Արտակարգ ստորության մղումով

303

Եթե Արցախյան ազատամարտի տարիներին արյունաքամ լինող հայորդիներին որևէ մեկն ասեր, որ ապագայի անկախ Հայաստանում մի օր Հայաստանի պատմության ուսուցումը դառնալու է ոչ պարտադիր, նրանց բարկության պոռթքումն այդ միամիտին միանգամից անցյալ կդարձներ: «Այդ դեպքում ինչի՞ համար է մեր պայքարը»:

Այսօր, անկախ Հայաստանում, ցավոք, հայ ժողովրդի պատմությունը պարտադիր չէ: Պարտադիր չէ, որովհետև որոշ անհայրենիք տարրեր, որոնք պահի բերումով իշխանություն են ձեռք գցել, այդպես են ուզում, ավելի ճիշտ` այդպես են ուզում նրանց տերերը: Ազգին ու երկրին որևէ ծառայություն չմատուցած` հայրենիքի զգացում չունեցող խմբակը ոչնչնացնում է Հոգևոր Հայաստանը, որ մեր հարատևության միակ, անփոխարինելի կռվանն է:

Իհարկե, միայն դասաժամով հայրենասիրության հարց չի լուծվում, բայց վերաբերմունքի խնդիր կա, որ նվաստացման աստիճանի վիրավորում է նրանց արժանապատվությունը, որոնք քար են դրել այս պետության ընդհանուր պատին:

Բայց, բոլոր դեպքերում, ամենատխուր վիճակում այսօր ոչ թե պատմությունը ոչ պարտադիր դարձնողներն են, այլ այդ իրողության հետ հարմարվող, իշխանամետ մտավորականները: Չնայած` մտավորականն իշխանամետ չի լինում, ինչպես, որ շ պոռնիկը կույս չի լինում: Եվ հիմա արդեն իսկակական ժամանակն է, որ այդ մարդիկ կողմնորոշվեն` իրենք մտավորականնե՞ր են, թե՞ մեկանգամյա օգտագործման գիտության թեկնածուներ, դոկտորներ ու պրոֆեսորներ: Եթե մտավորականներ են, թող համարձակություն ունենան ճշմարտությունը մի փոր հացից վեր դասելու: Հանե‘ք ձեր գլուխներն ավազի միջից, գրողը տանի, մա՞րդ եք, թե՞ ջայլամ:

Մի դեպք հիշենք.

1992թ. գարնանը, Մարաղայի ցեղասպանության ժամանակ, ազերի հրոսակները գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհի Ալվինա Բաղդասարյանին, դաժանորեն տանջում, նվաստացնում և ստիպում, որ արտասհանի հետևյալ նախադասությունը` « Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:

Ալվինա Բաղդասարյանին կապել են աթոռին` ատամներն աքցանով քաշել և ողջ-ողջ այրել:

Ուսուցչուհին մինչև վերջին շունչը չի կատարել թշնամու պահանջը, չնայած այն բանին, որ նախադասությունն արտասանելու դեպքում նրան կյանք էին խոստացել:

Հասկանում եք, չէ՞, իրավիճակի լրջությունը, միայնակ կինը չի վախեցել հարյուրավոր ադրբեջանցիներից և չի ուրացել իր սրբությունը:Այսօր Ալվինա Բաղդասարյանի կիսանդրին գտնվում է Նոր Մարաղայի դպրոցի բակում:

Մտավորականը նա է և նրա նմանները, որոնք գերադասում են մեռնել, բայց չուրանալ հայրենիքը:

Իսկ հիմա թող ակադեմիայում ու համալսարաններում վախից հավի պես ծվարած, ձկան պես համր «մտավորականներն» իրենք իրենց հարցնեն` ամոթ չէ՞, որ բանասիրական գիտությունների դոկտորներ ու պրոֆեսորներ են, բայց վախենում են էթնիկ դասալիքին ասել` տղա‘ ջան, հայագիտությունը քեզ համար փորձադաշտ չէ, հեռու‘ խաղա:

Ինչպես ասում էր ռուս մեծ քննադատ Նիկոլայ Չերնիշևսկին` հայրենիքին դավաճանելու համար հարկավոր է հոգու արտակարգ ստորություն:

Միայն հոգու ստորության արտակարգ մղմամբ կարելի է արժանապատվությունը փոխել մի կտոր հացի հետ:

Կենդանիներն էլ են այդպես:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ