«Ադրբեջանցիները մեզ ձեռք են առնում, ինչ փաստաթուղթ ասես չեն լցնում ցանց Հայաստանից. տոննաներով անձնագրեր, բանակային փաստաթղթեր»․ Սամվել Մարտիրոսյան

103

 «Ադրբեջանցիները հայերի անձնագրերի մեծ քանակի լուսանկարներ են հրապարակել, որը ենթադրվում է, որ վարկային կազմակերպության են ուղարկել»,-այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է  մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ադրբեջանական մի հաքերային էջ, որը վաղուց է մեզ ծանոթ, վերջին մեկ ամսում ակտիվացել է։ Կորոնավիրուսային հիվանդների տվյալներ էին հրապարակել: Այդ թիմը հիմա անձնագրերի մեծ քանակի լուսանկարներ է հրապարակել, որը, ենթադրում եմ, ինչ-որ վարկային կազմակերպության են ուղարկել: Հետո սկսեցին բանակից փաստաթղթեր  նկարել ուղարկել, որտեղ երեւում  է, որ ձեռքով պահած նկարած է»,– ասել է  Սամվել Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետը նշել է, որ ամենայն հավանականությամբ, բոլոր արտահոսքները անձնական էլեկտրոնային հասցեներից է ուղարկված. «Այսինքն մարդիկ ուղղակի պատշաճ ձեւով  ինֆորմացիան չեն պահում, մեկը մյուսին են ուղարկում: Սա նշանակում է որ ինֆորմացիայի անկազմակերպ փոխանակում է լինում»։

Հարցին՝ ի՞նչ պետք է անեն հայերը, որպեսզի նման արտահոսքեր չլինեն, Մարտիրոսյանն ասել է, որ պետք է  հստակ կանոնակարգ լինի, թե ինչպես է պետք ինֆորմացիա տարածել.

«Շատ հստակ  ու լուրջ պատիժներ  պետք է լինեն, քանի որ մարդկանց սրանով լուրջ վնասներ են պատճառվում: Կանոնակարգից հետո էլ պետք է  կրթել  մարդկանց, որոնք տեղեկատվության կրող են: Այսինքն՝ եթե համակարգված սա չարվի, այս արտահոսքերն անընդհատ լինելու են։ Այս հարցն ունի կանոնակարգված ընդհանուր լուծում: Ինֆորմացիայի տարբերությունը խոսում է այն մասին, որ  ում, ինչ, երբ, ինչպես  հարմար է  հասցնում ուղարկում են»:

Մարտիրոսյանը շեշտել է, որ արտահոսքերի նման վիճակը եղել է տարիներով. «Խնդիրն այն է, որ նրանք էլ են ակտիվացել: Եթե առաջ ուղղակի կոտրում էին էլեկտրոնային հասցեները, ցանկը տեղադրում էին համացանցում՝ թիթիզանալու համար, հիմա սկսել են այդ տեղեկությունները կարդալ, ուրախացել են, թե ինչ գանձեր կան մարդկանց  մեյլերում»։