Ազգային ժողովը 14 միլիոն դրամի կոնյակներ է գնել. ցանկում 82,5 հազար դրամանոց կոնյակ կա

94

Ինչպես հաղորդում է Լուրեր․com-ը, պարզվում է՝ Հայաստանի Ազգային ժողովում թանկարժեք կոնյակների սիրահար են: ԼՈՒՐԵՐ.com-ը Գնումների համակարգից տեղեկացավ, որ խորհրդարանը նախորդ տարի 14,5 մլն դրամի տարբեր արժեքների կոնյակներ է գնել: Ընդ որում՝ ուշագրավ է, որ կոնյակների ամենախոշոր խմբաքանակը՝ 13,4 մլն դրամի, Ազգային ժողովի աշխատակազմը գնել է 2019 թվականի դեկտեմբերին՝ տոներից ընդամենը մի քանի օր առաջ: Ազգային ժողովը հետհեղափոխական իշխանության օրոք միայն պայմանագրերից մեկով գնել է 1030 շիշ կոնյակ: Ձեռք բերված կոնյակները բավականին թանկարժեք են եւ մինչեւ անգամ 30 տարվա հնեցման են: Ցանկից տեղեկանում ենք, որ կոնյակներից ամենաթանկարժեքը 82,5 հազար դրամ է եւ երեսուն տարվա հնեցման: Այս տեսակից ԱԺ-ն ձեռք է բերել չորս հատ: Ստացվում է, որ խորհրդարանը նվազագույն աշխատավարձի 1,5-ի չափով վճարել է միայն մեկ շիշ կոնյակի համար: Հաջորդ ամենաթանկ կոնյակը 50 հազար դրամ է, որից ձեռք է բերվել 15 շիշ: Ընդհանուր վճարվել է 750 հազար դրամ: Եւս 15 շիշ կոնյակ էլ գնվել է՝ յուրաքանչյուրը 39 հազար դրամով: Ազգային ժողովի կոնյակների ցուցակում կան նաեւ 16 հազար, 13, հազար, 11 հազար դրամների եւ այլ արժեքների կոնյակներ: Դրանից գնվել է համեմատաբար շատ՝ յուրաքանչյուրից միջինում 150 շիշ: 2019 թվականին մեկ այլ պայմանագրով էլ 1,1 միլիոն դրամի կոնյակներ են գնվել: Անցած տարում կոնյակների համար միլիոններ չի խնայել նաեւ Պետական եկամուտների կոմիտեն: Գնումների կայքի փոխանցմամբ՝ նախորդ տարի ՊԵԿ-ը կոնյակների համար վճարել է ընդհանուր 5,4 մլն դրամ: Նախորդ տարի մեկ միլիոն դրամի կոնյակներ է գնել նաեւ Ոստիկանությունը: Ոստիկանության օրվա ֆուրշետի համար կառույցը ձեռք է բերել 32 հատ կոնյակ՝ 36 հազար, 27 հազար եւ 18 հազար դրամներով: