21 օր հետո ԱԺ նախագահը կօգտվի իրավական հնարավորություններից

85

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձել է Սահմանադրական Դատարանի մասին օրենքի փոփոխությունների՝ ՀՀ նախագահի չստորագրելու իրողությանը։ Նա ասել է, որ այդ թեմայով Արմեն Սարգսյանի հետ ինքը դեռ չի խոսել, նաև հավելել է, որ դեռ չգիտե՝  կդիմի՞ ՍԴ, թե ոչ։ Իսկ դրա համար, ինչպես հայտնի է, Արարատ Միրզոյանն ընդամենը 21 օր ունի։

«Օրենքը կստորագրեմ մեծ հաճույքով, երբ որ օրենսդրորեն ԱԺ նախագահի համար կբացվի ստորագրելու հնարավորություն: Ես հետևել եմ քննարկումներին: Մի մասն ասում է, որ այն պահից, երբ ՀՀ նախագահը նամակով ինձ տեղեկացրել է, որ չի ստորագրելու օրենքը, ես այդ պահից սկսած կարող եմ ստորագրել: Մյուս մասը, իմ կարծիքով իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը, ընդ որում քաղաքական ամենատարբեր ճամբարներից, կարծում են, որ անկախ այդ գրությունից՝  նախագահն ունի իրեն տրված 21 օրը, նա կարող է  փոշմանել, կարող է վիճարկել Սահմանադրական Դատարանում։ 21 օրը պետք է լրանա, որից հետո նախագահի չստորագրելու և ՍԴ չդիմելու դեպքում  ԱԺ նախագահի համար առաջանում է իրավական հնարավորություն՝ ստորագրելու կամ չստորագրելու օրենքի նախագիծը»,-տեղեկացրել է  ԱԺ նախագահը: