Թանզիմաթ Հայաստանի դպրոցների և բուհերի

488

Այս օրերին շատ է քննարկվում ԿԳՄՍ նախարարության նոր նախագիծը, որը միտում ունի դպրոցներից դուրս բերել Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը, նվազեցնել հայոց լեզվի դասաժամերը (նաև բուհերում) և Նախնական զինվորական պատրաստություն առարկան դարձնել երեքշաբաթյա ճամբարային ուսումնական վարժանքներ:

Բոլորի մոտ միանգամից հարց է առաջնում` ինչու հենց այս առարկաները: Իսկ բնագիտական առարկաները՞, որտե՞ղ է թաղված շան գլուխը:

Այս հարցը տրամաբանական է, և պատասխանը կարելի է գտնել միայն այն դեպքում, եթե ճանաչում ես այդ «ռեֆորմի» նախագծի հեղինակներին: Այստեղ հակահայկական քաղաքականություն կա, որն ուղղորդվում է դրսից, և նրանք, ովքեր այսօր մեր պարանոցին են փաթաթում իրենց «նորաձև» կրթական մեթոդները, մեկանգամյան գործիքներ են` սեփական հայրենիքը խայթող օձեր ու կարիճներ:

Հայ մարդուց վերցրեք կրոնը, լեզուն, ազգային արժեքները, սովորույթները, տեսեք` տակն ինչ է մնում: Այդքանի բացակայության դեպքում արդեն դժվար կլինի հասկանալ` մարդը հա՞յ է, վրացի՞, թե՞ ռուս: Այսինքն` նպատակ կա մեր պետությանը հարվածել ամենազգայուն կողմից, որովհետև, եթե այդ հարվածն արդյունավետ լինի, մենք արագորեն ազգից կվերածվենք ժողովուրդի: Իսկ ժողովուրդը հայրենիք չունի: Ժողովուրդն ամեն տեղ է ժողովուրդ` Հայաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Ճապոնիայում: Ժողովուրդը հողի՚  հայրենիքի զգացում չունի, գույն չունի: Արցախյան ազատամարտի տարիներին ազգը հաղթել է ժողովրդին, Ապրիլյան պատերազմի ժամանակ` նմանապես: Ազերին միշտ պարտվել է (բացառությամբ այն դեպքերի, երբ մեր մեջ ժողովուրդը չի խոսել) և պարտվելու է, որովհետև ժողովուրդ է, և որևէ շանս չունի` ազգ դառնալու:

Դառնանք բուն թեմային: Նշված առարկաների դուրսբերումը միտված է մեզ ազգը ժողովուրդ դարձնելուն: Եկեղեցու պատմությունը դպրոցում կարևոր պաշտպանիչ վահան է` աշակերտին այլասերությունից հնարավորինս զերծ պահելու համար:

Այս առարկան դեռևս 2010-ականն թվականներից գտնվում էր Բաց հասարակություններ հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Այդ հիմնադրամը մեծ գումարներ է ծախսել` առարկան, և առհասարակ եկեղեցին, վարկաբեկելու և դպրոցից դուրս բերելու նպատակով: Դա նրանց համար կարևոր էր այնքանով, որովհետև նաև հենց դա էր խանգարող հանգամանք հանդիսանում` դպրոցականների շրջանում այլասերություն քարոզելու համար: Հեռու չգնանք, մոտ ապագայում Ստամբուլյան և Լանզարոտի կոնվենցիաների միջոցով նույն Բաց հասարակություններ հիմնադրամի արբանյակները պատրաստվում են  «սեռական դաստիարակություն» քարոզել աշակերտների շրջանում: Եկեղեցու պատմություն առարկան, բնականաբար, ընկած քար էր այդ բարոյական ոճրագործության ճանապարհին, որը պետական ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով հեռացվեց: Չկա կրոն, հավատք, բարոյականության քարոզ, դռները բաց են` ամեն տեսակի աղբ դպրոց մտնելու համար:

Ես չեմ էլ հերքում, որ տարիներ շարունակ եկեղեցու պատմության դասավանդումն ամենաբարձր մակարդակի վրա չի եղել: Այո, ցավոք ամենաբարձր մակարդկաի վրա չի եղել, և դա մեր բացթողումն ու անդառնալի կորուստն է: Մասնագետներից շատերը պատշաճ պատրաստված չեն եղել և աշակերտին ներկայացել են ավելի շատ որպես եկեղեցու պատմության դասգիրք ընթերցողներ, քան` եկեղեցու պատմության խորագետ մարդիկ:

Նույն տրամաբանության մեջ է նաև հայոց լեզվի  դասաժամերի կրճատման հարցը: Դպրոցներում այսուհետ օտար լեզուներն ուսուցանվելու են ուսումնական տարվա ընդհանուր դասաժամերի 10-15 տոկոսի չափով, հայոց լեզուն և գրականությունը` 15-20 տոկոսի: Այսինքն` համարյա թե հավասարության նշան է դրվում մայրենի լեզվի և օտար լեզուների միջև, որը չի կարող հոգեբանորեն չազդել երեխայի վրա, և նրան չստիպել ավելի թույլ զգացումներ ունենալ սեփական լեզվի հանդեպ: Հետևանքը պարզ է. որևէ մեկը չի կարող հերքել այն փաստը, որ մանուկ հասակում մարդու վրա ամենամեծ ներգոծությունն ունենում է հենց մայրենի լեզուն` բոլոր դրսևորումներով: Ավելորդ չի լինի մեջբերել Գարեգին Նժդեհի հայտնի խոսքը` «Լեզվի մահն արագացնում է ազգերի հոգևոր մահը»: Հենց այդպես, մեզ քայլ առ քայլ տանում են հոգևոր մահվան դուռը:

Ռազմագիտություն առարկան վերոբերյալ հայակործան քաղաքականության երրորդ` եզրափակիչ կետն է: Պատերազմող երկրում, որի չորս հարևաններից երկուսը բառի ամենաուղիղ իմաստով հանդիսանում են կենսաբանական թշնամիներ, չի կարելի ռազմական պատրաստության մի քանի տարի տևողություն ունեցող դասընթացը փոխարինել ինչ-որ ճամբարային անհասկանալի հավաքներով: Մանավանդ, որ դեռ պարզ չէ` ինչպես է լինելու դրա ընթացակարգը: Ամենայն վստահությամբ պնդում եմ, որ նման կրթական քաղաքականության հետևանքով գալու է մի ժամանակ, երբ բանակ զորակոչվող երիտասարդը ռազմական գործի մասին ունենալու է զրո աստիճանի գիտելիք, նա կտրված է լինելու հայ ռազմարվեստի պատմության փառավոր էջերը մանրակրկտորեն ուսումնասիրելու հնարավորությունից, որը նույնպես հագեցնում է մարդու ազգային գաղափարախոսությունը:

Ռազմագիտություն առարկայի ամենակարևոր առաքելությունը, այնուամենայնիվ, երեխայի մոտ վաղ տարիքում թշնամու գոյության ընկալումն ու էթնիկ ինքնապաշտպանության զգացման ձևավորումն է: Այդ իսկ պատճառով ռազմագիտություն առարկան պետք է ոչ թե հանել դպրոցներից, այլ ավելի շատացնել ժամաքանակը: Ինձ ամենևին չեն հետաքրքրում հանդուրժողականության և խաղաղության այն կոչերը, որոնք արվում են այն ժամանակ, երբ թշնամին գնդակոծում է մեր գյուղերը` թիրախավորելով մեր օջախները: Քննարկման առարկա չէ նաև այն տեսակետը, որը պնդում է, թե երեխային մանուկ հասակում չի կարելի «ռազմականացնել»` պատմելով թնամիների և պատերազմների մասին: Ներողություն, բայց մեկ ագրեսիվ զինվորն ավելի լավ է, քան տասը խաղաղասեր դանդալոշները, որոնք ազգային հոտառությունից զուրկ կենդանիներ են:

Վերոբերյալ պնդումները հաստատում են նաև այն փաստը, որ ԿԳՄՍ նախարարության «նորաձև» կրթական բարեփոխումները տարօրինակորեն  շոշափում են միայն հայագիտական առարկաները, որոնք միտված են` բարձր պահելու մեր էթնիկ հոգեբանությունը:

Որևէ փոփոխություն չկա` կապված մաթեմատիկայի, ֆիզիկայի կամ քիմիայի հետ: Ո՞րն է պատճառը: Ինչու՞ են ինովացիոն տեխնոլոգիաների մեծ հաղթարշավի դարում անտեսվում այդ առարկաները: Պատասխանն, անշուշտ, պարզ է, իմաստ չկա, լավը տանեն, երկիրը կզարգանա, վատի փոխելու կարիք էլ չկա, սրանից վատ էլ չի լինում:

Ուրեմն, կարող ենք եզրակացնել, որ ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականության գոնե այս փուլը հստակ միտում ունի` թուլացնելու աճող սերնդի ազգային զգոնությունը, խաթարելու հոգեբանությունն ու նրանց լծելու համաշխարհային գլոբալիզմի կառքին, որպես խաղաղասեր և հանդուրժող մանկուրտներ:

Ախր անապատի ուղտն ի՞նչ է հասկանում հայոց լեռների սառնորակ ջրերից:

Գևորգ Գյուլումյան