ լրատվություն, սկսեց առաջ մղվել առավել լայնորեն ու խորապես:

Աֆղանական անանուն աղբյուրների հիման վրա ԿՀՎ-ն նախապատրաստում է հաշվետվություն, որի համաձայն ռուսներն Աֆղանստանում իբր ֆինանսավորել են թալիբների կողմից ամերիկացի զինծառայողների սպանությունները: Ինչպես ընդունված է ԱՄՆ-ում, տեղեկությունը անմշակ տեսքով հայտնվում է նախագահին ներկայացվող հետախուզական ամենօրյա հաշվետվություններից մեկի մեջ: Ըստ որում, ԿՀՎ-ում սկսվում է հատուկ փակ քննություն: Թրամփն այն ժամանակ բնավ չարձագանքեց, բայց դրանից հետոՙ հունիսի վերջերին, մամուլում տեղի ունեցավ  գաղտնի տեղեկությունների արտահոսք, ինչը հարուցեց ԿՀՎ տնօրեն Ջինա Հասփելի զայրույթը: Նա հայտարարությամբ դատապարտեց ազգային անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեցող գաղտնի տեղեկությունների հրապարակումը այն ժամանակ, երբ քննությունը դեռ չի ավարտվել:

Բայց հետո The New York Times-ը հրապարակեց հոդված, ըստ որի, հատուկ ծառայությունները Աֆղանստանում իբր գտել են ոմն միջնորդ Ռահմատուլահ Ազիզիին, որը «բաժանել է վճարումներ» եւ ներկայումս ապրում է Ռուսաստանում, այնպես որ անհնար է որեւէ մեկից պատասխան պահանջել: Ավելին, պնդում էր արվում, թե Ռուսաստանը երկար տարիներ Աֆղանստանում գործողություններ է իրականացնում ԱՄՆ-ի առաքելությունը ձախողելու եւ թալիբներին օգնելու նպատակով:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ հատուկ ծառայություններից պահանջեց պարզաբանել, թե ինչպես են տեղեկություններ ստացել սկանդալային երեւույթի վերաբերյալ: Թրամփը հերքեց տարածվող պնդումներըՙ հայտարարելով, որ այսպես կոչված «գաղտնի աղբյուրը» գուցե առհասարակ գոյություն չի ունեցել, ինչպես որ ամբողջ այդ պատմությունը: Բայց նրան շարունակում են մեղադրել այն բանում, թե չի կարդում կամ անտեսում է գաղտնի ծառայությունների զեկույցները:

Մոսկվան դիմեց դիրքերի «բացահայտմանը», որը Աֆղանստանի մասնագետներին ավելի վաղ արդեն հայտնի էր, բայց ոչ այդքան մանրամասն: Ռուսաստանի փոխարտգործնախարար Իգոր Մարգուլովը ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալին տված հարցազրույցում հայտարարել է, որ թալիբներին օգնելու վերաբերյալ «արտանետման» հեղինակները կարող էին հույս ունենալ, որ այդպիսով կխախտվի Աֆղանստանի հարցում Մոսկվայի եւ Վաշինգտոնի արդյունավետ համագործակցությունը:

Հարց է ծագում. «դա ո՞ւմ է պետք եւ ինչո՞ւ է արվում: Եվ ինչո՞ւ հենց այս պահին են «արտանետվում նման կեղծագրեր»: Գուցե խնդիրն այն է, որ Վաշինգտոնում հակառուսական դիրք բռնած վերնախավի մի մասը երեւի դժգոհ է Աֆղանստանի հարցում Պետդեպարտամենտի եւ մեր գործընկերների հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունից», ասել է Մարգուլովը: Ինչն էլ հարկավոր էր գործողության հեղինակներին. հող է ստեղծվել այն թեզիսի համար, թե Աֆղանստանում Թրամփին տարբեր ձեւաչաձերով եւ տարբեր մակարդակներով առաջնորդում է Պուտինը եւ դա անում է, որպեսզի նրան օգնի դուրս բերելու ամերիկյան զորքերն Աֆղանստանից:

Ըստ այդմ, նման ջանքերը ԱՄՆ-ում բախվում են նրանց հակազդեցությանը, ովքեր շահագրգռված չեն դրանցով: Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքովՙ որոշակի ուժեր փորձում են Թրամփին խանգարել կազմակերպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը ԱՄՆՙ G7-ի գագաթաժողովին մասնակցելու համար:

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ